HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Այսօր 17 անձ է ձերբակալվել Հանրապետության տարբեր հատվածներում իրականացված բողոքի ցույցերի ժամանակ

17 անձ է ձերբակալվել և տեղափոխվել Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ այսօր՝ ապրիլի 26-ին, Հանրապետության տարբեր հատվածներում իրականացված բողոքի ցույցերի ժամանակ։ Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի (Ոստիկանի օրինական պահանջ չկատարելը) կասկածանքով։ Այս մասին «Հետքին» հայտնեցին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօրվա ձերբակալվածների թվում է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նրան բերման են ենթարկել Երևան-Հրազդան մայրուղուց, որը փակել էին քաղաքացիները։ Կոնկրետ Հրազդանի ոստիկանության բաժանմունք է տեղափոխվել 3 անձ։

Նշենք, որ Հանրապետության տարբեր հատվածներում քաղաքացիները շարունակում են բողոքի ցույցեր իրականացնել, մասնավորապես, Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում, մայրուղին շարունակում է փակ մնալ նաև Կիրանցի հատվածում։ Այսօր բողոքի ակցիա է իրականացվել նաև Երևանի մի շարք փողոցներում, Երևան-Էջմիածին, Երևան-Հրազդան մայրուղիներում։

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ նույն օրը կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Ըստ այդ հաղորդագրության՝ սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Այս հայտարարությունից հետո Տավուշի մարզում և հետո նաև Հանրապետության տարբեր հատվածներում սկսվեցին բողոքի ցույցեր։ Քաղաքացիների մտահոգությունն այն է, որ այդ տարածքների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո սահմանն անցնելու է Կիրանց գյուղի և հիմնական ճանապարհի հարևանությամբ:

Լուսանկարը՝ էկրանակադր Երևան-Հրազդան մայրուղու բողոքի ակցիայից, 168․am-ի տեսանյութից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter