HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Փակուղի` դատավորի պատճառով

Սիրիայի քաղաքացի Զարեհ Բերբերյանը 2003 թ. Հալեպում վաճառել է իր տունը եւ տեղափոխվել Հայաստան` մշտական բնակություն հաստատելու: Սակայն հայրենիքում տուն ունենալու բախտ նրան այդպես էլ չի վիճակվել:

Զարեհը դարձել է խարդախության զոհ, որում, ինչպես ինքն է ասում, գործուն մասնակցություն է ունեցել դատավոր Գագիկ Խանդանյանը:

«Բնակարան փնտրելիս 2005 թ. ապրիլին ծանոթացա Էմմա Ղազարյանի հետ: Նա առաջարկեց գնել իր մոր` Սիրուշ Բաբասյանի 1 սենյականոց տունը: Ասաց, որ այն 1997 թ. գնել էին միայնակ մի կնոջից` Ազնիվ Գրիգորյանից, բայց ինչ-ինչ պատճառներով չէին հասցրել պետական գրանցումը ձեւակերպել: Ուստի խնդրեց մի քիչ սպասել, մինչեւ դատարանի միջոցով այդ իրավունքը կվերականգներ»,- պատմում է Զարեհը:

2005 թ. հունիսի 7-ին Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանը, Գագիկ Խանդանյանի նախագահությամբ, հիշյալ բնակարանի նկատմամբ Ս. Բաբասյանի սեփականության իրավունքը ճանաչել է:

«Ապահովության համար ես նույնիսկ հանդիպեցի դատավոր Խանդանյանին: Նա վստահեցրեց, որ բոլոր փաստաթղթերն օրինական են եղել, 15 օր հետո իր կայացրած վճիռն օրինական ուժ կստանա, եւ ես անհանգստանալու առիթ ընդհանրապես չունեմ»,- պատմում է Զարեհը:

Օրեր անց` հունիսի 29-ին, Է. Ղազարյանը, մոր տված լիազորագրով, Ծերեթելի 44/4 հասցեում գտնվող այս բնակարանը 11500 ԱՄՆ դոլարով վաճառել է Զարեհին:

«Մոտ մեկ ամսում 10.700 դոլարը մաս-մաս տվեցի, իսկ մնացած 800-ը պայմանավորվեցինք, որ պետք է վճարեմ բնակարանի կոմունալ ծառայությունների եւ մյուս վարձերի վճարված լինելու հանգամանքը ճշտելուց հետո»,- հիշում է Զարեհը եւ նշում, որ Է. Ղազարյանից իր վճարումների դիմաց վերցրել է միայն 7500 դոլարի ստացական. «Որովհետեւ 3200 դոլարը երբ տվեցի, մեր միջեւ արդեն առքուվաճառքի պայմանագիրը կնքված էր, եւ կարծում էի, թե զգուշանալու խնդիր այլեւս չունեմ»:

Կարճ ժամանակ անց Զարեհին տեղեկացրել են, որ Է. Ղազարյանն իր դեմ հայց է ներկայացրել դատարան:

Գործը լսել է դարձյալ նույն դատավորը` Գ. Խանդանյանը: Վերջինս ապացուցված է համարել, որ Զարեհը բնակարանի համար Է. Ղազարյանին վճարել է միայն 7500 դոլար: Ուստի, դրամական պարտավորություններն ամբողջությամբ եւ ժամանակին չկատարելու համար, դատարանը որոշել է հայցը բավարարել` Զարեհին զրկելով բնակարանի նկատմամբ ձեռք բերած սեփականության իրավունքից:

«Աբսուրդն այն է, որ չնայած Խանդանյանն ապացուցված էր համարել, որ իբր տան համար Էմմային վճարել էի ընդամենը 7500 դոլար, սակայն վճռում ոչ մի բառ չի նշել գոնե այդ գումարն ինձ վերադարձնելու մասին»,- ասում է Զարեհը:

Մինչ նա այս վճիռը կբողոքարկեր, Բելգիայից Հայաստան է ժամանել բնակարանի օրինական սեփականատերը` Սարգիս Գրիգորյանը, որին նշյալ տունը դեռեւս 1990 թ. կտակել է իր հորաքույրը` Ազնիվ Գրիգորյանը:

Պարզվել է, որ 1997 թվականով գրառված եւ նոտարի կնիքով հաստատված բնակարանի առքուվաճառքի պայմանագիրը` կնքված Ա. Գրիգորյանի եւ Ս. Բաբասյանի միջեւ, վերջինիս դստեր` Է. Ղազարյանի կողմից ամբողջությամբ կեղծվել է: Ընդ որում` կեղծիքները եղել են բավական ակնառու, ինչը դատավոր Գ. Խանդանյանը զարմանալիորեն չի նկատել:

Հափշտակության համար երկու անգամ դատապարտված Է. Ղազարյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ եւ ուղարկվել դատարան: Ամբաստանյալն իրեն առաջադրված մեղադրանքը լիովին ընդունել է:

2006 թ. հուլիսի 31-ին Շենգավիթի առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել է 6 տարվա ազատազրկման: Դատական կարգով հաստատվել է նաեւ, որ Զարեհը մեղադրյալ Է. Ղազարյանին բնակարանի դիմաց վճարել է ոչ թե 7500, այլ 10 700 դոլար: Դատավոր Գագիկ Պողոսյանը վճռել է հօգուտ Զարեհի այս գումարը բռնագանձել: Սակայն վճռի այս մասն իրականություն չի դարձել, որովհետեւ արդեն դատապարտյալ Է. Ղազարյանն իր անունով ոչ մի սեփականություն չունի:

«Էմման խարդախությունը կատարել է Խանդանյանի հանցավոր համաձայնությամբ եւ հափշտակված գումարի մի մասը տվել է նրան: Եթե դատավորն ակնհայտ կեղծիքների վրա աչք չփակեր, հնարավոր չէր լինի խարդախությունն իրականացնել»,- ասում է Զարեհը եւ նշում, որ իր կրած վնասը պետք է փոխհատուցի հենց դատավոր Խանդանյանը:

Այս առնչությամբ Զարեհը բազմաթիվ դիմում-բողոքներ է գրել ՀՀ նախագահին, արդարադատության նախարարին եւ գլխավոր դատախազին: Սակայն որեւէ բան չի փոխվել: Իսկ Արդարադատության խորհուրդը մերժել է կարգապահական վարույթ հարուցել դատավոր Գ. Խանդանյանի նկատմամբ:

Զարեհը կնոջ եւ երեք ամսական դստեր հետ ապրում է վարձով: Նա արդեն որոշել է Հայաստանից հեռանալ: «Այստեղի կյանքին հարմարվել չի լինում: Նույնիսկ դատավորները բացահայտ անօրինականություններ են անում եւ մնում անպատիժ: Ում ուզում ես, բողոքի, բանի տեղ դնող չկա»,- ասում է Զարեհը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter