HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Գյուղից մի աղջիկ եմ վերցնելու, գնամ Ռուսաստան»

Իգոր Եսայանը 23 տարեկան է, ապրում է Արցախում` Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում: Նա իր կյանքից որեւէ հետաքրքիր դեպք չի կարողանում մտաբերել: «Հի՞նչ պատմիմ, մանկություն տեսալ չեմ. ստեղ կռիվ էր»,- ասում է Իգորը եւ նշում, որ հիմա էլ իր առօրյան առանձնապես հետաքրքիր չէ:

 «Անասուն եմ պահում կամ ծմակից փետ պիրում: Գյուղում ուրիշ անելու բան չկա: Ղաթումն էլ քյամ եմ Մատաղիս, Մարտակերտ, ստրոյկում աշխատում, մի երկու մանեթ բերում տուն»,- պատմում է Իգորը:

Մեծ Շենը շրջապատված է անտառապատ լեռներով: Մինչ արցախյան գոյամարտն այստեղ ապրում էր 727 բնակիչ: 1992 թ. Մարտակերտի շրջանի մեծ մասի հետ ընկավ նաեւ այս գյուղը, իսկ ազատագրումից հետո բնակիչների մի մասն այլեւս չվերադարձավ: Շատերն էլ գաղթի ճամփան բռնեցին հետագա ծանր տարիներին: Մեծ Շենն այսօր ունի ընդամենը 333 բնակիչ:

«Շատ փիս օրեր ենք քաշել: Սամալյոտներն անընդհատ բամբիտ էին անում: Փախել ենք Ստեփանակերտ: Երկու փոքր խոխորցս հետ դպրոցումն էինք կենում: Հետո Մանվելի ջոկատը թուրքերին որ քշեց, հետ եկանք: Բայց ամեն ինչ քանդված էր. մի աթոռ չկար` նստեինք, դոշակ չկար` պառկեինք: Ամեն ինչ ստեղից-ընդեղից հավաքել ենք,- պատմում է Սվետա Բայունցը:- Առաջ օգնություն էին տալիս, շոր-մոր էին բաժանում: Հիմա էլ չկա: Հինգ քույրերս Հայաստանում են ապրում, ասում են` ա քեր, խի՞ տանջվում ես, խի՞ մեռնում ես, եկ մեզ մոտ, էլի: Բայց դե ո՞նց գնամ: Սկեսրայրս 70-ն անց սիրտը հիվանդ մարդ ա, սկեսրոջս էլ պարալիչը խփել ա, 12 տարի ա` անկողնային պառկած ա»:

Ս. Բայունցը հարեւան գյուղից է: Նա Մեծ Շեն հարս է եկել 24 տարի առաջ: Ամուսինը` տրակտորիստ Վովան, 12 տարի առաջ հանկարծամահ է եղել: Նրանց տղաներն արդեն 23 եւ 24 տարեկան են, սակայն 24 տարվա հարս Սվետան իր տուն հարս բերել չի պատրաստվում. «Դա տառնալի պան չի. ապրուստ պիտի ունենաս, ո՛չ գործ են անում, ո՛չ էլ փող կա: Տներն էլ քանդված է, մինչեւ հիմա հատակը պոկված ու փտած ա: Դիմում տված ա, բայց կյամ չեն սարքեն, հի՞նչ անիմ»,- հարցնում է Ս. Բայունցը:

«Այսօր շատ ընտանիքներ ունենք, որ հարեւանների լքված տներում են ապրում. իրենցը քանդված է: Վերջին տարիներին երկու զոհված ազատամարտիկի ընտանիքների համար գյուղում տուն ենք կառուցել, վերանորոգել ենք մեկ բնակարան` փախստական ընտանիքի համար: Ոմանց պետությունն աջակցում է շինանյութով, ասենք` ցեմենտ ենք տալիս: Դե, ծրագրերը շատ են, բայց պետությունն էլ չի հասցնում բոլորն իրագործել. ո՞ր մեկն արվի,- ասում է Մեծ Շենի գյուղապետ Վյաչեսլավ Խուրշուդյանը եւ հավելում,-միանգամից ամեն ինչ պետության վրա թողնելն էլ ճիշտ չէ: Ժողովուրդն էլ պետք է հնարավորության սահմաններում աջակցի, իր տունը կառուցի»:

Մեծշենցիների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է ու հողագործությունը: Գյուղն ունի մոտ 300 գլուխ խոշոր անասուն: Գյուղացիները հիմնականում պանիր են պատրաստում եւ Մարտակերտում ու Ստեփանակերտում վաճառում կամ փոխանակում:

«Ամեն ընտանիք ունի մոտ 6000 մ հող, ուր մեծամասամբ ցանում են ցորեն: Ցանկություն ունեցողները մշակում են, սակայն ոռոգման ջուր չլինելու պատճառով բերքատվությունը բարձր չէ: Բերքահավաքի ժամանակ կա՛մ Հայաստանից են գալիս տանում, կա՛մ էլ հենց Ղարաբաղում են ընդունում: Նախորդ տարիների համեմատ` այս տարի մարդիկ ամեն ինչ արեցին, որպեսզի ցանքսը շատացվի: Էն էլ տարածքների զգալի մասում քամին բերքը պոկեց, տարավ»,- նշում է Վ. Խուրշուդյանը:

«Հող ունենք, է, բայց փող պիտի լինի, չէ՞, որ կարենանք ցորեն առնենք, վարուցանք անենք: Նույնիսկ Հայաստանից պոմիդոր ու տաղտեղ են բերում, չենք կարողանում առնել: Տնամերձում էլ ցանում ենք, չի լինում. ջուր չկա»,- ասում է տիկին Սվետան:

Մեծ Շենում գրեթե բոլոր մրգերն աճում են: Գյուղացիները նշում են, որ եղանակի տաքացման հետեւանքով 1990-ականներից հետո իրենց մոտ սկսել է հասնել նաեւ թուզը:

«Ամեն ինչ էլ ունենք, ուղղակի անջրդի պայմաններում են: Խմելու ջուրը երկու օրը մեկ պոմպով աղբյուրից մղում ենք գյուղ, մարդիկ դրանով են ծառերը ջրում: Բայց դրանով հարց լուծել չի լինի»,- ասում է գյուղապետը:

Հայաստան համահայկական հիմնադրամն այս տարի հունիսին շահագործման է հանձնել նաեւ Մեծ Շենի խմելու ջրի նոր ջրագիծը: Սակայն ջուրը գյուղի ջրավազան է հոսել միայն 7 ժամ:

«Կարծում եմ` պատճառն այն է, որ ջուրը տարբեր տրամաչափի խողովակներով է բարձրանում գյուղ: Վարչակազմի ղեկավարը տեղյակ է, անձամբ մի քանի անգամ եկել է, զանգել է Երեւան, որպեսզի մասնագետներ ուղարկեն հարցը լուծելու: Բայց մինչեւ հիմա պատասխան չկա»,- ասում է Վ. Խուրշուդյանը: Նա համոզված է, որ եթե ջրի խնդիրը լուծվի, գյուղում կյանքը կաշխուժանա:

«Հիմա էլ ամեն ինչ այդքան վատ չէ: Վերջին տարիներին ոչ միայն դադարել է արտագաղթը, այլեւ մարդիկ սկսել են հետ գալ: Ամեն տարի մի ընտանիք, հիմնականում Ռուսաստանից, վերադառնում է գյուղ»,- վստահեցնում է գյուղապետը:

Իսկ 23-ամյա Իգորը երազում է գյուղից հեռանալ: «Այստեղ մնալու տեղ չէ: Գյուղից մի աղջիկ եմ վերցնելու, գնամ հորաքրոջս մոտ` Ռուսաստան: Հիմա էլ կգնայի, ուղղակի փող չունեմ»,- ասում է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter