HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սննդամթերքի անվտանգություն. ով է պատասխանատու մեր բոլորի առողջության համար

Թեմայի վերաբերյալ մեր նախորդ` «Նախագահի վերահսկողական ծառայությանն էլ բանի տեղ դնող չկա» հրապարակումից հետո ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից (այսուհետ` Ծառայություն) ստացված պատասխան գրությանը ծանոթանալով, չենք կարող չտարակուսել. Ծառայությունում, որքան էլ անհեթեթ թվա, կամ չեն կարողանում հասկանալ իրենց ուղղված պարզ հարցերը` ուղղակի ունակ չլինելով դրան, կամ իրենց հայտնի պատճառով, հնարավոր է և չարամտորեն խուսափում են պատասխանել «Հետք»-ի` Ծառայությանն ուղղված հարցերի մի մասին: Այդ դեպքում մնում է ենթադրել, որ ժամանակ են շահում` հույսը դնելով այն սին պատկերացման վրա, թե մեր մեջ կմարի այդ հարցերի պատասխանը ստանալու ցանկությունը, կհոգնենք, հարցերը երկրորդ, երրորդ անգամ չենք կրկնի, ու խնդիրն այդպես կանցնի կգնա: Հավանաբար պատկերացում չունեն, որ այդ հարցերի պատասխանը, միևնույն է, ստանալու ենք թեկուզ դատական պարտադրանքով:

Դեռ 2011 թ. դեկտեմբերի 13-ին հիշյալ Ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանին, իսկ 2012 թ. մայիսի 15-ի կրկնվող հարցմամբ նույն ծառայության աշխատակազմի ղեկավար Հ. Գևորգյանին հարցրել ենք. «… եթե այլ բնակավայրերում տեսչական, վերահսկողական գործառույթ չի իրականացվել, ապա ի՞նչ պատճառով»: Հարցը կրկնելուց հետո հետևյալ պատասխանն է ստացվել. «Ծառայության տեսչական բաժնի աշխատակիցները 2011 թ. Երևանից և մարզկենտրոններից բացի, հանրապետության թվով 16 բնակավայրերում (համայնքներում, ավաններում և քաղաքներում) իրականացրել են տեսչական ստուգումներ 70 մլն դրամ և ավելի տարեկան շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներում` այլ պետական մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա և ՀՀ վարչապետի հանձնարարականներով»:

Նախ ընդգծենք, որ այս պատասխանը նրբին կեղծիք է պարունակում, որովհետև տեսչական ստուգումները կատարվել են հանրապետության 10 մարզկենտրոններից ընդամենը 4-ում` Եղեգնաձորում, Գյումրիում, Արմավիրում և Հրազդանում, այսինքն` մարզկենտրոններից 6-ում ընդհանրապես տեսչական ստուգումներ չեն կատարվել:

Երկրորդ. ակնհայտ է, որ մեր հարցին, չնայած այն կրկնելուն, դարձյալ պատասխան չի տրվել: Ընդամենն անուղղակիորեն կարելի է ենթադրել, որ այլ բնակավայրերում, ներառյալ 6 մարզերում տեսչական գործառույթ չի իրականացվել, որովհետև այնտեղ տարեկան 70 մլն դրամ և ավելի շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներ չկան (բայց այդպե՞ս է արդյոք), ՀՀ վարչապետի հանձնարարականներ էլ չեն եղել այնտեղ տարեկան մինչև 70 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներում տեսչական ստուգումներ կատարելու վերաբերյալ:

Բնականաբար հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ չեն եղել վարչապետի հանձնարարականներ: Ծառայությունը մարզկենտրոններից 6-ում և հանրապետության հարյուրավոր այլ բնակավայրերում (չէ՞որ դրանք 16-ը չեն) գտնվող կասկածելի, ստուգման անհրաժեշտություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներում տեսչական ստուգումներ կատարելու համար ինչո՞ւ չի դիմել վարչապետին, որպեսզի նա էլ համապատասխան հանձարարականներ տար:

Ինչ վերաբերում է Երևանում և մարզերում առևտուր կատարող 1243 տնտեսավարող սուբյեկտներում իրականացված մշտադիտարկումներին, ապա դրանք բնավ չէին կարող և չեն փոխարինել ստուգումներին` տեսուչների խիստ սահմանափակ իրավասության պատճառով (չեն ունեցել վարչական իրավախախտման համար տուգանք նախատեսող արձանագրություն կազմելու և այլ իրավասություններ):

Ծառայությունը, չնայած մեր կրկնակի հարցմանը, առ այսօր խուսափում է պատասխանել նաև հետևյալ հարցերին` կա՞ն մեր երկրում արտադրվող սննդամթերքներ, որոնց լաբորատոր փորձաքննություն չի անցկացվում, եթե կան, խնդրում ենք նշել պատճառները:  Ծառայության աշխատակազմի ղեկավար Հ. Գևորգյանի 13.06.2012 թ. պատասխան գրությունում, իբր պատասխան մեր այս հարցի, դրա հետ որևէ կապ չունեցող բոլորովին այլ` ՀՀ բեռների ներմուծմանը վերաբերող տեղեկություններ են ներկայացված: Հարցի հետ որևէ կապ չունեցող պատասխան ուղարկելը (ի դեպ, առաջին հարցումից 7 ամիս հետո) վկայում է նաև ինչպես սեփական և դիմացինի ժամանակի նկատմամբ հարգանքի բացակայության, այնպես էլ ՀՀ օրենսդրության, մասնավորապես` «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման մասին:

Մեզ հետաքրքրել էր նաև, թե այն ընկերություններից, կազմակերպություններից, որոնց հետ Ծառայությունը 2011 թ. ընթացքում  սննդամթերքի փորձաքննություններ կատարելու համար պայմանագրեր է կնքել, որո՞նք են մրցույթով ընտրվել, ո՞ր սննդամթերքների փորձաքննությանն են վերաբերում այդ պայմանագրերը: Չնայած կրկնակի հարցմամբ այս հարցը նույնպես կրկնել էինք, սակայն առ այսօր դրան պատասխան չի տրվել, աշխատակազմի ղեկավարը երկրորդ պատասխանում ևս շրջանցել է տվյալ հարցը:

Չնայած մեր կրկնակի հարցմանը, դարձյալ պատասխան չի տրվել,  թե 2009 թ. (առանձին) և 2010 թ. (առանձին)  փորձաքննությունների համար որքա՞ն գումար է նախատեսվել, որքա՞ն գումար է փաստացի հատկացվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությանը  (ներկայիս ծառայությունն այդ տեսչության իրավահաջորդն է), և տեսչությունը որքա՞ն գումար է փաստացի հատկացրել լաբորատորիաներին, «Ծառայության կողմից սննդամթերքի փորձաքննություն իրականացնող լաբորատորիաների մրցույթը 2011 թ. որոշակի ե՞րբ է հայտարարվել»:

Մեր 15.05.2012 թ. գրությամբ լրացուցիչ հարցման կարգով խնդրել էինք պատասխանել նաև, թե Ծառայության համապատասխան տեսչությունների կողմից 2011 թ. օգոստոսի 15-ից սեպտեմբերի 30-ը ժամանակահատվածում Երևանի խանութներից 45-ում իրականացված մշտադիտարկումների ընթացքում որոշակի ո՞ր խանութներում (խանութներից յուրաքանչյուրի հասցեն, անունը, խանութը շահագործող տնտեսավարող սուբյեկտի անվանումը) և այդ խանութներից  յուրաքանչյուրում որոշակի ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել` նշելով նաև պիտանիության ժամկետն անցած, առանց համապատասխանության սերտիֆիկատի կամ հայտարարագրի, հայերեն մակնշմանը ներկայացվող պահանջների խախտմամբ, տեխնիկական կանոնակարգերի այլ պահանջների խախտմամբ վաճառահանված սննդամթերքների տեսակը, անվանումը, արտադրող ընկերության անվանումը: Սակայն այս հարցին նույնպես պատասխան չի տրվել:

Գրեթե կասկած չունենք, որ մեր վերոնշյալ հարցերի պատասխաններից կամ ճշմարտությունը ներկայացնելուց խուսափելը որոշակի միտում ունի, որովհետև դրանից հետո կարող են հարցեր առաջ գալ, շատ լուրջ հարցեր: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում և կարգով Ծառայությունից պահանջում ենք վերոնշյալ և մեր նախորդ հարցումների չպատասխանված բոլոր մյուս` 24-րդ (ոչ թե 2011 թ. փորձաքննության ուղարկված սննդամթերքների ապրանքախմբերի, այլ հենց որոշակի (ռուսերեն` կոնկրետ) ապրանքների ցանկը), 21, 22-րդ հարցերի պատասխանները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter