HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Կառավարության 432 որոշումը բազմանդամ ընտանիքների համար վերածվել է մղձավանջի (վիդեո)

Գյումրի քաղաքի Մեքենավարների փողոցի 49 տանը վարձով բնակվող Գեւորգյանների 13 անձից բաղկացած ընտանիքը մեկ ամիս առաջ բնակարանի հատկացման խնդրանքով դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում 36-ամյա Լուսինեն պատմել էր իր բազմանդամ ընտանիքի, 11 զավակների, բնակարանի հետ կապված մեծագույն խնդրի մասին: Երիտասարդ, բազմազավակ մայրը հույս ուներ, որ իր նամակն այս անգամ նախագահականում որեւէ պաշտոնատար անձ կընթերցի, եթե անգամ նախագահին այն չհասնի:

Կնոջ լավատեսությունն այս անգամ էլ էր պատժվել: Նամակը ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության, քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչ Ա. Ասատրյանն ուղարկել էր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, վերջինս էլ պատրաստակամորեն պատասխանել էր տիկին Ասատրյանին, նամակի կրկնօրինակն էլ հասցեագրել Գեւորգյաններին:

Պատասխանում քաղաքապետը մանրամասնորեն բացատրել էր, թե ինչու Գեւորգյանները չեն կարող օգտվել ներկայումս Գյումրիում իրականացվող բնակարանաշինության ծրագրից: Նրանք անօթեւան չեն, երկրաշարժին բնակարան չեն կորցրել, Արտյոմի հայրական տունը «Լինսի» ծրագրով ամրացվել է եւ կրկին հատկացվել սեփականատերերին: «Բայց ոչինչ, որ այդ երեքսենյականոց բնակարանում ապրում են եղբայրս իր 8 անձից բաղկացած ընտանիքով, ծնողներս ու քույրս,-հակադարձում է Արտյոմը,-ես 13 անձով հո չէի կարող էնտեղ մնալ»:

Լուսինեն ասում է, որ իրենք անգիր գիտեն կառավարության ընդունած չարաբաստիկ 432 որոշման պահանջները: Այո, իրենք անօթեւան չեն համարվում, ոչ ոք չի պնդում, որ իրենց բնակարան հատկացնեն` շրջանցելով այդ որոշումը, սակայն իրենք համարվում են բազանդամ ընտանիք: 9 աղջիկ եւ 2 տղա են մեծանում Գեւորգյանների ընտանիքում: 13 երեխա կլինեին, եթե անցյալ տարի ծնված երկվորյակները չմահանային: «Մարդիկ իրանց 2 էրեխուն չեն կրնա պահե, ես 11-ին կպահեմ, գոնե էդ բնակարանի հարցը լուծվեր, թափառականի նման օտարների տները վարձով չմնայինք»,-նեղսրտում է Արտյոմ Գեւորգյանը:

Գյումրիում գործող «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վահան Թումասյանն, ով երկու տարի է` զբաղվում է անօթեւանների հաշվառման, հայտնաբերման, փաստաթղթերի ամբողջացման գործերով`Գեւորգյանների խնդրին տեղեկացել էր «Հետքի» նախորդ հրապարակումից եւ ցանկություն հայտնել այցելելու: «Որպես սկիզբ ուզեցինք նախ հագուստով օգնել այս ընտանիքին, հետո «Հետքի» հրապարակումից տեղեկացել էի, որ կարի մեքենա են ուզում, մտածում եմ հեռուստացույց նվիրենք երեխաներին, հույս ունեմ, որ մեր կենտրոնի հետ համագործակցող արտասահմանցի բարերարները տան խնդիրը կլուծեն»,-ասում է Վահան Թումասյանը:

«Շիրակ կենտրոնի» անօթեւան ընտանիքների մասին պատմող մի քանի տեսանյութերի հրապարակումից հետո իրենց անձը բացահայտել չցանկացող բարերարների շնորհիվ 7 բնակարան գնվեց Գյումրիում: Եվս երկու անօթեւան, սոցիալական վատ պայմաններում գտնվող ընտանիք էլ բնակարանատեր դարձավ կառավարության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում: Վահան Թումասյանի փոխանցմամբ, հիմա 10-րդ բնակարանի, հետեւաբար 10-րդ անօթեւանին բնակարանով ապահովելու շուրջ բանակցություններն են ընթանում: «Ես շատ բան չեմ կարող խոստանալ Գեւորգյաններին, բայց կենցաղային իրերը, որոնց կարիքն իրենք ունեն, դրանց հարցը հնարավոր է առաջնահերթորեն լուծել, դե իսկ բնակարանն էլ պիտի աշխատենք գտնել մեկին, ով կուզենա այս մարդկանց համար տուն գնել Գյումրիում»:

Այս ուսումնական տարում Գեւորգյանների ընտանքից 7 երեխա հաճախելու է դպրոց: Վահան Թումասյանը խոստացավ «Ոչ մի երեխա դպրոցից չպետք է դուրս մնա հագուստ և գրենական պիտույքներ չունենալու պատճառով» խորագիրը կրող բարեգործական ծրագրի շրջանակում առաջին դասարան հաճախող 2 փոքրիկներին տրամադրել անհրաժեշտ բոլոր պարագաները: «Եթե հնարավոր է, օգնեք սնունդով,-հրաժեշտ տալուց առաջ խնդրեց Լուսինեն,-այդ հարցում բավական դժվարանում ենք, գոնե ալյուրով»:

Մեկնաբանություններ (1)

samvel
Ես ինքս բազմազավակ հայր եմ ունեմ 6-18 տարեկան 5 երեխա,այն վերաբերմունքը որ կա այսօր բազմազավակ ընտանիքների հանդեպ իշխող վերնախավի կողմից ոչ միայն հանցագործ անտարբերություն է այլ նաև հակահայկական և հակապետական;Այն բազմաթիվ խնդիրները որ կախված է մեր ընտանիքների գլխին իհարկե խորթ է մեր մեծապատիվ և մեծահարուստ իշխանիկներին ,դե նրանց երեխեքը չեն թերսնվել,ձմեռը չեն մրսել տունը չջեռուցվելու պատճառով,ուսումից չեն դուրս մնացել ծնողների անվճարունակության պատճառով...որը թվարկես:ես ուղակի կոչ կանեի այն բոլոր մարդկանց,մեր սփյուռքի բարերարներին որոնք կարող են և ցանկություն ունեն օգնել իրենց հայրենակիցներին և հայրենիքին որ հիշեն բազմանդամ ընտանիքները իրավ դրա կարիքը ունեն և իհարկե արժանի են ուշադրության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter