HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԻԿՕՄՕՍ-ը կոչ է անում փրկել Հալեպի մշակութային ժառանգությունը

Երեկ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը՝ ԻԿՕՄՕՍ-ը, Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետզհետե ուժգնացման կապակցությամբ տարածել է հաղորդագրություն՝ միջազգային մշակութային հանրությանը կոչ անելով միավորել ջանքերը Հալեպի մշակութային ժառանգությունը փրկելու ուղղությամբ: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հալեպ քաղաքը 1986 թվականից գրանցված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում՝ որպես հարուստ մշակութային բազմազանությունների և չընդմիջվող հաջորդական բնակեցումների վկայություն: Այն 12-րդ դարի բացառիկ էյուբյան քաղաքներից է՝ ռազմական ամրաշինություններով, որոնք կառուցվել են խաչակիրների դեմ Սալահ ադ-Դինի հաղթանակից հետո:

ԻԿՕՄՕՍ-ը չափազանց մտահոգ է այս կոնֆլիկտի հետևանքով համաշխարհային ժառանգության քաղաք հանդիսացող Հալեպի ժառանգությանը սպառնացող վտանգների համար:

Հիշեցնելով Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին կոնվենցիան (Հաագա, 1954թ.)՝ ԻԿՕՄՕՍ-ը զինված ընդհարման մեջ ներգրավված բոլոր կողմերին կոչ է անում հարգանք դրսևորել ու պաշտպանել Հալեպի մշակութային ժառանգությունը: Հալեպի մշակութային ժառանգության պաշտպանության կոչով հանդես է եկել նաև ՅՈւՆԵՍԿՕ-ն:

ԻԿՕՄՕՍ-ը մտահոգված է նաև Սիրիայի Արաբական Հանրապետության կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցված, ինչպես նաև ազգային ու տեղական նշանակություն ունեցող մշակութային ժառանգության պահպանությամբ. հուշարձաններ, պատմական բնակավայրեր, հնագիտական վայրեր, թանգարաններ ու մշակութային այլ օջախներ:

Սիրիական ընդհարման հենց սկզբից Սիրիայի մշակութային ժառանգության միջազգային պաշտպանության դիմումներով հանդես է եկել նաև «Կապույտ վահան» միջազգային կոմիտեն՝ կոչ անելով պաշտպանել այս երկրի անգնահատելի մշակութային ժառանգությունը»:

«ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հասարակական կազմակերպություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter