HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը նշում է երիտասարդության միջազգային օրը

Այսօր Հայաստանում Երիտասարդության միջազգային օրվա շրջանակներում հայտարարվել է երիտասարդական կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ` «Մարդու իրավունքների թվային դարաշրջանում» թեմայով: Մրցույթն ուղղված է երիտասարդների շրջանում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի վերաբերյալ գիտելիքների ընդլայնմանը:  

Այն նպատակ ունի բարձրացնելու երիտասարդների իրազեկվածության մակարդակը թվային դարաշրջանում մարդու իրավունքների վերաբերյալ, երիտասարդներին այս խնդրին ստեղծագործաբար մոտենալու հնարավորություն տալ, խթանել մարդու իրավունքների պաշտպանների հաջողությունները և հնարավորություն տալ մասնակցելու մարդու իրավունքների օրվա միջոցառումներին: Լավագույն ֆիլմերի հեղինակները կպարգևատրվեն, իսկ ֆիլմերը կցուցադրվեն Մարդու իրավունքների օրը` Երևանում: 

Երիտասարդները հրավիրվում են ներկայացնելու իրենց կարճամետրաժ ֆիլմերը (hղումը` այստեղ): 

Միևնույն միջոցառումը միաժամանակ  տեղի է ունենալու ՄԱԿ-ի անդամ այլ պետություններում: Հայաստանում պարգևատրման արարողությունն ուղիղ կհեռարձակվի` հնարավորություն տալով տարբեր երկրների երիտասարդներին համացանցի միջոցով միմյանց հետ կապ հաստատելու, խթանելու միջազգային երկխոսությունը, հաստատելու հանդուրժողականություն և փոխանակելու մարդու իրավունքների խթանման հարցում ունեցած փորձը: 

«Երիտասարդ մարդկանց հետ և նրանց համար աշխատելն իմ առաջնահերթություններից մեկն է: Երիտասարդությունը փոխակերպումների ունակ ուժ է. նրանք փոփոխությունների ստեղծագործ, կարող և խանդավառ դեսպաններ են` լինի դա հանրային հրապարակում, թե կիբեռտարածքում»,- իր ուղերձում նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը: 

«Մենք պետք է ստեղծենք ավելի շատ և ավելի ուժեղ մեխանիզմներ երիտասարդների մասնակցության համար: Եկել է ժամանակը երիտասարդության ձայներն ավելի իմաստալից կերպով ինտեգրելու բոլոր մակարդակներում որոշումների կայացման գործընթացներում: Կոչ եմ անում կառավարություններին, մասնավոր հատվածին, քաղաքացիական հասարակությանը և գիտակրթական հատվածին` ավելի բացել դռները երիտասարդների առջև և ամրապնդել գործընկերությունները երիտասարդների կողմից առաջնորդվող կազմակերպությունների հետ»,- ավելացրել է Բան Կի-Մունը: 

Մրցույթը հայտարարված է ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Եվրոպայի խորհրդի կողմից` ՀՀ Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: 

Երիտասարդության միջազգային օրն ամբողջ աշխարհում նշվում է1999 թվականի օգոստոսի 12-ից` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ: Որոշումը շեշտում է կարևորությունը, որ ՄԱԿ-ի անդամ պետությունները տալիս են երիտասարդության հիմնահարցերին` ներառելով դրանք իրենց ազգային, տարածաշրջանային և համաշխարհային օրակարգ:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter