HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում

Կառավարությունը համաձայնագրերով օրինականացնում է ընկերության թերացումները

2023 թվականին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում ջրի կորուստը կազմել է 63,1%, իսկ չհասութագրված, արտոնագրված (ապօրինի օգտագործված) ջուրը՝ 6,3% (ընդհանուր՝ 69․4% ջրակորուստ): Այս տեղեկությունը «Հետք»-ին փոխանցել է Ջրային կոմիտեն, որը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություն իրականացնող ֆրանսիական «Վեոլիա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերության հետ Հայաստանի կառավարության անունից վարձակալության պայմանագիր կնքած կողմն է։ Պայմանագրով վարձակալության 15 տարիներին Ջրային կոմիտեն (ՋԿ) պետք է վերահսկի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պարտավորությունների կատարումը։

Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր 76-80%։ Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունը ստանձնած ֆրանսիական ընկերության բիզնես պլանում ներկայացված է նաև ջրի կորուստը նվազեցնելու ժամանակացույցը։ 2023թ․-ին այն պետք է կազմեր 64%, իսկ պայմանագրային կառավարման ավարտին՝ 2031թ․-ին, նախատեսվում է ջրի կորուստը նվազեցնել մինչև 46%:

2023թ․–ը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պայմանագրային կառավարման 7-րդ տարին է, և ներկայացրած ցուցանիշը՝ 69․4% ջրի կորուստը, նախատեսվածից բարձր է 5,4%-ով։ Ջրի կորուստը նվազեցնելու սահմանված ցուցանիշը չապահովելը բացատրություն պետք է ունենա, սակայն «Վեոլիա Ջուր»-ն իր կառավարման 8 տարիներին երբևէ չի պահպանել պայմանագրով և լիցենզիայով ստանձնած՝ հանրությանը հաշվետու լինելու պարտավորությունը։ Այդ պարտավորությունը նաև Ջրային կոմիտեն ունի, սակայն այս կառույցը նույնպես հանրային գործունեություն չի իրականացնում։

Հայաստանի խմելու ջրի մատուցման ծառայությունը ստանձնելիս «Վեոլիա Ջուր»–ը հայտարարեց, որ ջրամատակարարման ենթակառուցվածքները հին են, ինչի հետևանքով ջրի կորուստը մեծ է։ «Ոչ ոք չի ուսումնասիրել խմելու ջրի համակարգում 70-80% ջրի կորուստների մասին պնդումը։ Մենք չկարողացանք գտնել այն ուսումնասիրությունը, որը կհաստատեր մոտ 80% կորուստը, որն օգտագործվել է որպես կորստի բազային ցուցանիշ»,- ասվում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնի՝ վերջերս իրականացրած հետազոտության մեջ։  Նույն կերպ, այսօր չկա հետազոտություն, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն կորուստները նվազեցրել է՝ հասցնելով 69,4%–ի։

«Յակոբեան» բնապահպանական կենտրոնի հետազոտության մեջ նշվում է, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն 100 միավոր ջուր է վերցնում և կարողանում է վաճառել դրա միայն 20-30%-ը։ Ընդհանուր համոզմունքն այն է, որ կորցրած 70 կամ 80 միավոր ջրի կեսը տեխնիկական կորուստ է (արտահոսք), իսկ կեսը՝ «տնտեսական» կորուստ (գողություն)։

«Ելնելով այն փաստից, որ Հայաստանում չհաշվառված ջրի մեծ մասը վերագրվում է առեւտրային կորուստներին, հնարավոր է ակնկալել, որ այս կորուստների նվազեցմամբ հասութագրված ջրի ծավալն աստիճանաբար կավելանա: Երեւանում ավելի լավ նվազեցնում ենք առեւտրային կորուստները, քան ֆիզիկական հոսակորուստները»,- հուսադրում էր «Վեոլիան» իր ներկայացրած բիզնես ծրագրում։

Ջրի կորուստը կառավարման 7-րդ տարում 80%-ից 69․4%-ի հասցնելը, հիմնականում, պայմանավորված է առևտրային կորուստների նվազեցմամբ։ 2019թ․-ից բարձրահարկ շենքերի մուտքերին ջրաչափեր են տեղադրել, որի տվյալները համեմատում են շենքի բոլոր բաժանորդների համար գրանցված ջրաչափված ընդհանուր ծավալի հետ և գանձում են տարբերությունը։ Հասութագրված ջրի ծավալը, հիմնականում, դրա շնորհիվ են ավելացրել։

Արտահոսքը կամ ֆիզիկական կորուստը նվազեցնելու համար «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն ներդրումներ պետք է կատարեր ջրամատակարարման ենթակառուցվածքները նորացնելու համար։ Այս տարվա փետրվարի 9-ին Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանին ուղղված գրությամբ խնդրել էինք տեղեկատվություն տրամադրել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի՝ վերջին չորս տարիներին կատարած ներդրումների մասին։ Մեզ ներկայացրել են թվեր՝ առանց մանրամասնելու, թե որտեղ և ինչ ծավալի ներդրումներ են կատարել։

Ջրային կոմիտեի (ՋԿ) տվյալների համաձայն՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով (ՊԿԱԾ) 2020թ-ին 2,045 մլրդ դրամի ներդրում է կատարել, 2021թ-ին՝ 3,501 մլրդ դրամի, 2022թ-ին՝ 4,143 մլրդ դրամի, 2023թ-ին՝ 3,7 մլրդ դրամի։ 

2020թ-ին՝ պայմանագրային կառավարման 4-րդ տարում, ընկերության ներդրումը պետք է կազմեր ոչ թե 2 մլրդ 45 մլն դրամ, այլ՝ 2 մլրդ 750 մլն դրամ։ 2021-23թթ կտրուկ աճել է ներդրումների ծավալը, սակայն ՋԿ-ն հրաժարվում է ասել, թե որտեղ և ինչ ծավալի ներդրումներ են կատարվել։  Կամ՝ գոնե բացատրել, թե 2021-23թթ ինչու են պլանավորվածից շատ ներդրումներ կատարել։

Երեք ամիս համբերատար սպասել ենք, որպեսզի ՋԿ-ն ամբողջությամբ տրամադրի պահանջված տեղեկատվությունը, բայց այդպես էլ չտրամադրեց։ «Ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից»,- մեզ խորհուրդ է տալիս ՋԿ-ն։

Ստորև՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի վարձակալության 15 տարիներին պլանավորված ներդրումների ծավալներն են։

Պայմանագրային տարի Նվազագույն կապիտալ ծախս (մլն դրամ)
1․ 2017 1500
2․ 2018 1750
3․ 2019 2250
4․ 2020 2750
5․ 2021 2750
6․ 2022 2750
7․ 2023 2750
8․ 2024 2750
9․ 2025 2750
10․ 2026 2750
11․ 2027 2750
12․ 2028 2500
13․ 2029 2500
14․ 2030 2500
15․ 2031 2500

Հետևությունն այն է, որ ՋԿ–ն չունի պահանջված տեղեկությունները։ Այսինքն, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն կատարած աշխատանքների, տվյալ դեպքում՝ պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով (ՊԿԱԾ) իրականացված ներդրումների մասին հաշվետվություն չի տրամադրում ՋԿ-ին։ 

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն վարձակալության պայմանագրով պարտավոր է պայմանագրային տարվա սկզբից 60 օր առաջ Վարձատուին (այս դեպքում՝ ՋԿ-ին) ներկայացնել տվյալ տարվա ՊԿԱԾ-ի նախագիծը։ Վարձատուն ՊԿԱԾ-ի նախագիծը ստանալուց 15 օրվա ընթացքում պետք է իր առարկությունները ներկայացնի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին։

Յուրաքանչյուր պայմանագրային տարվա մինչև հուլիսի 1-ը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պարտավոր է ներկայացնել նախորդ պայմանագրային տարվա ՊԿԱԾ-ի հաշվետվությունը։ ՊԿԱԾ-ի հաշվետվությունը պետք է ուսումնասիրվի և աուդիտի ենթարկվի անկախ տեխնիկական աուդիտորի կողմից։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովի (ՀԾԿՀ) հետ կնքված լիցենզիայի պայմանների համաձայն՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն յուրաքանչյուր տարի մինչև հուլիսի 1-ը պարտավոր է իրականացնել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունների աուդիտ և աուդիտորական եզրակացությունն ու հաշվետվությունը ներկայացնել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ինչպես նաև՝ իր վեբ-կայքում տեղադրել աուդիտորական եզրակացությունն ու դրա հետ կապված հրապարակման ենթակա այլ նյութերը։

Ո՛չ ՀԾԿՀ-ն, ո՛չ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն չեն կատարում իրենց պարտավորությունները՝ հաշվետվությունները, աուդիտի եզրակացությունները և պարտադիր հրապարակման ենթակա այլ փաստաթղթեր չեն հրապարակում։ Այլ կերպ ասած՝ նրանց գործունեությունը թափանցիկ ու հաշվետու չէ։

2023թ․ հոկտեմբերի 12-ին կողմերի միջև կնքված թիվ 40 համաձայնագրից տեղեկանում ենք, որ վարձակալության պայմանագրի առաջին 5 տարիների (2017-21թթ․) տեխնիկական աուդիտն իրականացրած «Սաշեն Վասեր» ՋԻ․էմ․բի․Էյչ ընկերության՝  պայմանագրային 5-րդ տարվա՝ 2021թ․-ի համար իրականացրած աուդիտի արդյունքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի նկատմամբ 121 մլն 421 հազար դրամի տույժ է կիրառվել։ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և Հայաստանի կառավարության միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են հետևյալի շուրջ․

«Անկախ տեխնիկական աուդիտորի» հաշվարկած տուժանքի 121 մլն 421 հազար դրամ գումարն ավելացնել հիմնական վարձակալության պայմանագրի ողջ ժամկետի ընթացքում պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով (ՊԿԱԾ) իրականացվող կապիտալ աշխատանքների համար սահմանված 37 մլրդ 500 մլն դրամ գումարի ԱԱՀ-ով հաշվարկված 45 մլրդ դրամ գումարին։ ՎՊ-ի ողջ ժամկետի համար ՊԿԱԾ-ի ընդհանուր գումարը սահմանել 45 մլրդ 121  մլն 421 հազար դրամ»։

Ջրային կոմիտեից հայտնում են, որ ընկերությունը տուգանվել է ոչ թե հիմնական կատարողական ցուցանիշները չապահովելու, այլ՝ ժամանակին հաշվետվություն չներկայացնելու համար։

ՀԾԿՀ–ն լիցենզիայի պայմաններով տուժանքներ է սահմանել «Վեոլիա Ջրի» համար։ Եթե վարձակալը խախտում է անհրաժեշտ նյութերի և հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը, ապա կիրառվում են հետևյալ տուժանքները՝

ա/ հաջորդ պայմանագրային տարվա ՊԿԱԾ նախագիծն ուշացնելու դեպքում՝ 110 000 դրամ ուշացրած օրացուցային յուրաքանչյուր օրվա համար։

բ/ Տարեկան հաշվետվության հանձնման վեջնաժամկետը խախտելու համար՝ 275 000 դրամ տուգանք՝ օրացուցային յուրաքանչյուր օրվա համար և այլն։ 

Կառավարությունը կատարողական հիմնական ցուցանիշները չապահովելու համար ընկերությանը չի պատժում, ամեն տարի համաձայնագիր կնքելով՝ ներում է թերացումները, իսկ դրանց կատարումը հետաձգվում է։

2019թ հուլիսի 25-ին կողմերի՝ Ջրային կոմիտեի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի միջեւ կնքված թիվ 13-րդ համաձայնագրով Հայաստանի կառավարությունը էական զիջումներ կատարեց: Ներդրումների մասով համաձայնել են. «Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի կառավարության կողմից նախատեսված ներդրումները դեռեւս ամբողջովին չեն կատարվել, «Վեոլիա Ջրի» կողմից տարեկան գործունեության համար կատարողական ցուցանիշները (ՀԷՑ) չկատարելու դեպքում նախատեսվող հիմնական տուժանքները 2018-21թթ.-ի համար չեն կիրառվում վարձակալի նկատմամբ: Այսինքն՝ ընկերությանը չպատժեց 2018-21թթ.-ի ներդրումները չկատարելու համար։

ՀԾԿՀ-ի լիցենզիայի պայմաններով 2019թ․ հոկտեմբերի 1–ից Լիցենզավորված անձը պարտավոր է սպասարկման տարածքի յուրաքանչյուր բաժանորդի ժամը 7։00-24։00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել ամենօրյա առնվազն 6-ժամյա ջրամատակարարմամբ։

«Վեոլիա Ջուր»-ը, որպեսզի ստանձնած պարտավորությունները ժամանակին չկատարելու համար պատասխանատվության՝ տուգանքների չենթարկվի, ամեն տարի ՋԿ-ի հետ կնքված համաձայնագրով վավերացրել է դրանց կատարումը հետաձգելը։ Այսպես՝ 2019թ․ հուլիսին կնքված թիվ 13 համաձայնագրով կողմերը համաձայնել են, որ 20 գոտում ընդգրկված 30 բնակավայրի ցուցանիշների գնահատումը մինչև 2021թ․-ի ավարտը չի ներառվելու տեխնիկական աուդիտի ընթացքում իրականացվող հիմնական կատարողական ցուցանիշների հաշվարկներում։

2021թ․ նոյեմբերի 10-ին կնքված թիվ 24 համաձայնագրով կրկին հետաձգել են 20 գոտիների բաժանորդներին առնվազն 6-ժամյա ջրամատակարարմամբ ապահովելու պարտավորության կատարումը։ Պատճառաբանվել է, որ Վարձատուի և Վարձակալի կողմից նախաձեռնվել են միջոցառումներ, որոնք նախատեսված է իրականացնել 2023-2024-2025 թվականներին։

«Կողմերը սույնով համաձայնության են գալիս հետևյալի շուրջ՝ վարձակալության պայմանագրի 2024-25թթ․ տեխնիկական աուդիտի ընթացքում իրականացվող հիմնական կատարողական ցուցանիշների հաշվարկներում չներառել սույն համաձայնագրին կից ներկայացվող հավելվածում ընդգրկված 20 գոտիների ցուցանիշները, այն հետաձգել մինչև 2025թ․ ավարտը»,- նշված է համաձայնագրում։

2023թ․ դեկտեմբերին կնքված թիվ 42 համաձայնագրով այդ ցանկի 14 բնակավայրերի 6-ժամյա ջրամատակարարման ապահովման հարցը կրկին հետաձգվել է։ Այդ բնակավայրերի ցանկում դեռևս մնում են Եղվարդ և Իջևան քաղաքների մի քանի թաղամասեր, Զովունի գյուղը և այլ բնակավայրեր։

Նկատելի է նաև, որ վերջին տարիներին «Վեոլիա Ջուր» ընկերությունը չի ընդլայնում իր սպասարկման տարածքը։ Ընկերությունը ծառայություններ է մատուցում 622 000 բաժանորդ ունցող 380 բնակավայրերի՝ Երևան քաղաքին, մարզային 45 քաղաքների և 344 գյուղերի։ Հայաստանի 935 բնակավայրերից 555-ը կամ՝ 60%-ը ներկա դրությամբ «Վեոլիա Ջրից» խմելու ջուր չի ստանում։ Դրանք ավելի փոքր գյուղեր կամ քաղաքներ են։

Կառավարության հետ պայմանավորվածության համաձայն՝ հետագա տարիներին ընկերությունը սպասարկման տարածքը պետք է ընդլայներ։ Այն բնակավայրերը, որոնք սուբվենցիոն ծրագրերով կառուցում կամ վերակառուցում են խմելու ջրի ներքին ցանցը, ավարտելուց հետո պետք է ընդգրկվեին «Վեոլիա Ջրի» սպասարկման տարածքում։ Սակայն, ջրային ցանցը բարելավելուց հետո գյուղերը, հիմնականում, հրաժարվում են «Վեոլիա Ջրի» ծառայությունից՝ նախընտրելով համայնքային սպասարկումը։

Վերջին տարիներին կնքված համաձայնագրերով ընկերությունն ընդլայնում է մեծածախ սակագնով ջրամատակարարումը։ 2023թ․-ին մեծածախ սակագնով ջրամատակարարման ցանցում նոր բնակավայրեր են ընդգրկվել՝ Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր, Աշտարակ համայնքի Ղազարավան, Սևան համայնքի Ծաղկունք գյուղերը։

Մեծ հաշվով, վարձակալության պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելը ոչնչով չի վնասում ֆրանսիական «Վեոլիա Օ-Կոմպանի Ժենեղալ դե Օ» ընկերությանը, երբ վերցրած 100 միավոր ջրից վաճառում է միայն 20-30%-ը, չի նվազեցնում ջրի կորուստները, չի կատարում ներդրումները, սպառողներին չի ապահովում առնվազն 6-ժամյա ջրամատակարարումով։ Երբ անխնա վատնվում է երկրի ջրային ռեսուրսը, դրանից տուժում են միայն Հայաստանի Հանրապետությունն ու Հայաստանի բնակիչները, որոնց պատշաճ ծառայություններ չեն մատուցվում։

Իսկ «Վեոլիա Օ-Կոմպանի Ժենեղալ դե Օ» ընկերությունը ցանկացած իրավիճակում կարողանում է առավելագույն շահույթ ապահովել, անգամ աներևակայելի հնարքներով։ Հայաստանյան «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն ֆրանսիական մայր կազմակերպությանը տարեկան 120 000  եվրո է վճարում՝ իր լոգոն օգտագործելու իրավունքի համար: Վարձակալության պայմանագրի ամբողջ ժամանակահատվածի՝ 15 տարվա ընթացքում միայն լոգոն օգտագործելու համար վճարելու են 1 մլն 800  հազար եվրո:

Ֆրանսիական կազմակերպությանը տարեկան ևս 480 000 եվրո վճարում են որպես կառավարման վճար: Վարձակալության 15 տարիներին ընկերությանը դրա համար վճարելու են 7 մլն 200 հազար եվրո:

Մինչ փորձում էինք տրամաբանություն գտնել այս անհասկանալի շռայլումների համար, թե ինչու պետք է կառավարման վճար տրամադրել մի ընկերության, որը մրցույթը հաղթել է հենց կառավարելու համար, հատկապես, երբ ֆրանսիական թիմից ոչ ոք չի աշխատում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում, մեր աղբյուրից տեղեկացանք կազմակերպության նոր պահանջների մասին։ «Վեոլիա Օ-Կոմպանի Ժենեղալ դե Օ» կազմակերպությունը Հայաստանի կառավարության հետ բանակցում է կոնցեսիոն կառավարման անցնելու համար։ Դրանով ոչ միայն ազատվում է Հայաստանի Հանրապետությանը վարձակալության տարեկան վճար տալու պարտավորությունից, որը սահմանված է 2016թ․ կնքված վարձակալության պայմանագրով, այլ Հայաստանի Հանրապետությունը պետք է վճարի ֆրանսիական կազմակերպությանը՝ ջրային ոլորտը կառավարելու համար։

Լուսանկարում՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հանդիպումը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter