HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հալիձորցիների փրկությունը որեւէ վերամշակող գործարանի բացումը կամ փոքր շուկաների ստեղծումն է

Արդեն չեմ հիշում, թե որերրորդ անգամն եմ անցնում Երեւան-Գորիս ավտոճանապարհը: Ճամփորդությանս վերջնակետն այս անգամ Հալիձորն է: Վայքում հարկադրված կանգառ ունենք: Մեքնենան պիտի գազով լիցքավորվի: Փոքրիկ սրճարանում սուրճ եմ պատվիրում: 20 րոպեից շարժվում ենք: Մեքենայում նույն լռությունն է:

Չորս կին մեքենայում ու բացարձակ լռություն`հազվագյուտ հանդիպող մի երեւույթ: Վարորդը մեքենան մեկ անգամ էլ կանգնեցնում է «Զանգեր» կոչվող հատվածը հաղթահարելուց հետո: Ճանապարհի եզրին մի քանի տեղ սունկ են վաճառում: Նման մեծ գլխով սնկեր առիթ չէի ունեցել տեսնելու:

Վարորդը գնում, երկար բարակ զննում ու դադարկաձեռն վերադառնում է: «Ճիճու կար մեջները». ատամների արանքից նետում է՝ ի պատասխան մեր լուռ հարցման: Ներողություն չի խնդրում ոչ գնալուց առաջ, ոչ էլ հետո, կարծես այդպես էլ պետք է լիներ, եւ բոլոր «կանգառներում» պետք է կանգնել, իսկ ով իրազեկված չէ, մեղքն իր վիզը:

«Էս սեզոնին սունկ առնելը մի քիչ վտանգավոր է, համ էլ լավը չի. հիմնականում որդնած է լինում»,- շարունակում է սկսած մենախոսությունը մեքենայի միակ տղամարդը` մեր լռությունը համաձայնության նշան համարելով: Մինչեւ Գորիս այլեւս որեւէ տեղ կանգ չենք առնում:

Հալիձորում հանգրվանում եմ Զորունց Ջիվանի հյուրատանը: Մեկ տարվա ընթացքում այս գյուղում քիչ բան է փոխվել: Նույն քանդված, անբարեկարգ գյուղամիջյան ճանապարհները, առավոտից  իրիկուն գյուղի միակ խանութի դռան առաջ նարդի ու շախմատ խաղացող հալիձորցիները եւ գյուղի վերեւում անցուդարձ անող ճոպնուղու վագոնները:

Տների թիթեղյա տանիքներն էլ միանման՝ կարմիր կղմիդրով չեն փոխարինվել, ինչի հույսն ունեին հալիձորցիները ճոպանուղու կառուցման, տուրիզմի զարգացման հետ կապված: Չի վերանորոգվել նաեւ դպրոցի տանիքը, ու այս ամենը կարելի է շատ պարզ տեսնել օդային փոխադրամիջոցով Տաթեւի վանք այցելելիս:

Միակ փոփոխությունն այս գյուղում Ջիվանի հյուրընկալ հարկի ներքո եմ նկատում: Տիկին Ալվարդը հպարտությամբ ցույց է տալիս նոր խոհանոցն իր կահավորումով: Նորացված է նաեւ սանհանգույցը: Մեկ տարվա ընթացքում` Մոսկվայում գտնվող որդու օժանդակությամբ, կարողացել են միայն այդ աշխատանքները կատարել: Երկրորդ հարկի սենյակները դեռ պիտի վերանորոգեն, դա էլ մտածում են 2013թ. իրականացնել:

Զորունց ամուսինները

«Միանգամից չենք կարող բոլոր անհրաժեշտ աշխատանքներն անել,-ձեռքերն է տարածում Զորունց Ջիվանը,-գումար է պետք, մեր ուժերով ենք անում ամեն ինչ, ամեն տարի մի գործ: Ճոպանուղին չլիներ ,դժվար թե հյուրատան գաղափարը մեզ հետաքրքրեր, բայց որ կա ու հեռանկարներ է խոստանում, ինչի չանենք»:

Անցյալ տարի Հալիձորում մոտ 25 ընտանիք, ոգեւորված իրենց տարածաշրջանում տուրիզմի զարգացման հեռանկարներից, դրսի փայտե զուգարաններից հրաժարվել ու քաղաքակրթությանը տուրք տալով` սանհանգույցը տան ներսում էին կառուցել` գործը դրանով ավարտված համարելով: Հալիձորում մեկ տարվա ընթացքում հյուրատների թիվը չի ավելացել: Համայնքի ղեկավարն ասում է՝ գյուղացիների ձեռքին գումար չկա, դրա համար էլ «սայլը տեղից չի շարժվում»:

Ստիպված մատնացույց եմ անում Զորունց Ջիվանին, ով որդու օգնությամբ փորձում է սեփական բիզնեսը ստեղծել, նաեւ այգու բերքն ու բարիքն իրացնելու ճանապարհն է գտել:

«Ջիվանը եզակի դեպք է: Ընդհանրապես հալիձորցիները բավական տարբերվում են շրջակա մյուս գյուղերի բնակիչներից,-ասում է Հալիձորի ղեկավար Սամվել Ասրյանը,-ես սա հիմա չեմ ասում որպես արդարացում, բայց մի օրինակ բերեմ, կհասկանաք: Հալիձորում բոլորի տան առաջ էլ այգի կա, այգու բարիքներից գինի ու օղի են թորում, բայց հալիձորցին կգերադասի իրա թորած, ասենք, 6 լիտր օղին մենակ խմի, քան թե տանի վաճառի»:

Վաճառականի հոգեբանություն չունեցող հալիձորցիների փրկությունը որեւէ վերամշակող գործարանի բացումը կամ փոքր շուկաների ստեղծումն է: «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակներում Շինուհայրից դեպի Տաթեւ գնացող մայրուղու որոշ հատվածներում նմանատիպ շուկաներ պիտի ստեղծվեին, համենայնդեպս 2010թ. հոկտեմբերին Ազգային մրցունակության հիմադրամի նախկին տնօրեն Բեկոր Փափազյանն այդ մասին հայտարարել էր: Դա խթանելու էր նաեւ գյուղատնտեսության զագացումը: Մարդիկ սեփական այգու բերքը վաճառելու հստակ տեղեր էին ունենալու: Այն ժամանակ խոսակցություն էր գնում նաեւ փոքր վերամշակող ձեռնարկության ստեղծման կամ պահածոների գործարանի մասին:

Գորիսի «Կանանց ռեսուրս կենտրոնի» աջակցությամբ հալիձորցի կանայք կովիկներ, իշուկներ ու ութոտնուկներ պատրաստել են սովորում: «Ձեռքի աշխատանքներ ակումբում» 15 կին հմտանում է ձեռագործ կենդանիների պատրաստման գործում: Դրանց իրացումով զբաղվելու է «Կանանց ռեսուրս կենտրոնը»: Հիմնական թիրախը տարածաշրջան այցելող զբոսաշրջիկներն են: Նորաստեղծ բիզնես կենտրոնի համակարգող Գայանե Ասրյանն ասում է, որ ձեռագործ կենդանիները բավական մատչելի են` կովիկը 1200 դրամ է, ութոտնուկը մի քիչ ավելի թանկ կարժենա. դեռ գին չեն որոշել:

«Դե Մոսկվան էլ մի օրում չի կառուցվել,-հայտնի արտահայտությունն է հիշում Սամվել Ասրյանը,-կամաց-կամաց փորձում ենք հարմարվել նոր պահանջներին, որ կյանքն է առաջադրում: Հիմա զբոսաշրջության զարգացման մասին են շատ խոսում մեր տարածաշրջանում, դե հալիձորցին էլ պիտի աշխատի համաքայլ գնալ, որ մի բանի հասնի»:

«Համաքայլ գնալու համար նաեւ ճանապարհներ են պետք»,-նկատում եմ` մատնացույց անելով գյուղամիջյան քարքարոտ ու անմիխիթար ճանապարհները: Հալիձորցիներից տեղեկացել էի, որ շատերին հենց այդ հանգամանքն է հիասթափեցնում: Վախենալով կոտրել իրենց մեքենաները գյուղամիջյան փողոցներում` Տաթեւ այցելած զբոսաշրջիկները հրաժարվում են անգամ մեկ գիշերակացից`գերադասելով վերադառնալ Գորիս ու հանգրվանել սնկի նման աճած հյուրատներց որեւէ մեկում: Համայնքապետը մտածում է սալապատելու մասին, որովհետեւ թեքության վար կառուցված գյուղի փողոցներից հորդառատ անձրեւներն ամեն անգամ լվանում-տանում են ամրացման համար լցրած խճի շերտը, դե իսկ ասֆալտապատումն էլ թանկ հաճույք է ու գյուղամիջյան ճանապարհների համար ոչ իրատեսական:

Մյուս ամենամեծ խնդիրը Հալիձորի համար գազիֆիկացումն է: Համայնքապետին Սյունիքի մարզպետը խոստացել է հարցը լուծել հնարավորինս շուտ: Հարեւան Շինուհայրը գազիֆիկացված է, հալիձորցիների աչքն էլ գյուղի վերեւում կառուցվելիք հյուրանոցի ճանապարհին է: «Որ սարքվեց, ուզեն-չուզեն պիտի գազ քաշեն, դե էդտեղից մինչեւ մեր գյուղ համարյա բան չի մնում, էլի»,-տրամաբանում են հալիձորցիները: Եթե այդ հույսով  են գազիֆիկացմանը սպասում գյուղացիները, կնշանակի ստիպված են առնվազն մի 2 տարի էլ համբերել, որովհետեւ առաջիկայում հյուրանոցի փոխարեն ժամանակավոր վրանային տաղավար է լինելու նշված տարածքում:

Ուրախալին այն է, որ գյուղը շուտով կունենա գիշերային լուսավորություն: 26 կետ է տեղադրվելու: Աշխատանքները հնարավոր է եղել իրականացնել «Քաունթերփարթ ինթրնեշնլ»-ի հետ համագործակցության շնորհիվ, 400 հազար դրամ էլ ներդրում է կատարել Ազգային մրցունակության հիմնադրամը: Համակարգչային կաբինետի բացումն էլ Հալիձորի համար դրական քայլերից մեկն է:

«Երիտասարդությունը պիտի օտար լեզվի ու համակարգչային գիտելիքներ ունենա, որ նոր ստեղծվող կառույցներում կարողանա աշխատանք գտնել: Թե չէ բանվորություն անելը միշտ էլ կա եւ հետո դա ժամանակավոր բնույթ է կրում: Դրա համար էլ ամեն կերպ աշխատում ենք ինտեգրվել, հարմարվել, փորձել, բայց դեռ շատ բաների չենք հասել»,-նկատում է Հալիձորի ղեկավարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter