HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Թշնամին ո՞վ է

Անահիտ Կիրակոսյանը հաճախ երազում տեսնում է որդուն` 19-ամյա զինվոր Անդրանիկին: «Ես միշտ տղայիս հարցնում եմ, թե ով է կրակել իր վրա: Բայց անընդհատ ինչ-որ բան է լինում, և նա չի պատասխանում: Կամ էլ այդ պահին արթնանում եմ»,- ասում է Անահիտը:

Նա փորձում է գոնե այդ կերպ պարզել ճշմարտությունը և ավելի շատ վստահում է երազներին, քան իրավապահ մարմիններին:

Պաշտոնական տվյալներով` ժամկետային զինծառայող Անդրանիկ Հայրապետյանը զոհվել է N զորամասի կողմից պահպանվող մարտական դիրքերից մեկում` թշնամու արձակած կրակոցից:

«Անդրանիկս ծառայում էր հրաձգային գումարտակում` որպես ավագ հրաձիգ` դիպուկահար: Անցյալ տարվա մայիսի 8-ին, երբ նա մոտ 1 տարվա ծառայող էր, զանգեցի գումարտակի հրամանատարին` Արթուր Պետրոսյանին և խնդրեցի, որ որդուս մի քանի օրով արձակուրդ ուղարկի: Խոստացավ հնարավորության դեպքում օգնել: Մի քանի օր հետո խոսեցի նաև տղայիս հետ. նա շատ տխուր էր»,- պատմում է Անահիտը:

Անդրանիկը, չգիտես ինչու, մորը խնդրել է Աստվածաշունչ կարդալ. «Չհասկացա, թե ինչու է նման բան ասում: Շատ անհանգիստ էի. վատ երազներ էի տեսնում: Անհամբեր սպասում էի, որ ուր որ է` արձակուրդ կգա: Բայց երեխայիս փոխարեն ուղարկեցին նրա դիակը»:

Հարազատներն Անդրանիկի մահվան մասին իմացել են ոչ թե զորամասի հրամանատարությունից, այլ «Հայլուրի» երեկոյան թողարկումից:

Քրեական գործի նյութերով` Անդրանիկ Հայրապետյանին թշնամու դիպուկահարը խոցել է 2008 թ. մայիսի 15-ին` ժամը 11:45-ի սահմաններում: Քննիչները կազմել են դեպքի վայրի սխեման. խրամատի վերջնամասում` բետոնե «կանալի» հարևանությամբ կառուցվող նոր դիտակետի մոտ:

Անդրանիկի հետ նույն դիրքում մարտական հերթապահության նշանակված 6 զինվորները նշել են, թե Անդրանիկը` զինվորական «շալվարով», անթև շապիկով` «տելնյաշկայով», և հողաթափերով, վերցրել է երկու բահ, մեկ շիշ ջուր և գնացել է հրամանատար Ա. Պետրոսյանի հանձնարարությունը կատարելու` նոր դիտակետը փորելու, որպեսզի «թողեն արձակուրդ գնա»:

Հրամանատար Արթուր Պետրոսյանը հերքել է զինվորների այս պնդումները` նշելով, որ ինքը նոր դիտակետի կառուցման կապակցությամբ Անդրանիկին առանձին հանձնարարություն չի տվել և վերջինիս դեմ ոչ մի պայման չի դրել` արձակուրդ տրամադրելու հարցով: Հետագայում զինվորները նույնպես կրկնել են հրամանատարի խոսքերը:

Ցուցմունքների համաձայն` կրակոցից հետո զինվորներն Անդրանիկին տեսել են 9-րդ խրամաբջիջի մոտ: Սա քննիչների կազմած «դեպքի վայրից» 12-13 մետր հեռավորության վրա է: Կրակոցի պահին դիրքում ժամապահել են ժամկետային զինծառայողներ Հովհաննես Ավետիսյանը և Վարուժան Սիմոնյանը:

Մեջբերում նախաքննական մարմնին Հովհաննեսի տված ցուցմունքից. «Վարուժանը գնացել էր Անդրանիկի համար ջուր բերելու: Դրանից 5-10 րոպե անց կրակոցի ձայն լսվեց, որին հաջորդեցին Անդրանիկի` ցավից գոռոցները: Անմիջապես վազեցի նրա ուղղությամբ և Անդրանիկին տեսա 9-րդ խրամաբջիջի մոտ` դեմքով գետնին ընկած… Հետո մոտեցավ Վարուժանը և ասաց, որ եթե հարցնեն, ասեմ, թե Անդրանիկին տեսել եմ խրամատի վերջնամասում` որտեղ աշխատել է, մեջքի վրա պառկած, դեմքով դեպի հակառակորդը: Վարուժանին չեմ հարցրել, թե ինչի համար է ուզում, որ այդպես ներկայացնեմ, այդ պատճառով սկզբից այդպես եմ ասել»:

Նախաքննությունը նույնպես Վարուժանին չի հարցրել, թե ինչու է վերջինս ջանացել, որպեսզի իբրև դեպքի վայր այլ տեղ մատնանշվի: Համենայնդեպս, քրեական գործում այս հարցի պատասխանը չկա:

Դատաբժիշկ Շավարշ Գևորգյանը հարցաքննության ժամանակ հայտնել է. « …Ամենայն հավանականությամբ, Անդրանիկ Հայրապետյանը չէր կարող հրազենային վնասվածք ստանալուց հետո որոշակի տարածություն անցնել, քանի որ հրազենային խողովակային վնասվածքով վնասվել է նրա լյարդը, երիկամը և մակերիկամը, որոնք համարվում են շոկագեն գոտիներ»:

Գնդակը Անդրանիկին խոցել է աջ երիկամի մոտից, դիպել կրծքավանդակի ոսկորներից մեկին և մտել սրտի մեջ: Անհասկանալի է, թե այս վիճակում ինչպես է վերջինս 12-13 մ տեղաշարժվել: Հարցն առկախ թողնելով` նախաքննական մարմինը հիմնավորված է համարել հրամանատար Պետրոսյանի և նրա խոսքերը կրկնող զինվորների այն պնդումները, թե Անդրանիկը «հակառակորդի կրակոցից սպանվել է կա՛մ դամբի վրա կանգնած լինելու», կա՛մ էլ դրանից այն կողմ` «զենք-զինամթերք գտնելու նպատակով առաջնային գիծ անցնելու պատճառով»:

«Որդուս կրակել են 7.62 մմ տրամաչափի «ԱԿՄ» տեսակի դիպուկահարի զենքով: Երբ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մոտ հանդիպման էինք, նույնիսկ նա ասաց, թե դա այնպիսի հզոր զենք է, որ 1-1,5 մետրից երկաթը ծակում է: Բա ինչպե՞ս եղավ, որ ուղիղ գծով 100 մ հեռավորությունից կրակված գնդակը մնաց տղայիս մարմնում»,- հարցնում է զինվորի հայրը` Թովմաս Հայրապետյանը:

Նա բացատրում է, որ տվյալ զենքի գնդակը, արձակվելուց հետո, իր առանցքի շուրջ պտտվում է` գնալով արագացնելով ընթացքը և ուժգնացնելով հարվածը. «Այսինքն` երեխային կրակել են շատ մոտիկից, հակառակ դեպքում այն ցանկացած ոսկոր կծակեր և մարմնից դուրս կգար»: Հայրն իր վարկածը հիմնավորում է նաև նրանով, որ Անդրանիկի երիկամի մոտ` գնդակի ծակած հետքի շուրջբոլորը, եղել է այրված (դա փաստվում է նաև դիահերձարանում արված լուսանկարներով – Ա. Դ.), ինչը, ըստ նրա, «միանշանակ խոսում է այն մասին, որ զենքը շատ մոտ են պահել մարմնին»:

Դեպքից մոտ 2 ամիս անց քննիչ Յուրի Դանիելյանի որոշմամբ զորամասից առգրավվել է Անդրանիկի զինվորական հագուստը: «Բայց դա տղայիս պահեստային հագուստն է: Իսկ դեպքի օրը կրած անդրավարտիքը, գոտին, գլխարկը, հողաթափերը չկան: Նույնիսկ բահերը, որոնցով նա իբր աշխատել է, ոչ մի տեղ չեն երևում»,- ասում է Թովմաս Հայրապետյանը:

Հայրը վստահ է, որ միջադեպից առաջ որդին եղել է կռվի մեջ, որի հետքերը մնացել են «անհետացած» հագուստի վրա: «Տեսել են` երեխային չեն կարողանում կոտրել, կրակել են. հնարավոր է` հենց իր զենքից»,- ասում է նա:

Դիրքում 7.62 մմ տրամաչափի ԴԴՀ (դիպուկահար) զենք եղել է 2 հատ, որոնցից մեկն Ա. Հայրապետյանինն է: Երկուսն էլ ուղարկվել են փորձաքննության:

«Սակայն քննիչի պահանջով որդուս զենքից, փորձաքննության ուղարկելուց առաջ, կրակել են` իբր թե որպեսզի ստուգեն դրա պիտանելիությունը: Ի՞նչ է` չաշխատող զենքով դիրք են բարձրանու՞մ: Ուղղակի դրանով մաքրել են հետքերը»,- համոզված է որդեկորույս հայրը: Նա պնդում է, որ փորձաքննության ուղարկված գնդակն իրականում Անդրանիկի մարմնից հանվածը չէ:

Գործի նյութերից երևում է, որ դիահերձարանից գնդակն առգրավվել է անցյալ տարվա մայիսի 22-ին, և քննիչի խնդրանքով այն Երևանից Արցախ է ուղարկվել մայիսի 26-ին: Սակայն դրանից 2 օր առաջ` մայիսի 24-ին, քննիչ Յուրի Դանիելյանը, չգիտես որտեղից, գնդակն ուղարկել է դատաձգաբանական փորձաքննության:

Ի վերջո, ո՞վ է թշնամին, սահմանի ո՞ր կողմից են կրակել Անդրանիկին վրա: Զինվորի մոր` Անահիտ Կիրակոսյանի պատմելով` իր այս հարցադրմանը քննության նկատմամբ վերահսկողությունն իրականացնող դատախազ Ապրեսյանն ուղղակի ասել է. «Թող տղան կենդանի լիներ եւ ինքը պատասխաներ Ձեր հարցին»։

Անդրանիկ Հայրապետյանի դիակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ փորձագետ Շավարշ Գևորգյանն արձանագրել է, որ գլխի և մարմնի տարբեր հատվածների վրա առկա են բազմաթիվ քերծվածքներ և արյունազեղումներ: Ընդ որում` դրանց մի մասն ունեցել է 3-4 օրվա վաղեմություն:

Հարցաքննված զինվորները նշել են, թե հնարավոր է, որ դրանք առաջացել են կրակոցից հետո Անդրանիկին տեղափոխելիս «նեղ խրամատի կողքերի հողային շերտերին քսվելու հետևանքով, քանի որ այդ հողաշերտերի մեջ մանր քարեր են եղել»: Ինչ վերաբերում է 3-4 օրվա վաղեմության վնասվածքներին, ապա բոլորը միաբերան պնդել են, թե «դիրքում որևէ միջադեպ` կռիվ, վիճաբանություն չի եղել, ուստի այդ մասին ոչինչ ասել չեն կարող»:

Ասվածի իսկությունը ճշտելու համար ոչ ոք ոչինչ չի արել: Զորամասում չի անցկացվել նույնիսկ ծառայողական քննություն:

Իրավապահներն անուշադրության են մատնել մեկ այլ ուշագրավ իրողություն ևս: Ժամկետային զինծառայող Հովհաննես Ավետիսյանը քննիչներին պատմել է, որ դեպքից հետո նույն օրը, մինչև զորամասի հրամանատարության և քննիչների ժամանելը, ինքը 9-րդ խրամաբջջի մոտ` բլրի վրա, մարդու մի քանի ոտնահետքեր է տեսել և դրանք ձեռքով մաքրել է:

«Չեմ կարող բացատրել, թե ինչ պատճառով եմ մաքրել, քանի որ Անդրանիկի դեպքից շատ վախեցած էի և չէի հասկանում, թե ինչ եմ անում»,- ասել է Հովհաննեսը:

Վերջինս այդ օրն իր հետ ժամապահած Վարուժանի հետ ցուցմունք է տվել, որ դեպքի կապակցությամբ Երևանում հարցաքննվելու համար 2008-ի սեպտեմբերին գործուղման մեկնելուց առաջ գումարտակի հրամանատար Արթուր Պետրոսյանը շարել է միջադեպի ժամանակ դիրքում գտնվող զինվորներին և իրենց երկուսին ծեծել` «որ չգնան Երևան սուտ բաներ պատմեն»:

Ավելին, գումարտակի զինվորները պատմել են նաև, որ հրամանատար Պետրոսյանը դեռ մայիսի սկզբին շարքից ուշանալու համար Անդրանիկին ծեծել է` «մի քանի ապտակ հասցնելով դեմքին, բռունցքով հարվածելով կրծքավանդակին և գոտկատեղին, այնուհետև պարտադրել է «ուպոր լյոժա» վարժության դիրք ընդունել և շարունակել է ոտքով հարվածել տղայի գոտկատեղին և փորին»:

Այս արարքների համար փոխգնդապետ Արթուր Պետրոսյանին (մականունը` Ճիճի) մեղադրանք է առաջադրվել Քր. օր.-ի 375 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնական դիրքի չարաշահելը»` պատժվում է 2-5 տարվա ազատազրկմամբ): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել «Ստորագրություն չհեռանալու մասին» որոշումը:

Անդրանիկի սպանության փաստով դեպքից 7 ամիս անց կալանավորվել է դիրքի ավագ, սերժանտ Էդգար Ավետիսյանը` 365 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով («Մարտական հերթապահություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ վերաբերմունք, որն առաջացրել է ծանր հետեւանքներ»` պատժվում է 2-7 տարվա ազատազրկմամբ): Նա իրեն մեղավոր է ճանաչել այն բանում, որ թույլ է տվել Անդրանիկին ցերեկային ժամին, առանց զրահաբաճկոնի ու սաղավարտի, աշխատանքներ կատարել առաջնային գծում:

Այս տարվա փետրվարին հիշյալ երկու անձանց մասով հարուցված քրեական գործն առանձնացվել է մայր գործից և ուղարկվել դատարան: Անդրանիկի հարազատների բողոքներին ի պատասխան` գործը քննող 3-րդ քննիչը` Արայիկ Բաբայանը, մի գրություն է ուղարկել, ըստ որի` « …կատարվում են քննչական գործողություններ` հակառակորդի կողմից Ձեր որդու սպանության կատարող անձի (անձանց) ինքնությունը պարզելու համար: Այդ կապակցությամբ համապատասխան հանձնարարականներ է տրվել ԼՂՀ ազգային անվտանգությանը, և դրական արդյունքներ լինելու դեպքում Ձեզ կտեղեկացնենք»:

«Կոնկրետ հարցերը թողած` իբր հիմա էլ պետք է Ադրբեջանում գտնեն, թե ով է որդուս սպանել»,- զարմանում է զինվորի մայրը:

Երկրի ղեկավարությանն ուղղված իր նամակում վերջինս գրել է. «Ես համոզված եմ, որ այս եւ բոլոր սպանությունները, որոնք կատարվում են բանակում, երբեք էլ չեն բացահայտվելու, որովհետև եթե բանակում սպանություններ չլինեն, ապա ՀՀ ՊՆ քննչական վարչության եւ զինդատախազության այդ «հարգարժան աշխատակիցները»` քննիչները եւ դատախազները, էլ անելիք չեն ունենա եւ կմնան անգործ: Իսկ անպատիժ մնացած յուրաքանչյուր հանցագործություն ծնում է ևս մի քանիսը` ի շահ քննչական վարչության»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter