HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Աշոտ Պողոսյան. «Մարջանի հանքավայրի շահագործումը Արեւիսը կդարձնի կենսունակ համայնք»

Նախիջեւանին սահմանակից Սյունիքի մարզի Արեւիս գյուղի բնակիչները հունիսի 20-ին գյուղամիջում հավաքվել էին քննարկման: Այստեղ էին նաեւ մարզպետարանի, Բնապահպանության եւ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները, հարեւան գյուղերի` Հացավանի, Թասիկի եւ Աշոտավանի համայնքապետերը:

Բնակիչների հարցերը հիմնականում ուղղված էին ամերիկյան «Գլոբալ գոլդ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցներին:

Հանքարդյունահանմամբ զբաղվող «Գլոբալ գոլդն» աշխատում է Կանադայում, Չիլիում եւ Հայաստանում: Մեր երկրում ընկերությունը շահագործում է Թուխմանուկի ոսկու հանքավայրը, ուրան գտնելու ակնկալիքով ուսումնասիրություններ է կատարում Գետիկի հանքավայրում, իսկ Սյունիքի մարզում գտնվող Մարջանի բազմամետաղային հանքավայրում (ոսկի, արծաթ եւ պղինձ), որն Արեւիսից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է, ուսումնասիրությունների առաջին փուլն ավարտել է եւ անցնում է երկրորդ փուլին` հանքավայրի փորձնական շահագործմանը:

«Մեր գյուղը ոնց որ աշխարհից կտրված լինի: Բայց այստեղի բնությունը շատ լավն է: Հանքավայրի շահագործումը միջավայրին չի վնասի՞»,- հետաքրքրվեց արեւիսցի Մարիետա Նիկոլյանը:

«Իսկապես ուրախալի է, որ համայնքի բնակչին հետաքրքրում է միջավայրային անվտանգությունը: Դա շատ լավ է: Հավատացեք` ձեր անհանգստությունը մեզ օգնելու է»,- պատասխանեց «Գլոբալ գոլդ»-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պողոսյանը: Նա նշեց, որ Հայաստանի բնապահպանական կանոններին եւ սահմանափակումներին ենթարկվելուց զատ, «Գլոբալ գոլդ»-ը միջազգային երկու միությունների անդամ է, որոնց բնապահպանական չափանիշները շատ ավելի խիստ են: «Մեզ համար միջավայրային պարտավորությունն ամենից կարեւորն է: Դա մի պարտավորություն է, որ երբեք չի դադարելու»,- ընգծեց Ա. Պողոսյանը:

«Եկեք անկեղծ լինենք: Մարդը, երբ բնության հետ գործ է ունենում, շահագործում է ընդերքը, դրանով իսկ խախտում է բնության հավասարակշռությունը: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ վնասը լինի քիչ, հատուցումը` շատ: Միայն Մարջանի հանքավայրում մեր ընկերությունը 30-32 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարելու,- ավելացրեց «Գլոբալ գոլդ»-ի հայաստանյան մասնաճյուղի գլխավոր երկրաբան Հենրի Մկրտչյանը:- Ակնկալում ենք, որ այստեղ կունենանք երկու մեծ ձեռնարկություն, որոնց շնորհիվ կստեղծվի 500-600 աշխատատեղ: Իսկ այսօրվա փորձնական ծրագրով նախատեսում ենք քիչ ծավալներով աշխատող փոքր հարստացուցիչ ֆաբրիկա գործարկել, որը թույլ կտա 100-110 հոգու աշխատանքով ապահովել»:

Տնօրեն Ա. Պողոսյանը տեղեկացրեց, որ Մարջանի հյուսիսային տեղամասում կա նաեւ բաց հանք շահագործելու հնարավորություն: «Սա լավ նորություն է, քանի որ միջավայրի վրա ազդեցությունն ավելի քիչ կլինի: Բայց մենք անընդհատ մեր պատկերացումները հստակեցնում ենք եւ մյուս տարի ավելի ստույգ կպատասխանենք, թե որ հատվածում ինչքան բաց եւ փակ հանք կշահագործենք»: Վերջինիս խոսքերով` համեմատած մյուս հանքավայրերի հետ, Մարջանում բնապահպանական խնդիրները քիչ են: Նա նաեւ պատրաստակամություն հայտնեց գյուղացիներին տեղափոխել իրենց կողմից շահագործվող Թուխմանուկի հանքավայր, որպեսզի վերջիններս տեղում ծանոթանան իրենց գործելաոճին եւ սեփական աչքերով տեսնեն, թե ինչպես են պահպանվում բնապահպանակա նորմերը:

«Գլոբալ գոլդ»-ը որոշել է ֆաբրիկան 2,5-3 տարվա ընթացքում կառուցել գյուղից ոչ հեռու, որպեսզի հնարավոր լինի հանքաքարը պահեստավորել գործարանի մոտ եւ աշխատել նաեւ ձմռանը: Ընկերությունն արտադրելու է խտանյութ, իսկ ձուլարան կառուցելու համար համապատասխան պաշարներ, կարծես թե, չկան: «Դա զուտ տնտեսական հաշվարկ է: Եթե հանքավայրի պաշարները բավականացնեն, իհարկե, կլինի նաեւ ձուլարան»,- ասում է Ա. Պողոսյանը եւ շեշտում, որ, այնուամենայնիվ, հանքավայրը կունենա 40-50 տարվա կյանք:

«Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է, որպեսզի տեղի երեխաներն ավարտեն համապատասխան ֆակուլտետներն ու վերադառնան գյուղ` մեզ մոտ աշխատելու»,- նշում է ընկերության տնօրենը:

Ի պատասխան գյուղացիների հարցերի` նա նշեց նաեւ, որ ոչ մասնագետի ամենացածր աշխատավարձը 120 հազար դրամ է:

«Մենք մեզ համարում ենք այս համայնքի անդամը եւ ձեզ հետ միասին աշխատելու ենք լուծել առկա խնդիրները: Մեզ պետք է լինելու ջուր, հեռախոսակապ, նորմալ ճանապարհներ, տրանսպորտ: Հեռուստատեսությունը մի քիչ երկրորդական խնդիր է, բայց այն նույնպես կունենանք: Ամեն դեպքում հույսը մեկ ալիքի վրա չի լինի, ինչպես հիմա է,- խոստացավ Ա. Պողոսյանը:- Անկեղծ ասած` այստեղ ոչինչ չկա: Համայնքներում խանութներ կբացվեն, ծառայություններ կգործեն: Մենք աշխատելու ենք բոլոր ծառայությունները գնել ձեզանից: Կարճ ասած` կունենանք նորմալ, կենսունակ համայնք»:

Էկոնոմիկայի նախարարության կոնցեսիոն գործակալության փորձաքննության բաժնի պետ Գեւորգ Ալոյանը հավաքվածներին վստահեցրեց, որ Մարջանի հանքավայրի շահագործումը բնապահպանական առումով վտանգավոր խնդիրներ չի ստեղծի: Ըստ նրա` հարցը միայն ֆաբրիկան է, որի գործարկումն էլ արդեն նոր տեխնոլոգիաների շնորհիվ բնությանը վնաս չի հասցնի:

«Այնպես որ, ճանաչելով պրն Պողոսյանին` որպես պարտաճանաչ, արտասահմանյան ոճով աշխատող խստապահանջ մարդու, կարող ենք ասել, որ ամեն ինչ լավ է լինելու: Թուխմանուկի հանքավայրի շահագործումը դրա լավ վկայությունն է: Ուստի, միայն ողջունում ենք այս մեծ ներդրումները եւ պատկերացնում, որ համայնքում կյանքը բավական կաշխուժանա»,- շեշտեց Գ. Ալոյանը:

«Հույսով սպասում ենք»,- իր կարճ ելույթում նշեց Արեւիսի գյուղապետ Սասուն Սահակյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter