HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փակե՞լ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, թե՞ զարգացնել այնտեղ էկոտուրիզմը

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում պատմամշակութային շուրջ 350 հուշարձան կա: Ինչպե՞ս հասնել այդ տարածքները՝ վնաս չտալով արգելոցին: Էկոտուրիստական երթուղիների մշակումը և դրանց առկայությունն արգելոցներում անհանգստացնում է բնապահպաններին: Նրանք հուլիսի 18-ին արգելոց այցելության ժամանակ տնօրենի և բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանի հետ քննարկում էին այն հարցը, թե արդյոք «Խոսրովի անտառ» պետական արգելոցը պետք է բա՞ց լինի զբոսաշրջիկների համար, բոլորի համար փա՞կ, թե որոշակի բաներ այնտեղ կարելի է թույլատրելի դարձնել. «Մեր համար, կոնկրետ արգելոցի աշխատողների համար, բոլորից լավն այն է, որ որոշում ընդունվի բացարձակ փակվի, և ոչ մի շունչ չմտնի, էդ դեպքում ռեժիմը հեշտ է պահպանել»,- ասում է Ս. Պապյանը: Սակայն վերջինս նաև նշում է, որ որոշ մարդիկ գալիս են և ուզում են արգելոցի հետ ծանոթանալ, նրանք վճարում են և ուղեկցողը հատուկ երթուղով նրան առաջնորդում է արգելոց:

Նշենք, որ արգելոցում այս պահին ավտոմեքենայի համար նախատեսված ճանապարհ է վերանորոգվում ու լայնացվում, ինչը, ըստ արգելոցի տնօրեն Վարանցով Բարսեղյանի, հակահրդեհային նշանակություն ունի: Վարանցով Բարսեղյանն ասում է, որ զբոսաշրջիկին կարող են ուղեկցել հետիոտն, ձիով կամ նույնիսկ մեքենայով.  արգելոցը մեքենա ունի, եթե ուղևորն ուզում է հասնել ինչ-որ տեղ մեքենայով ու կա դրա հնարավորությունը, ապա նրան մեքենայով են ուղեկցում:

«Հայաստանի թռչունների պահպանման միության» հիմնադիր և տնօրեն Մամիկոն Ղասաբյանը արգելոցում տուրիստական երթուղիների կազմումը ամենամեծ անգրագիտություն համարեց: Նա օրինակ բերեց Կաքավաբերդի երթուղին, որտեղ գնալու համար նշված է 9 կմ, սակայն արդյոք միայն գնալն է այդքան, թե վերադարձի հետ միասին է ճանապարհն այդքան կազմում:

Կարծիքներից մեկը վերաբերում էր եզրերով երթուղի թողնելուն, որպեսզի արգելոցին վնաս չտրվի, քանի որ ինչպես էլ գնան, մարդկային ներկայությունը խոչընդոտում է բնության բնականոն զարգացմանը: Բնապահպանները նշեցին, որ էկոտուրիզմը արտերկրում տարածված է, բայց միայն ազգային պարկերում, այլ ոչ թե արգելոցներում:

Բնապահպան-ակտիվիստ Գևորգ Սաֆարյանն էլ հարց ուղղեց, թե արդյոք էկոտուրիզմն այդքան շահույթ է բերում, որքան բնությանը վնաս է պատճառվում դրա հետևանքով, և գուցե վնասն ավելի մեծ է, քան շահույթը: Պարզվեց, որ նման հաշվարկներ չկան:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի կայքում նշված է, որ արգելոցը համապատասխանում է Բնության պահպանության միջազգային միության դասակարգման «Ia» կատեգորիային: Պետական արգելոցը գիտական, կրթական, պատմամշակութային արժեք ներկայացնող առանձնահատուկ բնապահպանական, գեղագիտական հատկանիշներով օժտված միջազգային և հանրապետական նշանակություն ունեցող տարածք է, որտեղ բնական միջավայրի զարգացման գործընթացներն ընթանում են առանց մարդու անմիջական միջամտության։ «la» կատեգորիան պաշտպանության ամենաբարձր մակարդակն է: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Տնտեսական և բնապահպանական ստորաբաժանման կրտսեր մասնագետ  Դանա Բոդգանը նշեց, որ միջազգային ստանադարտները հստակ սահմանում են, որ այն վայրերում, որտեղ կան Կարմիր գրքում գրանցված կենդանիներ, տուրիստական որևէ գործունեություն ծավալելն արգելվում է: Իսկ Խոսրովի արգելոցում կան Կարմիր գրքում գրանցված կենդանիներ ու բույսեր, հետևաբար, ելնելով նաև նշված «la» կատեգորիայի պահանջներից, արգլեոցը պետք է փակ լինի և զերծ մարդկային միջամտությունից:

Ավելին, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը երաշխավորում է կենդանական աշխարհի հազվագյուտ եւ անհետացման եզրին գտնվող օբյեկտների պահպանությունը և արգելում ցանկացած գործունեություն, որը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը եւ դրանց ապրելավայրերի վատթարացմանը:

Սիմոն Պապյանը նշեց, որ երթուղիները Խոսրովի արգելոցում նախատեսված են Կառավարման պլանով: Նախարարի առաջին տեղակալն  առաջարկեց մինչև հուլիսի վերջ այդ պլանում նկատած թերությունների մասին տեղյակ պահել և առաջարկություններ ներկայացնել նախարարություն:

Հատուկ պահպանվող տարածքներն ունեն կից խորհուրդներ, ինչը նաև ՊՈԱԿ-ների մասին օրենքով է սահվանված: Պարզվեց` Խոսրովի արգելոցի հինգ անձանցից բաղկացած խորհրդում ընդգրկված են բնապահպանության նախարարության 5 աշխատակիցներ: «Հատուկ պահպանվող տարածքների խորհուրդներում ոչ միայն ՀԿ-ներ չկան, այլ նաև նույնիսկ համայնքների ներկայացուցիչներ չկան»,- նկատեց բնապահպան Արման Վերմիշյանը:

Նախարարի առաջին տեղակալն ասաց, որ ինքը կաշխատի, որ համաչափությունն իրագործվի և ՀԿ-ների ներկայացուցիչներ ներգրավվեն խորհրդում: 

Մեկնաբանություններ (1)

Կարեն
Կարեվոորը ԲՈՒԼԿԻՆ հարստանա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter