HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Դատախազը պահանջեց 5 տարվա ազատազրկում

Ամերիկահայ բարերարներ Ջորջ եւ Քերոլայն Նաջարյանների առանձնապես խոշոր չափերի հասնող գույքին խարդախությամբ տիրանալու համար Գրիգոր Իգիթյանին առաջադրվել է մեղադրանք:

Երկար դեգերումներից հետո գործը մտել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, եւ Ժորա Վարդանյանի նախագահությամբ մոտ 1,5 տարի է` ընթանում է դատաքննություն:

Այս տարվա մայիսի 6-ից, հիմնականում պաշտպանական կողմի նախաձեռնությամբ, դատական նիստերը հաջորդաբար հետաձգվում էին (Տես` Ջորջ նաջարյանի ներկայացուցիչն առաջարկում է կալանավորել մեղադրյալին): Հուլիսի 11-ին, ի վերջո, դատավարությունը շարունակվեց: Դատախազ Գեւորգ Երեմյանը հրապարակեց մեղադրական ճառը:

« ...Նախաքննությամբ ձեռք բերված եւ դատական քննության ընթացքում հետազոտված բավարար ապացույցներով լիովին եւ անվերապահորեն հիմնավորվել ու հաստատվել է ամբաստանյալ Գ. Իգիթյանի մեղքը,- նշեց դատախազը եւ մանրամասնեց,- Գ. Իգիթյանը խաբեության եւ Ջ. Նաջարյանի վստահությունը չարաշահելու եղանակով իրավունք է ձեռք բերել փաստացի վերջինիս պատկանող անշարժ գույքերի, այն է` Երեւան քաղաքի Աբովյան 32 հասցեում գտնվող ֆոտախանութի եւ դրանում առկա սարքավորումների, ինչպես նաեւ` «Ձորագյուղ» ազգագրական թաղամասի 4 եւ 11/12 հասցեներում գտնվող հողատարածքների եւ դրանց վրա կառուցված երկու շենքերի նկատմամբ...»:

Մեղադրողի խոսքերով` վերոշարադրյալ հանցավոր գործողությունների հետեւանքով Նաջարյաններին պատճառվել է ավելի քան 682 հազար ԱՄՆ դոլարի վնաս: Ամբաստանյալ Իգիթյանը միաժամանակ խուսափել է խոշոր չափերով` 5 մլն 604390 դրամի գանձվող հարկերը վճարելուց: Ուստի, դատախազ Երեմյանը դատարանին միջնորդեց Իգիթյանից բռնագանձել հիշյալ գումարները եւ նրան դատապարտել 5 տարվա ազատազրկման:

Փաստաբան Հրայր Ղուկասյանը նշեց, որ եթե ինքը չլիներ Նաջարյանների շահերի ներկայացուցիչը, շատերի պես կպահանջեր Գ. Իգիթյանին ենթարկել ամենախիստ պատժի:

«Բայց Ջորջ եւ Քերոլայն Նաջարյանները միշտ բարիք են բերել մարդկանց եւ երբեք որեւէ մեկին պատժելու խնդիր չեն ունեցել: Եվ այսօր, որպես Ջ. Նաջարյանի ներկայացուցիչ, ես դատարանից չեմ խնդրելու որեւիցե պատժատեսակ կամ պատժաչափ: Չեմ խնդրելու, որովհետեւ իմ վստահորդները եւ ես համոզված ենք, որ արդար դատաքննության արդյունքում հետազոտված ապացույցների հիման վրա կայացվելիք դատավճիռը, ի թիվս այլ հարցերի, անշուշտ, արդարացի կլինի նաեւ պատժի մասով»,- ասաց Հ. Ղուկասյանը: Նա իր ճառում շեշտեց նաեւ, որ հատուցումը պետք է կատարվի բնեղենով, այսինքն` Նաջարյաններին վերադարձվի իրենց գույքն ամբողջությամբ:

Ամբաստանյալի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը, պաշտպանական ճառը պատրաստելու համար, դատարանից խնդրեց մեկամսյա ժամկետ: Դատավոր Ժ. Վարդանյանը տրամադրեց մոտ 20 օր` հաջորդ նիստը նշանակելով հուլիսի 30-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter