HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նոտարի 8 թափուր տեղի համար 70 թեկնածու այսօր մասնակցեց որակավորման ստուգման առաջին փուլին

Հինգ մարզում և Երևան քաղաքում նոտարի թափուր պաշտոնները լրացնելու նպատակով այսօր Արդարադատության նախարարությունն անցկացրեց թեկնածուների որակավորման ստուգման առաջին՝ գործնական խնդիրների լուծման փուլը: Նոտարի թափուր պաշտոններ կան Վանաձորում, Ստեփանավանում, Դիլիջանում, Արտաշատում, Ախուրյանում, Սիսիանում, Կապանում և Երևան քաղաքում: 8 տեղի համար հայտ է ներկայացրել 75 հոգի, սակայն այսօր ներկա էին 70-ը:

Գործնական խնդիրների լուծման փուլն անցկացվեց Փաստաբանական ակադեմիայի համակարգչային լսարաններում, քանի որ Արդարադատության նախարարությունը նման լսարաններ և այդ քանակի համակարգիչներ չունի:

Հիշեցնենք, որ Կառավարությունը 2023թ. նոյեմբերին գրեթե ամբողջությամբ փոփոխել է «Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգը»: Այդ նորացված կարգով առաջին անգամ 2024թ. հունվարի 26-ին տեղի ունեցավ որակավորման ստուգման երկրորդ՝ հարցազրույցի փուլը: 

Գրել էինք, որ այդ ժամանակ գործնական խնդիրների լուծման փուլն իրականացվել էր ձեռագիր տարբերակով, ինչի դեպքում հնարավոր չէր ապահովել թեկնածուների գաղտնիությունը՝ աշխատանքները ստուգելու ժամանակ: Նախարարությունը պնդում էր, թե ապահովել են գաղտնիությունը, մինչդեռ ակնհայտ է, որ ձեռագրերով հնարավոր էր անձանց նույնականացնել:

Մեր հրապարակումից հետո նախարարությունը որոշել է գտնել այլ տարածք և որակավորման ստուգումն իրականացնել համակարգչային եղանակով՝ փորձելով չեզոքացնել հրապարակման մեջ բարձրացված ռիսկերը: 

Որակավորման ստուգումն իրականացնելու համար Արդարադատության նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովում, որը կազմված է 8 անդամից, ընդգրկվել են հավասար թվով Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ և նոտարներ՝ Նոտարական պալատից: 

Նախորդ որակավորման ստուգման ժամանակ հանձնաժողովի կազմում էր նաև Նոտարական պալատի նախագահը, որը բանավոր փուլի ժամանակ ակնհայտ կողմնակալ վերաբերմունք ուներ Նոտարական պալատի աշխատակից նոտարի թեկնածուի նկատմամբ և ամեն գնով, հուշումներով, բացահայտ աջակցությամբ բանավոր փուլում բարձր միավորներ շնորհեցին վերջինիս, և նա Գեղարքունիքի մարզում նշանակվեց նոտար:

Մեր նյութից հետո ամբողջությամբ փոխվել է նաև հանձնաժողովի՝ Նոտարական պալատի ներկայացուցիչների կազմը: 

Այս անգամ ոչ միայն Նոտարական պալատի նախագահը հանձնաժողովի կազմում չէր, այլև նրա հետ հանձնաժողովի կազմ ընդգրկված մյուս երեք նոտարները: 

Նոտարների որակավորման ստուգման հանձնաժողովի նախագահ, Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այս անգամ առաջադրանքները պարզեցրել են, որպեսզի մասնակիցները հատկացված 3,5 ժամի մեջ տեղավորվեն և կարողանան անցողիկ շեմը հաղթահարել:

Հունվարին անցկացված որակավորման ստուգման ժամանակ գործնական առաջադրանքների փուլին ներկայացած 62 թեկնածուներից անցողիկ շեմը հաղթահարել էր ընդամենը 3 թեկնածու:

Ինչ վերաբերում է մրցակցությանը, ապա ամենաբարձր մրցակցությունը Երևան քաղաքում է՝ նոտարի մեկ թափուր տեղի համար հայտ է ներկայացրել 37 իրավաբան, հաջորդը Արտաշատն է՝ 29, այնուհետև Դիլիջանը՝ 18: Ամենաքիչ դիմումներ ստացվել են Ստեփանավան և Կապան քաղաքների համար՝ համապատասխանաբար 3 և 5 դիմում:

Թե 70 թեկնածուներից քանիսը կհաղթահարի անցողիկ շեմը և կանցնի բանավոր փուլ՝ պարզ կլինի առաջիկայում, երբ ստուգվեն առաջադրանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter