HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ փոխվարչապետներն ընդունել են ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին

Կառավարությունում փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը: Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

«Հանդիպմանը ներկա էին նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տիգրան Բալայանը:

Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացի նշանակությունը երկրում առանցքային բարեփոխումների իրականացման տեսանկյունից:

Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար կայուն և արժանապատիվ կենսապայմաններ ապահովելու ուղղությամբ Կառավարության ջանքերին՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդգծել է այս ուղղությամբ ԵՄ-ի հետ համագործակցության շարունակականության կարևորությունը, այդ թվում՝ եվրոպական ֆինանսական ինստիտուտների գործիքակազմի շրջանակներում։ Փոխվարչապետ Խաչատրյանը բարձր է գնահատել նաև Հայաստանում խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման գործում Եվրոպական միության հետ համագործակցությունը՝ կարևորելով դրանց համակարգաստեղծ նշանակությունը:

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ ներդրումային ծրագրերի համակարգման հարթակի գործունեության կարևորությանը, որը նպաստել է Եվրոպական ներդրումային և տնտեսական պլանի ներքո մշակված ծրագրերի ակտիվ իրականացմանը և մշտադիտարկմանը:

Զրուցակիցները կարևորել են ԵՄ լավագույն փորձի ուսումնասիրությունն ու կիրառումը, ինչպես նաև առանձնակի շեշտել տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերում Հայաստանի մասնակցության անհրաժեշտությունը: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են նաև Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը և ընդգծել ապաշրջափակման դեպքում տարածաշրջանի կայուն զարգացման հեռանկարները:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումների, թվայնացման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ»,- նշվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter