HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Գյումրու քաղաքապետի «մեծահոգությունը»

Կարապետյանների ընտանիքը 1988 թ. երկրաշարժից հետո երկար տարիներ ապրել է ժամանակավոր տնակում: 2007 թ. Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որոշմամբ` նրանց հատկացվել է բնակարան:

Տունն անմխիթար վիճակում է, եւ Վ. Ղուկասյանը «մեծահոգաբար հոգացել է» նաեւ վերանորոգման ծախսերը` քաղաքի բյուջեից տրամադրելով 480 հազար դրամ: Գումարը, սակայն, Կարապետյաններն այդպես էլ չեն ստացել, իսկ նրանց տրված բնակարանն իրականում այլ սեփականատեր ունի:

«Երկրաշարժից հետո «բնակարանի կարիքավորների» հերթացուցակում էինք` ընդամենը 399-րդ համարը: Իբրեւ երեք անչափահաս երեխաներ ունեցող եւ աղքատության նպաստ ստացող ընտանիք` պետք է օգտվեինք նաեւ արտոնությունից: Բայց մեր հերթն այդպես էլ չէր հասնում: Իսկ պետության տված ԲԳՎ-ի (բնակարան գնելու վկայագիր) արժեքը 16 հազար դոլար է, որով Գյումրիում նույնիսկ մեկ սենյականոց բնակարան չես գնի,- ասում է ընտանիքի մայրը` Հայկանդուխտ Կարապետյանը:- 2004 թ. ամուսինս ու 16-ամյա որդիս մեկնեցին Թաթարստան, որպեսզի գումար աշխատեն եւ կարողանանք ԲԳՎ-ի հետ միասին տուն գնել: Գնացին ու... Անտեր մնար էդ գնալը»:

Թաթարստանում Ոսկեհասկ գյուղի բնակիչ Արարատ Մուրադյանը, ժամանակավորապես հաշվառելու պատրվակով, վերցրել է Ռոբերտ Կարապետյանի եւ նրա անչափահաս որդու անձնագրերը եւ սպառնալիքների ու ծեծի միջոցով մատնել ստրկության: Ավելի քան մեկ տարի հայր ու որդի հարկադրաբար աշխատել են շինարարությունում եւ սնվել ցամաք հացով կամ մակարոնեղենով: Հետագայում Մուրադյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, եւ նա այժմ ազատազրկման մեջ է: Սակայն վերջինս իր անունով սեփականություն չունի, ուստի Կարապետյանները մինչ օրս չեն ստացել դատարանի վճռով հաստատված` իրենց կրած նյութական վնասը:

«Էս ամեն ինչը քիչ էր, մեկ էլ եկել էին, որ տնակից մեզ հանեն,- շարունակում է պատմել Հայկանդուխտ Կարապետյանը,- Գյումրու թիվ 30 դպրոցի համար «Լինսի» հիմնադրամը կառուցում էր սպորտդահլիճ, իսկ մեր տնակն այդ տարածքում էր:

Քաղաքապետարանի բնակբաժնի պետ Անուշավան Պապիկյանը հորդորում էր, որ գնայինք վարձով ապրելու եւ խոստանում էր երկու տարվա վճարը մուծել: Չհամաձայնեցինք, որովհետեւ դրանից հետո պետք է ընկնեինք փողոցները: Ասացի` որպես անօթեւան դարձած ընտանիք` մեզ օրենքով տուն է հասնում, գոնե «Մուշ 2»-ում բնակարան տվեք, որ քաղաքից կտրված, ամենածայրահեղ վիճակում գտնվող թաղամասն է»:

2007 թ. հոկտեմբերի 9-ին քաղաքապետ Վ. Ղուկասյանի որոշմամբ «Մուշ 2» թաղամասի 7/1 շենքում Կարապետյաններին հատկացվել է երեք սենյականոց բնակարան: Նույն օրը հինգ անձից բաղկացած ընտանիքին հանձնել են տան օրդերը եւ հանել «բնակարանի կարիքավորների» հերթացուցակից:

«Սա տուն չէ. Անիի ավերակն է: Պատուհանների ապակիները մենք ենք դրել: Ո՛չ դուռ կա, ո՛չ հատակ: Չորս կողմը բետոն է: Դուրսն ավելի տաք է, քան ներսը: Ձմռանն ամբողջ ընտանիքով հիվանդ պառկած էինք»,- նշում է ընտանիքի մայրը:

Բնակարանի վերանորոգման համար նա աջակցության խնդրանքով հանդիպել է անձամբ Վ. Ղուկասյանին:

«Ասաց` լավ, ես երկու տարվա վարձավճարի ձեւակերպմամբ գումար դուրս կգրեմ, կվերանորոգեք»,- հիշում է Հ. Կարապետյանը:

Նոր ստացած բնակարան տեղափոխվելուց մոտ երեք ամիս անց նա քաղաքապետի հետ պայմանագիր է կնքել, համաձայն որի` ինքն ընտանիքով պարտավորվում է ազատել թիվ 30 դպրոցի հարեւանությամբ գտնվող ժամանակավոր տնակը, փոխարենը քաղաքապետարանը, որպես երկու տարվա վարձավճար, միանվագ հատկացնում է 480 հազար դրամ: « ...պարտավորությունները կողմերի միջեւ կատարվում են անվերապահորեն եւ վիճարկման ենթակա չեն»,- նշված է պայմանագրում:

«Պայմանագիրը կնքելիս վստահեցրին, որ ամենաուշը մեկ ամսից գումարը կստանանք: Բայց ոչ մի կերպ այդ ժամկետը չի լրանում: Քաղաքապետարանի ֆինանսական բաժնում ասում են, թե իրենք գումար տալու հանձնարարական չեն ստացել: Ո՞րն է պատճառը, ինչու՞ չեն տալիս` չգիտեմ: Երկու անգամ գրավոր դիմել եմ քաղաքապետին, սակայն պատասխան չկա»,- ասում է Հ. Կարապետյանը:

Բնակարանը սեփականաշնորհելու համար Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանումը տան օրդերի հետ միասին Հ. Կարապետյանից պահանջել է ներկայացնել 17-րդ ձեւ: Անձնագրային բաժնից այն վերցնելով` վերջինս տեղեկացել է, որ իրենց տանը գրանցված են նաեւ ոմն Անդրանիկ եւ Արտակ Բալասանյաններ:

Պարզվել է, որ հիշյալ բնակարանը Բալասանյանները ստացել են ավելի վաղ եւ մեկնել Ռուսաստան: Հ. Կարապետյանի խոսքերով` նրանք այդ տանը երբեւէ չեն ապրել, եւ շենքում ոչ ոք նրանց չի ճանաչում:

«Բնակարանի հերթացուցակից մեզ հանեցին, իսկ այս տունը չենք կարողանում սեփականացնել: Գրանցվածները նույն իրավունքներն ունեն, ինչ-որ մենք: Նրանք զորակոչային տարիքում են եւ երբ դառնան 27 տարեկան, մի օր կհայտնվեն ու կասեն, որ սա իրենց տունն է: Քաղաքապետարանն էլ կարող է ցույց տալ վարձավճարի պայմանագիրը եւ պնդել, որ մեզ վարձով ապրելու գումար է տվել, եւ այս տունը մերը չէ: Սխալը ես էի. պետք է չվստահեի եւ պայմանագրում անպայման նշել տայի, որ գումարը վերանորոգման համար է: Բայց եւ չեմ ուզում հավատալ, թե քաղաքապետի մակարդակով կարող են դիմել նման խաբեության»,- ասում է Հ. Կարապետյանը:

Կարապետյանները խնդրին միջամտելու խնդրանքով դիմումներ են գրել նաեւ երկրի նախագահին եւ վարչապետին, բայց կրկին պատասխան չեն ստացել:

«Անհասկանալի վիճակ է: Չգիտենք` ի՞նչ կարգավիճակում ենք. տուն ունե՞նք, թե՞ ոչ,- ասում է Հ. Կարապետյանը:- Գոնե տնակը մերն էր: Հիմա ահով սպասում ենք, որ մի օր ինչ-որ մեկի հրահանգով մեզ այստեղից կվտարեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter