HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անհետացել են նաև թունավոր խմիչքներին վերաբերող արխիվային փաստաթղթերը

Մեր հարցմամբ կատարված սկանդալային բացահայտումից հետո  ծառայողական քննություն է սկսվել 

2008 թվականի ամռանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությունը, ավելի որոշակի` այդ տեսչության Երևանի մարզային կենտրոնը առևտրային ցանցում  հայտնաբերել էր «Տիեզերք» ՍՊԸ-ի կողմից  Հայաստան ներկրված, համենայն դեպս, տվյալ պահին պահպանման ժամկետն անցած և օգտագործման համար ոչ պիտանի գարեջուր:

Դեռ միայն այդ ընկերության պահեստում 11.07.2008 թ. դրությամբ առկա և արտադրողի կողմից պահպանման ժամկետները լրացած «Հոլսթեն»,  «Կարլսբերգ», «Տուբորգ Գոլդ», «Ֆոսթերս», «Դաքսթեյն» և «Տուբորգ Գրին»  գարեջրերի քանակն ուղղակի հսկայական է եղել` 25532 շիշ և տուփ: Դժվար է ասել, թե ինչ էին լինելու դրանք` ներկրողի կողմից ոչնչացվելո՞ւ էին, թե ուղարկվելու էին առևտրային ցանց, մասնավորապես` մարզերի, և իրացվելու, եթե հիշյալ կենտրոնի կողմից չհայտնաբերվեին: Նմանապես մեզ հայտնի չէ դրանց ժամկետանց լինելու պատճառը` արդեն իսկ ժամկետանց կամ ժամկետի սպառմանը շատ մոտ վիճակո՞ւմ են Հայաստան ներկրվել (այդպիսի ապրանքն արտերկրում շատ էժան է և Հայաստանում իրացնելու դեպքում գերշահույթներ խոստացող), թե՞ այստեղ չնայած իրացման համար բավարար ժամանակի առկայությանը, չի հաջողվել իրացնել բարձր գների կամ մեկ այլ պատճառով: Այնուամենայնիվ, որքան մեզ հայտնի է, ժամկետանց գարեջուրը ոչնչացվել է ջրի հետ խառնելու, նոսրացման միջոցով:

Գրեթե նույն ժամանակ հայտնաբերվել են նաև երկու այլ ՍՊԸ-ների ընդհանուր առմամբ 69 անուն և մի քանի տասնյակ միլիոն դրամի ժամկետանց տարատեսակ սննդամթերքներ: Ըստ այն ժամանակ վերոնշյալ կենտրոնի պետ Մեխակ Ղազարյանի, ընդհանրապես, ժամկետանց ապրանքներ հայտնաբերվել են ոչ միայն պահեստներից, այլև այն գրեթե բոլոր խանութներից, որտեղ ստուգման ընթացքում եղել են տեսուչները:

Այլ ընկերությունների ժամկետանց սննդամթերքներ էլ են հայտնաբերվել, որոնց անունները, սակայն, մեզ հայտնի չեն: Խախտումները զանգվածային բնույթ են կրել, ի դեպ, նույն վիճակն է նաև այժմ: Բավական է ասել, որ տեսչության հիշյալ ստորաբաժանման կողմից միայն 2007 թ. ստուգված 677 օբյեկտների 98 տոկոսում տարատեսակ խախտումներ են արձանագրվել, դրանց պատասխանատուները ենթարկվել են վարչական տուգանքի: Սակայն այդ տուգանքները խախտումներ կատարող տնտեսավարող սուբյեկտների պատասխանատուների վրա ներազդելու, խախտումները կանխելու առումով արդյունավետ չեն եղել տուգանքի գումարների փոքր չափերի, ինչպես նաև հայտնաբերված խախտումներին տեսչության կողմից բավարար հրապարակայնություն չտալու, այդ հրապարակայնությունը չապահովելու պատճառով:

Մեր ունեցած հավաստի տեղեկատվության համաձայն` վերոնշյալ տեսչությունը, նրա Երևանի ստորաբաժանումը 2008 թ. բացի հիշյալ գարեջրից, հայտնաբերել է նաև տարբեր ներկրողների կողմից Հայաստան ներկրված վտանգավոր և վնասակար ալկոհոլային խմիչքներ: Լաբորատոր փորձաքննությունների արդյունքում պարզվել է, որ թունավոր միացություններ կան և օղու, և գարեջրի խմբաքանակների մեջ: Ի դեպ, Մեխակ Ղազարյանն այն ժամանակ տողերիս հեղինակի հետ զրույցում մի շատ ուշագրավ բան ասաց. «Եթե նրանց ապրանքները տարել ենք ոչնչացման, ապա այդպես հեշտ չենք տարել։ Մեծ ճնշումներ կան այս երկրում, այնպիսի մարդիկ են կանգնած այդ ապրանքների հետեւում, որ ամենաբարձր տեղերից ճնշումներ են եղել, բայց մենք գնացել ենք դրան»:

 

Սկսելով սննդամթերքի անվտանգության տեսչության իրավահաջորդ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանին դեռ 2011 թ. դեկտեմբերի 13-ի մեր գրավոր հարցմամբ, ի թիվս այլ հարցերի, վերոնշյալի առնչությամբ երեք հարց էինք ուղղել.

2008 թ. հայտնաբերված ժամկետանց, իրացման համար անթույլատրելի հսկայաքանակ և բազմանուն սննդամթերքների համար որոշակի ե՞րբ և ի՞նչ պատասխանատվության են ենթարկվել «Տիեզերք» ՍՊԸ-ն և երկու այլ ընկերություններ (նշել էինք անունները):

Երկրորդ. հարցման մեջ նշված և այլ ընկերությունների ժամկետանց, իրացման համար անթույլատրելի ո՞ր սննդամթերքներն են ոչնչացվել և օգտահանվել (խնդրել էինք, ըստ ընկերությունների պատկանելության, ներկայացնել այդ սննդամթերքների ցանկը):

Երրորդ. 2008 թ. ո՞ր ընկերությունների արտադրած և ո՞ր ընկերությունների ներկրած օղու և գարեջրի խմբաքանակներում են հայտնաբերվել թունավոր միացություններ, ի՞նչ անուններ են ունեցել այդ օղիներն ու գարեջրերը, ներկրող, իրացնող ընկերությունների նկատմամբ պատասխանատվության ի՞նչ միջոց կամ միջոցներ են կիրառվել:

Ծառայության 20.01.2012 թ. պատասխան գրությունում վերոնշյալ հարցերի պատասխանը չկար` պատճառաբանությամբ, որ տեսչության «ամբողջական արխիվը մեր տրամադրության տակ չի գտնվում»:  Չէինք կարող չտարակուսել` բա ո՞ւմ տրամադրության տակ է գտնվում: Ընդգծենք, որ այդ փաստաթղթերի արխիվային պահպանման ժամկետն անցած չէ:

Մեր տարակույսները փարատելու, համապատասխան պարզաբանում ստանալու նպատակով 2012 թ. մայիսի 15-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավար Հ. Գևորգյանի անունով ծառայությանն ուղարկված 2-րդ հարցմամբ  ընդգծելով, որ մեզ հետաքրքրող տեղեկությունները ներառված են փաստաթղթերում, որոնք ամենավաղը 2008 թ. թվագրության են, նշել էինք. «…հետևաբար Ձեր պատասխանը, թե վերոնշյալ տեսչության ամբողջական արխիվը ծառայության տրամադրության տակ չի գտնվում, չի բխում օրենքից և հիմնավոր չէ: Եթե կատարվել է տվյալ արխիվում եղած փաստաթղթերի մի մասի ապօրինի ոչնչացում, կամ այդ փաստաթղթերն անհետացել են, ապա խնդրում ենք «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում և կարգով տրամադրել այդ մասին Ձեր վերադասին և իրավապահ մարմիններին իրազեկելու գրությունների, ծառայողական քննություն նշանակելու հրամանի և նշված քննության արդյունքում կազմված եզրակացության պատճենները»:

Մեր առաջին հարցումից ուղիղ կես տարի հետո` 2012 թ. հունիսի 13-ին տրված պատասխանում նշված է սկանդալային բացահայտման մասին: Պարզվում է, մեր հարցման շնորհիվ հայտնաբերելով արխիվի մի մասին չտիրապետելու փաստը, կամ գուցե հարցումից հետո այլևս չկարողանալով թաքցնել, որ իրենց ամբողջական արխիվին չեն տիրապետում, այդ մասին տեղեկացրել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:

«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ` Ծառայություն), որը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության նախագահի 2010 թվականի դեկտեմբերի 11-ի N ՆՀ-292-Ն հրամանագրով և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսասանիտարիայի պետական տեսչության իրավահաջորդը, վերոնշյալ տեսչությունների ամբողջական արխիվին չի տիրապետում, որի հետ կապված կատարվել են որոշակի գործողություններ, այդ թվում` արխիվի բացակայության հարցը քննարկվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ 2011 թվականի դեկտեմբերի 21-ին կայացած խորհրդակցության ժամանակ, որի ընթացքում ՀՀ վարչապետի կողմից հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին անցկացնել ծառայողական քննություն` ներքին գործավարության փաստաթղթաշրջանառության խախտումների մասով և համապատասխան տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին,- նշված է ծառայության աշխատակազմի ղեկավար Հ. Գևորգյանի` «Հետք»-ին հասցեագրված 13.06.2012 թ. պատասխանում:-Հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, և Ծառայությունը դիմել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` տեղեկատվություն տրամադրելու վերը նշված աշխատանքային խմբի կողմից իրականացված աշխատանքների արդյունքի վերաբերյալ, սակայն պատասխան դեռևս չի ստացվել»:

Հ. Գևորգյանը պատասխանին կցել է դրանից մեկ օր առաջ` հունիսի 12-ին իր կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Կ. Միքայելյանին հասցեագրված պաշտոնական գրության պատճենը, որով վերջինիս հիշեցնելով վերոնշյալի մասին, խնդրել է «… հնարավորինս սեղմ ժամկետում տեղեկատվություն տրամադրել վերը նշված աշխատանքային խմբի կողմից իրականացված աշխատանքների արդյունքի վերաբերյալ»: 

Անցել է արդեն մոտ 2 ամիս, սակայն մենք մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները դեռ չենք ստացել, ինչից կարող ենք ենթադրել, որ պարոն Միքայելյանն ակնկալվող տեղեկատվությունը դեռ չի տրամադրել ծառայությանը, այլապես վերջինս կպատասխաներ մեր հարցերին: Վերոնշյալից կարող ենք եզրակացնել, որ հիշյալ աշխատանքային խումբը կամ արդյունավետ չի աշխատել, չի կատարել իր առջև դրված խնդիրը, կամ էլ այնպիսի բացահայտումներ է կատարել, որոնք նախընտրել է թաքցնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter