HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Տաթև գյուղի զարգացման ծրագրերից մեկի հետքերով

«Տաթևեր» ճոպանուղու կառուցումով պայմանավորված և զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը կապված՝ Ազգային մրցունակության հիմնադրամում մոտ 3 տարի առաջ միտք հղացավ ստեղծելու շրջանառու հիմնադրամ Տաթև գյուղի այն ընտանիքների համար, որոնք ցանկանում են և կարող են իրենց տունը վերածել իջևանատան: Այլ կերպ ասած, նախագծի հեղինակները ձկնորսին ոչ թե ձուկ տալու, այլ ձուկ բռնելու գաղափարն առաջ քաշեցին:

Ըստ www.Tatev.am կայքում տեղադրված տեղեկություններին՝ ծրագրի բարեհաջող իրականացման համար հարկավոր էր 250 հազար ԱՄՆ դոլար: Ընտրվեց 4 ընտանիք: Հաշվի էր առնվել 2 հանգամանք. առաջին՝ նախկինում ունեցած հյուրընկալելու փորձը, երկրորդ՝ ծրագրին մասնակցելու պատրաստակամությունը: «Գյուղական իջևանատներ՝ մահճակալ և նախաճաշ» կոչվող ծրագիրը տեղական համայնքներում ներդրման ամենապարզ և արդյունավետ մոդելն էր լինելու: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանար, ծրագիրն ավարտվելու էր 2013թ. հունվարին: Ենթադրաբար, ծրագրի ավարտին Տաթևում գործելու էր 4 օրինակելի գյուղական իջևանատուն:

Երկու տարի առաջ «Գյուղական իջևանատներ» ծրագրի պատասխանատուները հանդիպել էին Տաթև գյուղի բնակիչներ, թոշակառու ամուսիններ Ծաղիկ և Ռազմիկ Բաբայաններին, Արթուր Արշակյանին, Արմեն Հակոբյանին և Նորայր Գրիգորյանին: Տաթևի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Ծաղիկ Բաբայանը և իր կենսաթոշակառու ամուսինը՝ Ռազմիկ Բաբայանն, իրենց տանն առաջին հովվեկներին հյուրընկալել էին 1999 թ.: Մի քանի անձանց անհատույց հյուրընկալելուց հետո ծնվել էր այդ բիզնեսով զբաղվելու գաղափարը: Ըստ www.Tatev.am կայքում տեղադրված տեղեկությունների՝ Բաբայանների տան վերանորոգման և բարեկարգման համար նախատեսվել էր 20 հազար դոլար: Աշխատանքները պիտի ավարտվեին 2012թ. մայիսին:

Արշակյանները հյուրեր ընդունելու փորձը ունեն դեռևս 1995թ.-ից: Տարեկան կտրվածքով նրանք հյուրընկալում են մոտավորապես 25 հոգու: Ծրագրում ընդգրկվելով և տունը հիմնովին վերանորոգելուց հետո Արշակյանները հնարավորություն կունենային հյուրերին առաջարկելու մի քանի ննջարան, լոգասենյակներ, խոհանոց և հյուրասենյակ: Տանը կից կլիներ նաև ավատոկայանատեղի: Ճարտարապետների օգնությամբ և «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում, մեկ դար ապրած, երբեմնի լքված, երկհարկանի տունը նոր կյանք կստանար և կվերածվեր «Մեղու+» իջևանատան: Երկհարկանի տան նորոգման համար անհրաժեշտ էր 60 հազար դոլար: Ըստ www.Tatev.am կայքի՝ 20 հազար դոլարն այդ գումարից արդեն իսկ ֆինանսավորված էր, սակայն Արթուր Արշակյանից ճշտեցինք, որ ոչ մի լումա էլ իրենք չեն ստացել: Ի դեպ, որևէ գումար չէր հատկացվել նաև Բաբայաններին: Արշակյանների առանձնատան համար շինարարության ավարտ նշված էր 2012թ. հոկտեմբերը:

Արմեն Հակոբյանի տանը ներկայումս վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Երկու հարկն էլ անմխիթար վիճակում է: Բացատրում է, որ արտերկրից եղբայրների ուղարկած գումարների հաշվին երկրորդ հարկում մասնակի նորոգումներ է ուզում անել և կոմունալ հարմարություններ ստեղծել:

«Մեր համար եմ անում,- կարծես արդարանալով՝ ժպտում է տանտերը:- Քիչ-քիչ գործ եմ անում, մինչև աշուն երևի կպրծնեմ: Գումար չկա էդքան, որ մեկից սկսեմ ու վերջացնեմ»:

Արմենը ևս «Գյուղական իջևանատներ» ծրագրի պոտենցիալ շահառուներից է: Եթե հետևենք կայքում տեղադրված տեղեկություններին, ապա նրա առանձնատան վերանորոգումը պիտի ավարտված լիներ 2011թ. մայիսին, ու ծախսն էլ կազմեր 30 հազար դոլար: Սակայն այս դեպքում էլ հիմնադրամից մեկ լումա իսկ չէր հատկացվել:

«Իրանք ասում էին, որ բոլոր տները պիտի միաժամանակ սկսեն վերանորոգել,- պատմում է Արմենը,- ասում էին, թե ամբողջ գումարը պիտի հավաքվի նոր: Եվ խնդիրն էն է, որ փողը ոչ թե մեզ էին տալու, այլ շինարարական կազմակերպությանը: Բայց արդեն 2-րդ տարին է, ոչ գալիս են, ոչ գիտենք՝ էդ ծրագիրը պիտի լինի, ոչ էլ գիտենք, թե չպիտի լինի»:

Տրեխագործի որդի 35-ամյա Արմենը ևս տիրապետում է այդ արհեստին, սակայն 21-րդ դարում այն կիրառել կամ պատվերներ ստանալով ընտանիք պահել, պարզ է, որ անհնար է: Արմենն ասում է, որ 2010թ., լսելով իջևանատների ծրագրի մասին, անչափ ոգևորվել է: Մասնակցել է զբոսաշրջության զարգացման դասընթացին, որի ժամանակ ծանոթացել է մահճակալ և նախաճաշ տեսակի իջևանատների գործունեությանը: Հիմնադրամից իրենց տուն այցելել է Վահե անունով մի տղա, ով ուսումնասիրել է այն, տեղեկացել իր ծրագրերին, լուսանկարներ արել ու էն գնալն է, որ գնացել է:

«Հիմա ես էն տպավորությունն ունեմ, որ ծրագիրը գրվել էր ինչ-որ մեկին ցույց տալու համար: Այսինքն՝ պիտի թղթի վրա ինչ-որ մի բան լիներ, գրեցին ու էդպես էլ թողեցին թղթի վրա»,- կարծիք է հայտնում Արմեն Հակոբյանը: Տաթևցի երիտասարդն այլևս չի մտածում տունը իջևանատան վերածելու մասին, գոնե առաջիկա 2 տարում: Արմենը հասկանում է, որ զբոսաշրջիկին միայն մահճակալը չէ, որ պիտի առաջարկի: «Բա զուգարան-բաղնիք չլինի նորմալ, որ մարդ ցնցուղ ընդունելու հնարավորություն ունենա, առանձին մի հատ խոհանոց լինի: Դե, պիտի գոնե մինիմում պայմաններ ունենամ, որ ռիսկով էլ մարդկանց իջևանելու առաջարկ անեմ: Իսկ իմ միջոցներով հլա 2 տարի կքաշի էդ ամենը կարգավորելը»,- բացատրում է Արմենը:

Տաթևի մյուս բնակիչ Նորայր Գրիգորյանը 5 տարի աշխատել էր ռուսական հանգստյան տներից մեկում: Հայրենի գյուղ վերադառնալուց հետո որոշել էր սկսել սեփական բիզնեսը: Մահճակալ և նախաճաշ տեսակի իջևանատունը բացելու նպատակով 4 տարի օգտագործել էր հարազատներից մեկի տունը, որտեղ տարեկան կարողացել էր հյուրընկալել ավելի քան 40 այցելուի:

«Գյուղական իջևանատներ» ծրագիրը ոգևորվել էր նաև Նորայրին: Բարեկամի տունը գնել էր, սակայն չէր կարողանում իր ուզած ու պատկերացրած կառուցապատումն ավարտին հասցնել: Ծրագրի պատասխանատուները Նորայրի տան համար նախատեսել էին 20 հազար դոլար: Կրկին վերադառնանք կայքում տեղ գտած տեղեկատվությանը, ըստ որի՝ այդ գումարից 14 հազար դոլարն արդեն իսկ ֆինանսավորված էր, և մնում էր հայթայթել ընդամենը պակասող 6 հազար դոլարը: Նորայրի տան վերանորոգումը պիտի ավարտվեր 2010թ. նոյեմբերին: Երկհարկանի տունը պիտի ունենար երկու ննջասենյակ, հյուրասենյակ, լոգասենյակ և խոհանոց, իսկ տան մոտ նախատեսվում էր տարածք մեքենաների կայանման համար: Առաջին հարկում պիտի լիներ նաև առանձին մեծ ճաշասենյակ:

2012թ. հուլիս ամսվա դրությամբ միայն տանտիրոջ երազանքներն ու ծրագրերն էին սեփական ձեռքով գծած թղթի մի մեծ կտորի վերածված, փակցված մառանի փայտե դռանը:

«Իմ ներդրումներով հիմա 3 սենյակ եմ կահավորել, 2 սենյակում 4 մահճակալ կա, էն մեկում էլ 2: Կոմունալ հարմարություններն ընդհանուր են, սառը-տաք ջուրը կա, ներքևում խոհանոց կա, օրը 3-ից 3 հազար 500 դրամ է: Երեխաների համար փող չենք վերցնում, մարդ էլ կա, գալիս ասում է՝ դուրսն եմ մնացել, բայց ձեռքս փող չկա, հենց էնպես էլ ենք հյուրընկալում»,- Նորայրը ծիծաղում է:

Ապագա իջևանատան մասին խոսելիս Նորայրը նշեց, որ մտադիր է առաջարկել հատուկ ճաշացանկ, որ կմատուցվի հին հայկական ավանդական ոճով ձևավորված ճաշասենյակում: Երևանում անգամ հատուկ սպասք է պատվիրել: Առայժմ սուրճի համար նախատեսված սրճեփն ու բաժակներն է ստացել:

Բակում էլ նախատեսել է կառուցել փայտե տաղավար, որ մարդիկ կարողանան իրենց հանգիստն այնտեղ անցկացնել: «Ես հիմնադրամի ծրագրի հետ մեծ հույսեր էի կապում, ափսոս, որ չեղավ: Դե, շատ ցածր տոկոսներով վարկ էր, կաշխատեինք կտայինք: Մենակ էդ ծրագրից մի բան մնաց ինձ անհասկանալի: Ինչի՞ էին իրանք փողը տալիս շինարարական կազմակերպությանը: Եթե ես պիտի հետո վերադարձնեմ, թող տան ինձ, ես էլ իմանամ՝ ինչը ոնց անեմ»,- նեղսրտում է Նորայրը:

Նույն հարցը տալիս էին նաև ծրագրի մյուս շահառուները: Բոլորի համար էլ հարցական էր մնացել, թե ինչո՞ւ, ունենալով հիմնադրամում հայթայթած որոշակի գումար, դա չէր տրամադրվել ընտանիքներին: Կամ ինչո՞ւ էին որոշել, որ շին.կազմակերպությունը պիտի անմիջականորեն տնօրիներ այն: Ըստ ծրագրի չկայացած շահառուների՝ եթե 50 հազար դոլարը բաժանում ես 4 ընտանիքի միջև, ստացվում է ամեն մեկին 12 հազար դոլարից մի քիչ ավելի գումար: Դա հնարավորություն կտար որոշակի աշխատանքներ կատարել: Իսկ եթե հիմնադրամում հակված չէին գումարը մասնատելու 4, ապա 50 հազարը հեշտությամբ կարելի էր բաժանել 2 մասի: Ամեն դեպքում, երկու ընտանիք կկարողանար լիարժեք օգտվել այդ հնարավորությունից, և 2012թ. Տաթևում կեցության համար դիմող զբոսաշրջիկները հանգստանալու ոչ թե մինիմալ, այլ բավարար պայմաններ կունենային:

Ո՞ւր է կոնֆետը… Երևի շատերը կհիշեն այս արտահայտությունը «Մեր բակը» հումորային տեսաֆիլմից: Այս դեպքում խոսքը վերաբերում է ոչ թե տուփից Աշոտ Ղազարյանի մարմնավորած հերոսի թռցրած կոնֆետին, այլ հիմնադրամ մուտք գործած 50 հազար դոլարին: Կրկին եթե հավատանք www.Tatev.am կայքում տեղ գտած տեղեկատվությանը, ապա պահանջվող 250 հազար դոլարից 50 հազարն առկա է եղել, որից 34 հազար դոլարը տեսականորեն բաշխվել է 2 ընտանիքի միջև: Իսկ փաստն այն է, որ 2012թ. հուլիս ամսվա դրությամբ նախատեսված 4 առանձնատանը ոչ մի աշխատանք չի կատարվել:

«Գյուղական իջևանատներ» ծրագրի համար նախատեսված բաժնում որևէ տեղեկատվություն չկա ծրագրի սառեցման կամ շարունակության մասին: Բացակայում են նաև գումարների հայթայթման կամ ծրագրի դադարեցման վերաբերյալ տեղեկությունները: Պարզ չէ նաև, թե հիմնադրամում առկա 50 հազար դոլարն ուր է ուղղորդվել: Ազգային մրցունակության հիմնադրամից փոխանցեցին, որ կայքում եղած տեղեկատվությունը հին է, սակայն որևէ փաստարկ չկարողացան բերել, թե ինչու է այն նույնությամբ, առանց թարմացման շարունակում ի լուր աշխարհի թմբկահարել Տաթև գյուղի զարգացմանը նպաստող ծրագրի մասին, եթե այդ ծրագիրն իրապես գոյություն չունի: Ազգային մրցունակության հիմնադրամից խոստացան առաջիկայում պարզաբանում տալ «Հետքին»:

Մեկնաբանություններ (3)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հեղինակին(2) - Շնորհակալ եմ:
Հեղինակ
Ես ձեր ցանկությունը կփոխանցեմ Արմեն Հակոբյանին:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Տեր Աստված. մարդիկ դեռ չեն հասկանում,որ այս ամբողջ «Տաթևերը» օլիգարխային բլեֆ է. իրենք միլիոններ են ներդրել,որ միլիոններ հետ ստանան: Այդ «Սյունիքի տուրիզմի զարգացումը»,«գյուղացիներին օգնելը» ՄԻԱՅՆ PR է,որպեսզի մարդկանց/գյուղացիներին չկատաղեցնեն ու արդարեցնեն այդքան հողերի գրավումը: Ինչ գյուղացի,ինչ բան: Մի հատ ՍԱՌԸ մտածեք. ԳՅՈՒՂԱՑՈՒՆ օգնելու համար ինչի տենց ՀՍԿԱՅԱԿԱՆ շինություն/ճոպանուղի են կառուցում, այն էլ գյուղացու հողերի վրա:.........................................................................................................ՀԳ. Արմեն Հակոբյանին խորհուրդ կտամ զբաղվել (նաև) տրեխագործությամբ. հոյակապ (Հայկական) արհեստ/արվեստ է ու ապագա ունեցող: Հարգելի Արմեն,եթե կոմենտս կարդում ես,քեզ խնդրանք-պատվեր. ինձ համար 2 զույգ տրեխ գործեք ու պահեք (45 համար,հայկական գույներով:Մեկը, եթե հնարավոր է, սափոկի տեսքով-մինչև կիսասրունք հասնող): Հայաստան գալուց կվերցնեմ. անունդ ու գյուղը գրել եմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter