HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը չի ապահովում վկաների մասնակցությունը

Հուլիսի 17-ին Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Նարեգ  Հարթունյանի գործով հերթական դատական նիստը:

Սպասվում էր, որ այս անգամ պետք է հարցաքննվեին գործով առնվազն 5 վկա, սակայն դատարան էին ներկայացել վկաներից միայն երկուսը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ դատավորը վկաներին  բերման ենթարկելու որոշում կայացրեց, ինչը ենթադրում էր, որ ստիկանության աշխատակիցները պետք է նախ վկաներին տեղյակ պահեին, որ դատական նիստ է լինելու, ապա նաեւ ապահովեին նրանց ներկայությունը դատական նիստին:  

Սակայն ոստիկանությունն, ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ վկաների ներկայությունը չէր ապահովվել:

Նիստին ներկա երկու վկաները «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության  անվտանգության նախկին աշխատակիցներ Դավիթ Սարգսյանն ու Նվեր Խաչատրյանն էին:

Դավիթ Սարգսյանն իր ցուցմունքում նշեց, որ իր աշխատանքային 15 օրերի ընթացքում չի իմացել, որ ընկերության տարածքում առկա է մանրածախ խանութ, նա ասաց նաեւ, որ ինքը խանութից գնումներ չի կատարել:

Դատական նիստին ներկա մյուս վկան` Նվեր Խաչատրյանը, ուշադիր զննելով ամբաստանյալներին` Նարեգին, Ա.Մ.-ին եւ Արթուր Գալստյանին, հայտարարեց, որ նրանց չի ճանաչում, մեկ-երկու անգամ միայն տեսել է Ա. Գալստյանին: 

Հիշեցնենք, սակայն, որ վկայի աշխատելու ժամանակահատվածում  ընկերության տնօրենը Նարեգ Հարթունյանն  էր, փոխտնօրենը` Ա.Մ-ը, իսկ  Արթուր Գալստյանը գլխավոր հաշվապահն էր: Վերջիններս ամեն օր կանոնավոր կերպով հաճախել են աշխատանքի:

Հարցերին, թե վկան հիշում է արդյոք` երբ է աշխատել ընկերությունում եւ որքան է վաստակել, Ն. Խարատրյանն ասաց, որ չի հիշում:

«Հիշողության հետ խնդիրնե՞ր ունեք»,- դատախազ Բագրատ Պետրոսյանի հարցին  ի պատասխան վկան ասաց` այո:

«Իսկ ո՞վ է Ձեզ աշխատանքի ընդունել, ինչպե՞ս եք իմացել, որ թափուր աշխատանք կա»,- հարցրեց դատավորը:

«Վարորդներից եմ հարցրել, ասել են` արի, աշխատի…»:

Հարցին, թե տեսել է երբեւէ, որ ընկերության տարածքում մանրածախ խանութ լինի, վկան ասաց, որ ինքը չի տեսել:

«Ընկերությունում եղել են արդյոք այլ դարպասներ՝ բացի հիմնական մուտքի դարպասները» հարցին վկան պատասխանեց` այո:

Քանի որ հիմնական հարցերը բխում էին ընկերության տարածքի հետ կապված մանրամասներից,  նիստը վարող դատավոր Ազարյանը որոշեց ընկերության տարածքի տեղատեսություն իրականացնել:

Ի դեպ, հետաքրքրական մի փաստ եւս արձանագրվեց նիստի ընթացքում: Պարզվում է` այս ամիսների (քրեական գործ հարուցելուց հետո անցել է ավելի քան մեկ տարի) ընթացքում դատախազը երբեւէ չի այցելել «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊԸ` անձամբ տեսնելու տարածքը, որի մասին հարցեր է տալիս:

Դատավորը որոշեց հաջորդ դատական նիստից (հուլիսի 23՝ ժ. 10:30) առաջ տեղանքի զննում իրականացնել, որից հետո կշարունակվի դատական նիստը:

Մարիամ Մուղդուսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter