HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«...Դա նրանց վերջին մտադրությունն է. եթե ոչինչ չստացվի, դիմել փախուստի»

Գրիգոր Իգիթյանը մեղադրվում է ամերիկահայ բարերարներ Ջորջ եւ Քերոլայն Նաջարյանների առանձնապես խոշոր չափերի գույքին խարդախությամբ տիրանալու մեջ: Հինգ տարի ընթացող դատավարության վերջն այդպես էլ չի երեւում: Վերջին ամիսներին, հիմնականում պաշտպանական կողմի նախաձեռնությամբ, դատական նիստերն անընդհատ հետաձգվում են, իսկ դատավոր Ժորա Վարդանյանը որեւէ կերպ չի կարողանում հակազդել:

Ստեղծված վիճակի մասին զրուցել ենք դատարանում Նաջարյանների շահերի ներկայացուցիչ Հրայր Ղուկասյանի հետ:

Պրն Ղուկասյան, հուլիսի 30-ին նշանակված դատական նիստը 20 օրով հետաձգվեց: Այս անգամ ի՞նչն էր պատճառը:

Պատճառն այն էր, որ ամբաստանյալի փաստաբան Կրոմվել Գրիգորյանին 20 օրը բավական չէր` պաշտպանական ճառ նախապատրաստելու համար, թեեւ դատախազին հենց այդքան ժամանակ էր տրվել` մեղադրական ճառը նախապատրաստելու համար:

Շուտով կլրանա հինգ տարին, որ ամերիկահայ բարերարներ Ջորջ եւ Քերոլայն Նաջարյանները փորձում են Հայաստանում իրավական պաշտպանության ձեւեր գտնել` իրենց իրավունքները վերականգնելու համար: Այս ընթացքում գործն անցել է բազմաթիվ ոլորապտույտներ. երկու անգամ նախաքննությունը կարճել է գործի վարույթը, իսկ հինգ տարբեր դատական ատյաններ էլ վերացրել են այդ որոշումները: 2007 թ-ին, ի վերջո, գործն ուղարկվեց դատարան, եւ արդեն 18 ամիս է` քննվում է Գրիգոր Իգիթյանին առաջադրված մեղադրանքը:

Հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի վկաներ, փորձագետներ, քրեական գործից հրապարակվել են շուրջ 17 հատոր փաստաթղթեր: Ապացուցողական ամբողջ բազան հետազոտված է, եւ 2008թ-ի մայիսի 5-ից գտնվում ենք, այսպես կոչված` դատական ճառերի փուլում, որը, սակայն, մինչեւ հիմա շարունակվում է: Հինգ կամ վեց անգամ դատական նիստերը չեն կայացել մեղադրյալի պաշտպան Կ. Գրիգորյանի չներկայանալու պատճառով: Մեկ անգամ դատավարությունը հետաձգվել է մեղադրյալի ենթադրյալ սրտի կաթվածի հետեւանքով: Փաստ, որը հետագայում չի հաստատվել: Մի խոսքով` դատաքննությունը չի ավարտվում այն պարզ պատճառով, որ պաշտպանության կողմը հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով անընդհատ գործընթացը ձգձգում է:

Ինչո՞վ է պայմանավորված պաշտպանական կողմի նման վարքագիծը:

Դատավարության 18 ամիսների ընթացքում պաշտպանության կողմին տրվել է բոլոր հնարավորությունները` իր դիրքորոշումները հիմնավորելու, պաշտպանելու եւ ապացույցներ ներկայացնելու համար: Սակայն նրանք ոչ մի բան չեն կարողացել անել: Այս ընթացքում իրենց կողմից որեւէ վկա չի դատակոչվել հարցաքննության, իսկ եթե ներկայացվել են ինչ-որ փաստաթղթեր, դրանք ուղղակի հաստատել են ամբաստանյալ Գ.Իգիթյանի մեղքը: Ընդհանրապես, ամբողջ գործընթացում իրենց գործունեության նպատակը եղել է բոլորին վարկաբեկելը` սկսած գործը քննող քննիչներից ու դատախազներից, վերջացրած վկաներով, Նաջարյանների ներկայացուցիչներով եւ այլն: Բովանդակային գործունեության փոխարեն ընդամենը զբաղված են եղել սրանով: Եվ այսօր` տեսնելով, որ արդյունքի չեն հասնում, անցել են մեկ այլ մարտավարության` ուղղակի ուզում են ձգձգել գործի քննությունը մինչեւ անվերջություն:

Իսկ դա հնարավո՞ր է:

Տեսականորեն` այո: Բայց գործնականում կան դիմակայելու հստակ միջոցներ: Տեսեք` շուրջ երեք ամեիս մենք գտնվում ենք դատական վիճաբանությունների փուլում: Ընդամենը երեք սուբյեկտ պետք է ճառ ասեին` դատախազը, տուժողի ներկայացուցիչը եւ պաշտպանը: Երեքից երկուսն արդեն ճառերը հրապարակել են: Մնացել է միայն պաշտպանը, որն այդ քայլին, կարծես թե, չի ուզում դիմել: Զարգացումները կարող են ընթանալ մի քանի ճանապարհով: Եթե դատարանը գտնի, որ պաշտպանը չարամտորեն խուսափում է ներկայանալ դատական քննությանը, ապա, ըստ օրենքի, կարող է պաշտպանին փոխել:

Այս քայլը, սակայն, իրատեսական չէ: Որովհետեւ 18 ամիս դատավարություն է ընթացել, եւ օրենքը հատուկ պայման ունի, ըստ որի` պաշտպանին փոխելիս պետք է հաշվի առնվի գործի բարդությունն ու քննության վրա ծախսված ժամանակը: Իսկ պաշտպանի փոփոխումը նշանակում է, որ նա կարող է դատարանին խնդրել նորից հարցաքննել այն վկաներին, որոնց հարցաքննությանն ինքը չի մասնակցել, հետազոտել այն ապացույցները, որոնց հետազոտմանն ինքը ներկա չի եղել, այսինքն` գործը պետք է նորից դատաքննվի: Չեմ կարծում, թե դատարանը կգնա դրան, որովհետեւ, վերջին հաշվով, կան գործի քննության ողջամիտ ժամկետներ, որոնք արդեն իսկ լրացել են:

Իրականում այս գործի դատաքննությունը 18 օրում կարելի էր ավարտել: Քանի որ, ըստ էության, դատարանը պետք է պատասխաներ մեկ հարցի` Գ. Իգիթյանը կատարե՞լ է իրեն մեղսագրվող արարքը, թե՞ ոչ: Որովհետեւ մնացած երկու կարեւոր հարցերը` այն, որ տեղի է ունեցել խարդախություն, եւ Ջ. Նաջարյանը տուժող է, Վճռաբեկ եւ Վերաքննիչ դատարանների 2005-2006թթ. որոշումներով իրենց պատասխանները ստացել են: Այլեւս քննարկման առարկա չէ, որ կատարվածը հանցագործություն է` խարդախություն, եւ որ Ջ. Նաջարյանը դրանից տուժել է: Մնում էր միայն Իգիթյանի մեղավորության հարցը, ինչն էլ հաստատվեց դատարանում հետազոտված բոլոր ապացույցներով:

Արդարադատությանը խոչընդոտելու հակազդելու մյուս տարբերակը, որն ավելի իրատեսական է, այն է, որ դատավորը պաշտպանին ճառն արտասանելու համար տրամադրում է ողջամիտ ժամկետ, ու եթե այս անգամ էլ վերջինս չի ներկայանում, դա ուղղակի գնահատում է իբրեւ ճառը ներկայացնելուց հրաժարում: Մեր դեպքում պաշտպանական կողմը շուրջ 1,5 ամիս իբր թե ճառի է պատրաստվում՝ անընդհատ հավելյալ ժամկետ պահանջելով եւ դատական նիստերին չներկայանալով։ Մեղադրվող կողմը չի կարողացել հերքել իր դեմ ներկայացված գեթ մեկ ապացույց գործի քննության ամբողջ հինգ տարիների ընթացքում, իսկ դատարանում զբաղված է ընդամենը դատական նիստերը վիժեցնելով։ Սա ընդամենը արդարադատության իրականացմանը խոչընդոտելու գործելակերպ է, ինչը նույնպես պատժվում է օրենքով։:

Ի՞նչ եք կարծում, ստեծված վիճակը հետեւա՞նքը չէ նրա, որ Իգիթյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորումը չընտրվեց, եւ արդյոք նա հնարավորություն չունի՞ արդարադատութունից խուսափելու:

Անշուշտ, այս ձգձգումների հիմնական պատճառն այն է, որ Իգիթյանը գտնվում է ազատության մեջ:

Իրավակիրառ պրակտիկայում առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության դեպքում մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց, որպես կանոն, ընտրվում է կալանավորումը, որովհետեւ նախատեսված պատիժը խիստ է` 4-ից 8 տարվա ազատազրկում, իսկ դա արդեն լուրջ նախպայման է ենթադրելու, որ անձը հետագայում կարող է խուսափել պատիժը կրելուց, կամ կարող է խոչընդոտել արդարադատության իրականացմանը, ինչն արդեն տեղի է ունենում մեր դեպքում: Ամբողջ նախաքննության ընթացքում մեղադրյալը տարօրինակ կերպով չկալանավորվեց, թեեւ դրա համար կային բոլոր հիմքերը:

Նա խոչընդոտում էր գործի քննությանը, անօրինական ազդեցություն գործում վկաների վրա, թերթերում հանդես էր գալիս սեփական հրապարակումներով եւ վարկաբեկում գործը քննող քննիչներին, դատախազներին ու փորձագետներին: Մեղադրյալը չկալանավորվեց նույնիսկ այն բանից հետո, երբ դատախազն իր մեղադրական ճառում դատարանին խնդրեց Իգիթյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման, սակայն խափանման միջոցը փոխելու միջնորդություն այդպես էլ չարեց: Այս վիճակում ավելի քան տրամաբանական է եզրակացնել, որ կալանքի չկիրառման պայմաններում ամբաստանյալն իրական հնարավորություններ ունի արդարադատությունից խուսափելու:

Այսօր ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, ըստ էության, լծակներ չի ապահովում մեղադրյալի վարքագիծը վերահսկելու, ինչը չափազանց անհանգստացնում է մեզ: Ճիշտ է, ըստ օրենքի, մեղադրյալը պարտավոր է բնակության վայրը լքելու, հեռանալու մասին նախօրոք տեղյակ պահել դատարանին, բայց եթե նա դա չանի, վերահսկելու մեխանիզմներ չկան: Մեղադրյալի ազատության մեջ լինելն ակնհայտորեն խոչընդոտում է դատավճռի կատարմանը: Եթե դատավճիռը լինի մեղադրական, սահմանված պատիժն էլ` ազատազրկման ձեւով, դժվար է պատկերացնել, որ նա կնստի տանը եւ կսպասի, որ իր հետեւից գան եւ ասեն` գիտե՞ս, դու 5 տարով գնում ես բանտ: Այս առումով, մենք չենք հասկանում մեղադրանքը պաշտպանող դատախազի դիրքորոշումը։ Պետք է հաշվի առնել, որ մենք գործ ունենք առանձնապես խոշոր չափերով խարդախության կատարած, օրենքով սահմանված բոլոր գործընթացները ժամանակային առումով ձգձգած, քննությունը եւ արդարադատությունը խոչընդոտած անձի հետ։

Հիմա ամեն ինչ կախված է դատարանից, եւ արդարադատությունն իրականացնելու, հանցագործին պատժելու, եւ բարերարների գույքը վերադարձնելու համար կա գործելու մեկ տարբերակ, որն օրենքով սահմանված միակ ձեւն է. հաշվի առնելով մեղադրանքով հիմնավորված հանցագործության ծանրությունը ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանք։ Ոչ ոք օրենքի կիրառման եւ հանցագործին պատժելու համար չի արել այլ կերպ կամ հակառակը, մի պարզ պատճառով. օրենքը կիրառելու համար հանցագործին՝ բացի դատարանում պաշտպանվելու իրավունքից, չի նախատեսում այլ առավելություն, քանզի հանցագործը օգտվում է այդ առավելությունից արդարադատությունը խոչընդոտելու եւ պատժից խուսափելու համար, ինչը տեղի է ունենու կոնկրետ Նաջարյանների գործի ամբողջ ընթացքում։ Ոչ դատավճիռը, ոչ գույքի բռնագրավումը, ոչ էլ Նաջարյանների վնասների հատուցումը հնարավոր կլինի իրականացնել, եթե չկիրառվի օրենքը: Ապացույցը՝ ինչ որ տեղի է ունենում այսօր։ Այնպես որ, բացառված չէ, որ դա նրանց վերջին մտադրությունն է. անել ամեն ինչ, եթե ոչինչ չստացվի, դիմել փախուստի:

Գործի ամբողջ պատմությունից կարո՞ղ ենք ենթադրել, որ Գ. Իգիթյանի թիկունքում կանգնած են զորեղ մարդիկ:

Եթե իրավաբանական տեսանկյունից գործի պարզությունը եւ Գ. Իգիթյանի դեմ ներկայացված անհերքելի ապացույցները համեմատենք այս 5 տարվա գործընթացների, ձգձգումների հետ, կհանգենք այդ հետեւությանը, որ սա չէր կարող լինել օբյեկտիվ վիճակ: Նման գործերը 5 տարի չեն քննվում: Ավելի բարդ գործեր են եղել ու ավելի շուտ են ավարտվել: Անշուշտ, այստեղ սուբյեկտիվ գործոն կա, սուբյեկտիվ ազդեցություն եւ միջամտություն: Միայն այն, որ քրեական գործ հարուցելու մերժումից հետո, ե՛ւ գլխավոր դատախազն է հարուցման մերժումը վերացնելու ցուցում տվել, ե՛ւ ավելի ուշ` դատարանները, բայց այդքանից հետո դարձյալ գործը նորից կարճվեց, խոսում է ազդեցիկ ուժերի միջամտության մասին:

Մենք ավելի քան բավարար հիմքեր ունենք կարծելու, որ այո, ոչ միայն ինչ-որ մարդիկ կանգնած են եղել մեղադրյալի թիկունքում, այլեւ ակտիվ միջամտել են գործընթացներին: Այլապես Նաջարյանների եւ այլոց մոտ հարց է առաջանում. վերջապես Հայաստանում ինչքան ժամանակ է հարկավոր դատաիրավական համակարգին առանձնապես խոշոր չափերով խարդախին պատժելու եւ տուժողների գույքը վերադարձնելու համար։ Պատասխանն այսօր՝ 5 տարուց ավելի։ Չեմ կարծում որ դա ընդունելի, կամ ողջամիտ ժամանակահատված է, եւ որ տարիներ տեւող ժամանակահատվածը հարիր է ցանկացած երկրի դատաիրավական համակարգին։

Մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չընտրելը եւս վերագրում եմ այդ ազդեցության հետեւանքներին: Ինչ-որ ուժ, համենայնդեպս, նրան փորձել է զերծ պահել նախ պատասխանատվությունից, հետո նաեւ՝ ազատազրկումից: Չեմ կարծում, որ դատական արձանագրությունում եղած անհերքելի ապացույցների առկայության պայմաններում այսօր նրանցից ինչ-որ բան կախված է: Դրա համար էլ դիմում են վերջին` էժանագին տարբերակների. նիստերի չներկայանալ, սուտ հիվանդություն ձեւակերպել, դատարանում մեղադրանքը հերքելու փոխարեն սպառնալիքներով լի նամակներ գրել հանրապետության նախագահին, կառավարությանը եւ ասել, որ եթե օրենքն իրենց նկատմամբ կիրառվի, ապա նրանք պետությանը դատի կտան եվրոպական դատարանում եւ այլն: Սա խարդախին բնորոշ գործելակերպ է, ինչն առկա է եղել այս գործի քննության ամբողջ ընթացքում։

Մեղադրյալի պաշտպանի վարքագիծը շատ տգեղ է նաեւ դատարանի հանդեպ: Օրինակ` վերջին դեպքում նա պետք է ներկայանար դատարան եւ ասեր, որ իրեն չի բավականացրել ճառին նախապատրաստվելու համար տրամադրված ժամանակը եւ խնդրեր հավելյալ օրեր: Բայց վերջինս ընդամենը նախորդ օրն իր չներկայանալու մասին դատարանին տեղեկացրել է թղթի միջոցով: Կ. Գրիգորյանը չի էլ բարեհաճել ներկայանալ դատարան եւ իր խնդրանքը հրապարակավ ներկայացնել, եւ այսպիսի դեպքեր մենք շատ ենք ունեցել: Սա ուղղակի արհամարական վերաբերմունք է հենց դատարանի նկատմամբ:

Ստեղծված վիճակից դուրս գալու համար ի՞նչ քայլեր եք պատրաստվում անել:

Նաջարյաններն արդեն գտնում են, որ ծախսվել է չափից ավելի ժամանակ: Նրանք նպատակ չեն հետապնդել ինչ-որ մեկին պատժելու: Ընդամենն իրավունքների վերականգնման, գույքի վերադարձման խնդիր է եղել: Բայց այսօր, երբ գործընթացը տեղափոխվել է ձգձգումների ու շանտաժի հարթություն, մենք իրավական հիմքեր ունենք նաեւ ավելին պահանջելու: Եթե շարունակվելու է այս անիմաստ կառուսելը, ապա մենք կքննարկենք Իգիթյանին անպայման ազատազրկելու պահանջի խնդիրը, քանի որ ակնհայտ է, որ այս ամենն ուղղորդվում է նրա կողմից:

Որքան էլ որ նրա պաշտպանը չներկայանա նիստերին, տարբեր պատճառներ բերի, բոլորի համար էլ պարզ է, որ դա մեղադրյալի գործողություններն են: Կա նաեւ հարցերի այլ խումբ, որոնց մենք չենք անդրադարձել մինչ այժմ. դա վնասների լիարժեք հատուցման խնդիրն է: Խոսքը միայն հափշտակված գույքի վերադարձման մասին չէ, այլ նաեւ այն վնասների, որոնք Նաջարյանները կրել են այս 5 տարիների ընթացքում:

Այսօր այդ շենքերը, որ շուրջ 4 տարի է` գտնվում են անխնամ վիճակում, որպես գույք, բառիս բուն իմաստով քայքայման եզրին են կանգնած: Բացի այդ, գործում առկա են ապացույցներ, որ Իգիթյանը՝ խարդախությամբ շենքերի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելուց բացի Նաջարյաններից խաբեությամբ ստացել է հսկայական գումարներ իբր թե կապալառուներին վճարելու նպատակով, սակայն այդ գումարները կապալառուներին չեն հասել։

Բացի այդ, Նաջարյանները հարկադրված կատարել են ծախսեր. ԱՄՆ-ից եկել են Հայաստան հարցաքննություններին մասնակցելու, փաստաբանական ծախսերը, եւ այլն: Ուստի, եթե մեր համբերությունը շարունակի չարաշահվել, այս բոլոր պահանջները կարող են ներկայացվել. դրանք հիմնավորված պահանջներ են, ապացուցված են, դրանց դեմ առարկելն անհնար է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter