HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության համար սովորական գործելաոճ է դարձել ԶԼՄ-ների աշխատակիցներին թիրախավորելը. հայտարարություն

Լրագրողական մւ շարք կազմակերպություններ դատապարտող հայտարարություն են տարածել Տավուշի մարզում բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանների կողմից «Առավոտ» օրաթերթի աշխատակցի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։

Ապրիլի 23-ին ՀՀ Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացն անընդունելի համարող և Բագրատաշեն-Այրում ճանապարհին բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիների ու ոստիկանների միջև ընդհարումների ժամանակ խոչընդոտվել է «Առավոտ» օրաթերթի աշխատակից Գարիկ Մելքոնյանի օրինական մասնագիտական գործունեությունը։ Մասնավորապես՝ իրավապահները, նկատելով, որ իրենց գործողությունները նկարահանվում են, մոտեցել են լրատվամիջոցի ներկայացուցչին, նրանցից մեկը հարվածել ու Գարիկ Մելքոնյանի ձեռքից գցել է հեռախոսը և կոտրել այն: Այդ ամենը երևում է լրատվամիջոցի տարածած տեսանյութում:

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ ցուցարարների դեմ ուժ կիրառելիս ոստիկանության համար սովորական գործելաոճ է դարձել տեղում մասնագիտական պարտականություններ կատարող ԶԼՄ-ների աշխատակիցներին թիրախավորելը, նրանց վրա հարձակվելն ու բռնություն գործադրելը։ Ընդ որում, այդ ապօրինի գործողությունները, որպես կանոն, անպատիժ են մնում։

Խստորեն դատապարտելով ոստիկանության այսօրինակ գործողությունները՝ պահանջում ենք․

  • Ներքին գործերի նախարարությունից՝ անհապաղ ծառայողական քննություն իրականացնել և բացահայտել իրենց լիազորությունները չարաշահած ոստիկաններին, պատասխանատվության ենթարկել նրանց, ինչպես նաև բացառել ԶԼՄ-ների ներկայացուցիչների օրինական գործունեության խոչընդոտումները։ Բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը, և իրավապահների քայլերի հնարավոր ազդեցությունը լրագրողների աշխատանքի, նրանց անաչառության և մարդկանց տեղեկացված լինելու  իրավունքի վրա,
  • ՀՀ կառավարությունից՝ քննարկում նախաձեռնել զանգվածային ակցիաների ժամանակ ուժային կառույցների գործողությունների համաչափության խնդիրների, այդ թվում՝ լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ, և անհրաժեշտ որոշումներ կայացնել իրավիճակը բարելավելու ուղղությամբ։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Լուսանկարում՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհին տեղի ունեցած բողոքի ակցիան, ապրիլի 22/Հետք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter