HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յուրի Վարդանյանի 5 կետերը

Օգոստոսի 1-ին ինձ դիմեց news.am-ի թղթակիցը Լոնդոնի օլիմպիադայում մեր երիտասարդ ծանրորդի անհաջողության պատճառները մեկնաբանելու խնդրանքով: Անշուշտ, թղթակիցն ինձ դիմել էր ոչ թե որպես քաղաքական կամ պետական գործչի, այլ որպես փորձագետի, պրոֆեսիոնալի, քանի որ բոլորն իրավասու են ինձ համարել պրոֆեսիոնալ այդ ոլորտում և սպորտում ընդհանրապես:

Ես զուտ մասնագիտական տեսակետից արտահայտեցի իմ կարծիքը, որին անդրադառնալն այժմ հարկ չեմ համարում: Սակայն իմ բարյացակամ խոսքը, այն էլ` ցավով արտահայտված, որոշ շրջանակներում այլ կերպ ընդունվեց, ավելին` անհիմն քաղաքականացվեց:

Որոշ երիտասարդներ, դաստիարակության հետ կապված լուրջ խնդիրներ ունենալով, իրենց գիտելիքներին, խելքին ու մակարդակին անհամապատասխան արտահայտություններ թույլ տվեցին, ընդհուպ այն, թե Վարդանյանը թող չգնար Ամերիկա, մնար էստեղ և երիտասարդներ դաստիարակեր, իսկ եթե գնացել է, ուրեմն խոսելու իրավունք չունի:

Նման մոտեցումները համարում եմ անթույլատրելի և այս կապակցությամբ ուզում եմ մի քանի նկատառում հայտնել:

Առաջին: Կտրականապես անընդունելի է երկրում քաղաքականացնել սպորտը և դրա հետ կապված խնդիրները: Սպորտը մաքրություն է և չպետք է կեղտոտվի որևէ մեկի ամբիցիաներով ու կարճ խելքով:

Երկրորդ: Չի կարելի ցանկացած ոլորտի մասնագիտական բանավեճը տեղափոխել քաղաքական դաշտ:

Երրորդ: Անընդունելի է անհամաձայնությունը որևէ փորձագետի կարծիքի հետ օգտագործել որպես վիրավորանքի կամ այլ՝ անձնական բնույթի շահարկման պատրվակ, եթե անգամ այդ կարծիքի հետ դժվար է համաձայնել:

Չորրորդ: Հարիր չէ հայ երիտասարդներին չհարգել դիմացինի, տվյալ դեպքում ընդդիմախոսի տարիքն ու անցած ճանապարհը, էլ ավելի հարիր չէ այդ անցած ճանապարհում փնտրել մութ էջեր, մանավանդ երբ դրանք չկան (բազմիցս առիթ եմ ունեցել ներկայացնել հանրությանը թե իմ Ամերիկա մեկնելու, թե վերադառնալու պատճառները):

Հինգերորդ: Անթույլատրելի եմ համարում իմ մասնագիտական եզրակացությունն օգտագործել որպես անձնական-քաղաքական հարաբերությունները պարզելու մոտիվ. Գագիկ Ծառուկյանի հետ ես որևէ անձնական խնդիր կամ տարաձայնություն չունեմ, տարաձայնություն ունեմ և կունենամ իր ղեկավարած ոլորտի հարցերում, որոնց մեջ ես, ի տարբերություն նրա, պրոֆեսիոնալ եմ:

Յուրի Վարդանյան,
օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն

Մեկնաբանություններ (1)

Mleh
Ափսոս էր Յուրին...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter