HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

«90 տոկոսը տառապում է ռեժիսորական անգրագիտությամբ». «Թատրոն X» փառատոնը ամփոփում է երեւանյան փուլը

Մարտի 21-ից Երեւանում անցկացվում էր «Թատրոն X» փառատոնը, որը տարբերվում է մյուսներից իր ձեւաչափով. փառատոնային յուրաքանչյուր ներկայացման հաջորդում էին բաց, հրապարակային քննարկումներ` բնագավառի մասնագետների մասնակցությամբ: «Թատրոն X»-ի երեւանյան փուլն այսօր ամփոփեցին  նախագահ Արա Խզմալյանը, պրոդյուսեր Էրիկ Բարսեղյանը, ինչպես նաեւ մասնագիտական հանձնախմբի անդամները:

Փառատոնի նախագահ Արա Խզմալյանն ամփոփմանը նշեց, որ որպես լավագույն դերակատարում միաձայն նշում էին Նարինե Գրիգորյանին` Սերժ Մելիք-Հովսեփյանի բեմադրած «Ազատ զույգը» ներկայացման մեջ: «Բացառիկ կուլտուրայի, ճաշակի, չափի զգացման մի դերասանուհի, որն ամենաինտիմ տեսարաններն անգամ կարող է բարձր էսթետիկական մակարդակով անցկացնել: Նարինեն իսկապես մեր ձեռքբերում է», - ասաց Արա Խզմալյանը:

 Նարինե Գրիգորյանի կատարմամբ մեկ այլ բեմադրություն էլ առանձնացրեց երաժշտագետ Նելլի Ավետիսյանը` Մնջախաղի թատրոնի  «Շեքսպիր, Սոնետ N 90» ներկայացումը` հավելելով այն փաստը, որ  բեմադրության համար ընտրված երաժշտությունը միանգամայն համոզիչ էր, նպաստում էր այն գաղափարին, որը նրանք ուզում էին արտահայտել:

Բացի Նարինե Գրիգորյանի ինքնատիպ հայտից, խոսվեց նաեւ Մարիամ Ղազանչյանի, Հարություն Ազարյանի հայտերի մասին: Նելլի Ավետիսյանն առանձնացրեց նաեւ «Միհր» թատրոնի բեմադրությունը, որը երաժշտագետին զարմացրել էր իր նորությամբ, իր մոտեցումներով:

Ըստ երաժշտագետի` փառատոնի ընթացքում իր համար մի հանգամանք կար. ներկայացումներում երաժշտությունն ընտրվում է տարբեր ստեղծագործություններից, երգերից, այսինքն`տարբեր կտորներից, որոնք ստեղծում էին խճապատկերներ. «Երբեմն այնպիսի երաժշտական կտորներ էին ընտրվում, որոնք չէին նպաստում տվյալ բեմադրության բացահայտմանը կամ տվյալ դրամատուրգիայի հարստացմանը»,- ասում է նա:

Երաժշտագետը փաստեց, որ քիչ են պատվիրում կոմպոզիտորներին երաժշտական նյութ, որը կարելի է օգտագործել բեմադրություններում:

Արա Խզմալյաննի կարծիքով, փառատոնի համար բացահայտում էր 27 դպրոցի «Թատրոնիկ» եւ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի սիրողական թատերախմբերի մասնակցությունը:

«Սա շատ կարեւոր բացահայտում էր գոնե մեզ համար, որովհետեւ մենք լուրջ խնդիր ունենք մեր երկրում դպրոցականների եւ ուսանողների մշակութային ժամանցը կազմակերպելու համար: Կրթական հաստատություններում ինքնագործ այսպիսի խմբերի ստեղծումը առօրյայից, քրեական թեմաներից շեղելու, դասական դրամատուրգիայի մեջ ընդգրկելու լավագույն միջոցներից է»,- ասաց նա:

 Արա Խզմալյանի կարծիքով` այսօր երկու հիմնական բան կա, որ թատրոններում անտեսվում է: Նախ բեմադրիչները անտեսում են այսօրվա հանդիսականի ժամանակի զգացողության խնդիրը. «Ժամանակ, ռիթմ, արագություն, սրընթացություն, ցանկացած հապաղում բեմում, խոսքային ծանրաբեռնվածություն տանում է դեպի ներկայացման տապալում»:

Երկրորդ հերթին նա անդրադարձավ դերասանական խաղին. «Դերասանների խաղն ամբողջապես կառուցվում է կուլմինացիոն կետերի վրա. ամենալավ դերասանն անգամ չի կարող մեկ-երկու անգամից ավելի պոռթկալ եւ դուրս գալ սահմաններից, որովհետեւ պոռթկումից հետո, այդ պարպումից հետո իշխում է դատարկություն, լռություն, դրանից հետո պիտի լռել: Այսինքն` եթե ներկայացման սկզբից իսկ դերասանը գալիս է ամենաուժեղ նոտաներով` թե ձայնային, թե պլաստիկ, թե դիմախաղի, այսինքն` էմոցիաների ծայրահեղ սրվածությամբ, այլեւս անհնար է պատկերացնել, թե մյուս երկու ժամվա ընթացքում դերասանը ինչ պիտի անի: Մեր դերասաններին պետք է պարզապես սովորեցնել, որը թատերական ինստիտուտի խնդիրն է, որ ոչ թե էմոցիաները ցուցադրեն, այլ էմոցիաները թաքցնեն, որովհետեւ բեմում ամենաանշան բանն անգամ դառնում է շատ ընդգծված, ցցուն»,- ասաց նա:

Թատերական ինստիտուտի բացթողումներից մեկին անդրադարձավ  թատերագետ Լեւոն Մութաֆյանը. «Մեզ ներկայացված աշխատանքների 90 տոկոսը տառապում է ռեժիսորական անգրագիտությամբ` բեմավիճակի կառուցման, միզանսցենի կառուցման, կոմպոզիցիայի լուծման, արխիտեկտոնիկ միջավայրի ներդաշնակության ձեւավորման մասին պատկերացում չունեն: Եվ սրանք երիտասարդ բեմադրիչներն են: Նախանձում ես, որ Սերժ Մելիք-Հովսեփյանը կարողանում է գտնել նոր ձեւեր, նոր լուծումներ, զարմանում ես, որ մեր միջին սերունդն այսօր շատ ավելի հեղափոխական է, շատ ավելի երիտասարդ է իր մտածողությամբ, քան շատ երիտասարդ բեմադրիչներ»:

Լեւոն Մութաֆյանի դիտարկումներ

Նրա կարծիքով առաջինը թատրոնների ներկայացրած խաղացանկային աղքատությունն է. «Չափից ավելի շատ են պարփակվել արդեն ավանդական դարձած պիեսների, ավանդականորեն հայ բեմում ներկայացվող պիեսների շուրջ: Սա մեր բացթողումներից մեկն է ազգային ժամանակակից հայ թատրոնում: Երկրորդը` ձեւավորվել է հայ ժամանակակից դրամատուրգիա` իսկապես հետաքրքիր, իսկապես բազմաշերտ, որի արտացոլումը մենք գրեթե չտեսանք թատերական ազդագրում»:

Լեւոն Մութաֆյանը զարմանում է, որ այսօր մեր թատրոններում գլխավորապես էքսպերիմենտների, թատերական փորձարարության, նորարարության դիմում են այն բեմադրիչները, ովքեր 50-ից բարձր տարիքի են, «մինչդեռ երիտասարդությունը պետք է հանդես բերի խիզախություն, համարձակություն, մղում դեպի նոր ձեւեր, մանավանդ «Թատրոն X»-ը կաղապարված փառատոն չէ: Նրա գլխավոր նպատակը նոր ձեւերի, սկզբունքների  խթանումն է: Մինչդեռ շատ հաճախ տեսնում ենք 20-22 տարեկան բեմադրիչի 100-ամյա մտածողության բեմադրություն, ինչի ականատեսը մենք եղանք այս օրերին»:

Լեւոն Մութաֆյանի խոսքերով` հաճախ կարելի է տեսնել պրոֆեսիոնալ խաղացանկային թատրոններում աշխատող մարդկանց դերասանական հնացած շտամպային որակներ:

Հ.Գ. Ապրիլի 12-ից սկսվելու է «Թատրոն X»-ի մարզային փուլը Տիգրան Սուքիասյանի «Հարգարժան պոռնիկը» բեմադրությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter