HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Նախընտրական տրամադրությունը`Վանաձորում

Վանաձորի քաղաքապետի պաշտոնում թեկնածությունների առաջադրման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածը օգոստոսի 5-10-ն է, բայց քաղաքում արդեն որոշակի նախընտրական տրամադրություններ կան: Կուսակցություններից առայժմ միայն ԲՀԿ-ն է որոշում կայացրել Վանաձորի քաղաքապետի պաշտոնում թեկնածություն առաջադրելու վերաբերյալ: ԲՀԿ-ի թեկնածուն նախկին մարզպետի տեղակալ, ԲՀԿ Վանաձորի գրասենյակի ղեկավար Էդիկ Կարախանյանն է:

Քաղաքապետի պաշտոնի համար կուսակցությունը քննարկում էր նաև Վանաձորի ավագանու անդամ, ԲՀԿ-ական Արմեն Այվազյանի թեկնածությունը: Չնայած ԲՀԿ քաղխորհուրդն արդեն ընտրել է քաղաքապետի իր թեկնածուին, բայց Ա. Այվազյանը տեսականորեն չի բացառում, որ վերջին պահին` թեկնածուների պաշտոնական գրանցման ժամանակ, կուսակցությունը կառաջադրի այլ թեկնածուի: Հավանաբար նա դեռ հույս ունի, որ ԲՀԿ-ն իր թեկնածությունն է առաջադրելու: Ա, Այվազյանի աները, սակայն, բժիշկ Կարեն Ադամյանը, ով նույնպես ցանկություն ունի մասնակցելու քաղաքապետի ընտրություններին, վստահ է, որ փեսան չի առաջադրվի: Իսկ եթե ԲՀԿ-ն այնուամենայնիվ փոխի իր որոշումը Ա. Այվազյանի օգտին, բժիշկ Ադամյանին դա ամենևին չի կաշկանդի մրցակցելու իր փեսայի հետ:

«Ժառանգությունը» թեև հայտարարել է, որ ակտիվորեն մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին և թեկնածուների անուններն է ճշգրտում, կուսակցության Վանաձորի տարածքային գրասենյակի ղեկավար Գառնիկ Սահակյանի փոխանցմամբ, սակայն, քաղաքապետի թեկնածուի վերաբերյալ քննարկումներ դեռևս չեն եղել:

Առաջադրվելու մտադրություն ունի «Օրանժ Արմենիայի» Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Տարոն Ապրեսյանը: Վերջինս դեռ վերջնական որոշում չի կայացրել, բայց համոզված է, որ Վանաձորում «ժամանակն է եկել փոփոխությունների»:

Գործարար Գագիկ Հովսեփյանն էլ (Եղիշի Գագո) թեկնածություն կառաջադրի, եթե, իր խոսքով, թեկնածուների մեջ լինի այնպիսի մեկը, ում ընտրվելն օգուտ չի լինի համայնքի բնակչության համար: Թե ում նկատի ունի, Գ. Հովսեփյանն առայժմ չի մանրամասնում:

Այս պահին Վանաձորի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու հստակ որոշում են կայացրել «մշտական թեկնածու» Սեյրան Հարությունյանը (Կոմսի Սեյրան), որը, չգիտես ինչու, «Հետքի» հետ զրույցում ասաց, որ նախկինում առաջադրման միայն մեկ փորձ ունի, 99-ից պաշտոնավարող քաղաքապետ Սամվել Դարբինյանն ու «Պոպուլեքս» փաստաբանական ընկերության փաստաբան Կարեն Թումանյանը: ՀՀԿ-ն պաշտոնապես դեռ որոշում չի կայացրել գործող քաղաքապետի վերաբերյալ:  Սամվել Դարբինյանն ասաց. «Եթե կուսակցությունը սատարի, կսատարի, եթե ոչ, բոլորդ կիմանաք»: Հրաժարվեց պատասխանել հարցին`արդյոք ինքն էլ է ՀՀԿ-ԲՀԿ հնարավոր մրցակցության համատեքստում ԲՀԿ թեկնածուի նման հենց նրան համարում իր հիմնական մրցակիցը: Նշեց միայն, որ «ոչ թե հակառակորդ է  նայում, այլ բոլորին մրցակիցներ է նայում»:

Առաջիկա ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ԲՀԿ և ընդհանրապես կուսակցական հնարավոր պայքարի վերաբերյալ իր տեսակետն ունի փաստաբան Կարեն Թումանյանը: Ըստ նրան`այն, որ խորհրդարանական ընտրությունը «քաղաքական կռիվ է», դեռ կարելի է հասկանալ, քանի որ տվյալ դեպքում պայքարը վերաբերում է խորհրդարանում մեծամասնություն կազմելուն և որոշումների կայացման հարցում իշխող դեր ունենալուն:

Սակայն ինչով պիտի տեղական ընտրողին հետաքրքրի թեկնածուի կուսակցական պատկանելությունը: Այս վերջին դեպքում համայնքի ղեկավարի կողմից մատուցվող ծառայությունները պետք է պայմանավորված լինեն նրա կուսակցության ծրագրերով, բայց համայնքի ղեկավարումը բնակչությանը ծառայություններ մատուցելն է, ինչը առանց կուսակցության էլ կարելի է անել, սեփական ծրագրով:

Եվ այդ ծրագիրը պետք է բխի քաղաքացիների, ոչ թե կուսակցության շահերից: «ՏԻՄ ընտրությունը քաղաքական-կուսակցական ընտրություն չէ: Այնպիսի ընտրություն է, որ Վանաձորի բնակիչը ցանկանում է նորություն տեսնել`դրանից բխող բոլոր արդյունավետ հետևանքներով: Այս իրավիճակում կտեսնենք` վանաձորցին նորից կփորձի անկուսակցականի ձայն տալ, թե կընտրի կուսակցություն»,-ասում է Կ. Թումանյանը:

Նրա համոզմամբ`Վանաձորում լուրջ փոփոխությունները պետք է արվեն` սկսելով մտածողությունից. «Քաղաքացիները վճարում են հարկեր, արդյունքում պետական կամ տեղական պաշտոնատար անձը`չինովնիկը, ստանում է աշխատավարձ, հետևապես նա պետք է աշխատի հանուն հարկատուի: Պետք է վերացնել այն խտրական մոտեցումը, որ այս մարդը իմ հարևանն է, մտերիմն է, ուստի նրա նկատմամբ պետք է կայացվի բարենպաստ որոշում, մյուսի նկատմամբ`անբարենպաստ: Այս խտրականության վերացումը արդեն հավասարություն կստեղծի, մարդն իրեն հարգված կզգա: ՏԻՄ-ը պետք է բաց աշխատի, պետք է խտրականություն չդրվի մրցույթներ շահելու տեսակետից: Որպես ամենօրյա տեղեկատվություն փնտրող, ստացող`ես չեմ տեսել նման բան, որ մրցույթներից որևէ մեկը հրապարակային լինի»,-ասում է փաստաբանը, ով արդարադատությանն ուղղված իր գործունեությանը զուգահեռ համայնքային խնդիրների շրջանակում մշտապես շփվել է Վանաձորի ղեկավարության հետ և նույնիսկ մի շարք դատական գործեր է վարել քաղաքապետարանի դեմ:

Լուս.` http://www.lorinews.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter