HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն այսօր կհասնեն Երևան

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ապրիլի 19-ի հայտարարությունից հետո, Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի մի խումբ բնակիչներ անհնազանդության ակցիաներ սկսեցին։ Ձևավորվեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։ Նրանք գրեթե երկու շաբաթ փակ պահեցին Կիրանց-Ոսկեպար ճանապարհը։ Միայն մայիսի 2-ի առավոտյան հաջողվեց բացել ճանապարհը, երբ Ոստիկանությունը վաղ առավոտյան ձերբակալեց շարժման տասնյակ անդամների։ Ոստիկանների կողմից ճանապարհը բացելուց հետո Կիրանցում սահմանվեց հատուկ ռեժիմ և միայն գյուղի բնակիչներին էին թույլատրում մուտք գործել գյուղ։ Այս ռեժիմը վերացվեց մայիսի 3-ի երեկոյան։ Հաջորդ օրը` մայիսի 4-ին, շարժման անդամները նորից հավաքվեցին Կիրանցում։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որը շարժման սկզբից կիրանցեցիների կողքին էր և փաստացի առաջնորդում էր շարժումը, հայտարարեց դեպի Երևան երթի մեկնարկի մասին։

«Ամսի 9-ին մեր ժողովուրդը, Աստծո կամոք, կհասնի Երևան և իր հստակ պահանջները կդնի»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Սրբազանն ասաց, որ շարժումը բնականից ձևավորված է, և ինքն էլ բնականից դարձել է այս շարժման հոգևոր առաջնորդը։ Նա հայտարարեց, որ երթն առաջնորդելու են ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։

Տարբեր օրերի երթի մասնակիցները եղան Իջևանում, Դիլիջանում, Սևանում, Հրազդանում, Աբովյանում և այլ բնակավայրերում։ Այս ընթացքում շարժմանը միացան և իրենց աջակցությունը հայտնեցին հասարակական, քաղաքական տարբեր գործիչներ և մտավորականներ։ Երեկ` մայիսի 8-ին, շարժանը միանալու մասին հայտարարեցին նաև Շիրակի, Վիրահայոց և Ռումինիայի հայոց թեմերը։ Շիրակի թեմի առաջնորդը «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ Գյումրուց երթ սկսեց Բագրատ Սրբազանին միանալու համար։

Երկրում ստեղծված իրավիճակի մասին հայտարարությամբ հանդես եկավ նաև Մայր Աթոռը։

«Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները, որոնք նոր սպառնալիքներ են առաջացնում մեր ժողովրդի համար։ Ստեղծված կացությունն արդարացի ընդվզում է առաջ բերել աշխարհասփյուռ հայության և, մասնավորապես, Տավուշի սահմանամերձ համայնքների բնակիչների շրջանում՝ պատճառ դառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման սկզբնավորմանը:

Առկա գոյաբանական մարտահրավերներին հանդիման հոգևոր սպասավորները, տվյալ դեպքում` Տավուշի թեմի եկեղեցականները` թեմակալ առաջնորդի գլխավորությամբ, հավատարիմ իրենց հոգևոր առաքելությանն ու կոչմանը, չեն կարող անտարբեր մնալ ու անհաղորդ՝ իրենց խնամքին հանձնված ժողովրդի անհանգստություններին ու կարիքներին»,- ասված էր հայտարարության մեջ: Մայր Աթոռը նաև հորդորում էր ժողովրդին իրենց մտահոգություններն արտահայտել միայն խաղաղ ճանապարհով և դրսևորել զսպվածություն։

Այսօր, ինչպես նախատեսված էր, երթը կհասնի Երևան։ Հանրապետության հրապարակում ժամը 16։00-ին նախատեսված է շարժման հանրահավաքը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter