HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Live to ride, ride to live»,- ասում են գյումրեցի բայկերները (վիդեո)

Շատերին անհասկանալի է, թե ինչ է նշանակում սլանալ 150 կմ/ժ արագությամբ, երբ քամին խփում է դեմքիդ, գլխավերեւում աստղազարդ երկինքն է կամ կուրացնող արեգակը, ասֆալտապատ ճանապարհին հպվող անիվների գրեթե չզգացվող սահքն ու երաժշտության նման հնչող շարժիչի գվվոցը, որ հիմնականում ասոցացվում է ազատության հետ: Արագություն եւ ազատություն` «երկու կանայք», որոնք մշտապես ուղեկցում են իսկական բայկերին: Երկու հրաշալի զգացողություն, որը նա չի փոխի երկնային ոչ մի այլ հաճույքի հետ: Բայկերությունը դա կենսաձեւ է` անկախության, շատ հաճախ էլ սեքսուալության խորհրդանիշ: «Մեկը բոլորի եւ բոլորը մեկի համար» կարգախոսն հենց բայկերների համար է ասված:

Մոտոցիկլ վարող ամեն մեկը չէ, որ բայկեր կոչվելու իրավունք ունի: Իսկ ինչպես տարբերել սովորական մոտոցիկլավարին բայկերից: Դա շատ հեշտ է: Մոտոցիկլի տեսքը քեզ կհուշի, թե ով է դիմացինդ: Ի տարբերություն տիպային մոտոցիկլների, բայկը յուրօրինակ երկաթե նժույգ է: Այն իր տիրոջ կերպարը լիովին բացահայտող մի միջոց է: Եվ տերն ինքն էլ իր հագուկապով, իր ամբողջ տեսքով քեզ կհուշի. քո առաջ իսկական բայկեր է կանգնած:

Ավանդապաշտ Գյումրիում բայկերության գաղափարը, թեպետ ուշացումով, սակայն բավական հեշտորեն արմատացավ: 2005թ-ի համահայկական շուրջպարը, որին մասնակցում էին 10-15 մոտոցիկլավարներ Գյումրիից, արժանացան ամերիկահայ Պերճ Գասպարյանի ուշադրությանը: Վերջինիս ջանքերով դեռեւս 90-ականներին ԱՄՆ մի շարք նահանգներում ստեղծվել էին հայ բայկերներին միավորող ակումբներ: Նմանատիպ ակումբ արդեն իսկ գոյություն ուներ Երեւանում ու հերթը Գյումրիին էր: Տղաներն ակումբ ստեղծելու Պերճի առաջարկն ընդունեցին:

«Իսկ ինչի մենք էլ մերը չունենայինք»,-նկատում է Տիգրան Պողոսյանը: Նա մասնագիտությամբ մանկավարժ է, դպրոցում զինվորական պատրաստություն է դասավանդում եւ համակարգում ակումբի աշխատանքները:

«Պերճը որ ծանոթացավ մեր հետ, ասեմ` նախ շատ ուրախացավ` տեսնելով մեզ մոտոներով: Ինքը մենակ չէր, ակումբակիցների հետ էր, ուզեցին մեր մոտոները քշել, որ իրանց ճիշտն ասած խաղալիք թվացին, դե եթե հաշվի առնենք, թե Ամերիկա ինչ ֆիրմայի տեխնիկա իրանք կքշեն, ուրեմն մեր սովետականները պիտի դեմը խաղալիք թվային: Հետո առաջարկեցին ստեղծել Գյումրիում «Hye Riders» մոտոսիրողների կլուբ, որ իրանց մասնաճյուղն էր լինելու: Այ էդպես մենք հավաքվեցինք մեկ տեղում: Առաջ էլ մտերմություն, շփում կար, բայց կլուբի ստեղծելով էդ ամեն ինչի մեջ այլ տարրեր մտան, որից ամենակարեւորը համախմբվածությունն էր»,-շարունակում է Տիգրանը:

Տիգրան Պողոսյան Տիգրան Մարգարյան

Ակումբի հիմանական անդամները տասն են, թեեւ քաղաքում մոտոցիկլ վարողների թիվն ավելի շատ է: Ակումբի անդամները բոլորն էլ կրում են «Hye Riders» գրությամբ կաշվե կիսաթեւ բաճկոններ: Տղաներից ավագը Մնացականն է`  49 տարեկան, երիտասարդը` Նիկիտան` 23 տարեկան:

Ակումբում Տիգրանները երկուսն են, որոնց տարբերելու համար մեծ ու փոքր են կոչում: Ավագ Տիգրանը, որ 41 տարեկան է, զինղեկ է մասնագիտությամբ, փոքր Տիգրանը` 33 տարեկան է, մասնագիտությամբ` քարտաշ: 23-ամյա Նիկիտան զինծառայող է, 37-ամյա Ստեփանը` խառատ, 49-ամյա Մնացականը` էլեկտրիկ, Ռոբերտը` 

գործարար: Նիկիտան եւ Ռոբերտը նաեւ մեքենա են վարում` «Մերսեդես» եւ «BMW-X5»: Տղաների մի մասը դեռ բանակից հուշ մնացած դաջվածքներ են կրում մարմնի վրա, սակայն դրանք բայկերական ատրիբուտներ չեն:

Ամերիկյան բայկերների այդ սովորույթը դեռ Գյումրի չի հասել: Ինչպես հայտնի է` բայկերական շարժումն առաջացել է Ամերկայում 1950-ականներին, Եվրոպա ու Ռուսաստան թափանցել` 1970-ականներին: Երկար ժամանակ բայկերներ համարվում էին չոպպեր (Chopper) վարողներն, ու դա անպայման զուգակցվում էր մոտոցիկլի բավական առաջ մղված առաջնային անիվի, խրոմի, կաշվի, երկար մազերով մորուքավոր եւ դաջվածքներով զարդարված մոտոցիկլավարի կերպարի հետ: Դաջվածքներն, ինչպես մոտոցիկլի հետ կապված զանազան ատրիբուտների օգտագործումը, ինքնանպատակ չեն:

Ազատության գաղափարը դաջվածքներում արտահայտվում է թռչունի թեւերի, արծվի գլխի, կրակի, դեպի հորիզոն սլացող բայկերի կերպարների միջոցով: Շատ հաճախ հենց դաջվածքներն էլ հուշում են, թե որ խմբավորմանն է պատկանում բայկերը: «Live to ride, ride to live»-ն ամենախոսուն դաջվածքներից է: «Կյանքը շարժում է, շարժումը կյանք է»` ամեն ինչ սլացքի, ամեն ինչ արագության հետ զուգակցող բայկերի համար դաջվածքի այս տեսակն ամենաընդունելի տարբերակներից է: Պատահում են նաեւ ազատության թեմայով սյուժետային դաջվածքներ, երբ պատկերում են ընթացքի մեջ գտնվող բայկերին, ինչպես նաեւ «H-D» տառերը, որ նշանակում է «Հառլի Դեվիդսոն»: Եթե, ասենք, «Հոնդան» կամ «Սուզուկին» լոկ մոտոցիկլ արտադրող ֆիրմաներ են բայկերի համար, ապա «Հառլի Դեվիդսոնը» կյանքի յուրահատուկ ոճ է: Հատկապես այս ֆիրմայի մոտոցիկլ վարողների մոտ «H-D» դաջվածքն առավել տարածված է:

Գյումրեցի բայկերները դաջվածքների առումով դեռ տատանվում են, թեպետ տղաներից Ստեփանը հայտարարեց, որ ակումբի անունը` «Hye Riders» մի օր կդաջի աջ ուսագլխին: Ի դեպ, նա միակն է ակումբում, որ 4 անգամ վթարի է ենթարկվել` ստանալով բազմաթիվ կոտրվածքներ: Տղաները նրան «փորձանք» են կոչում: «Հենց լուր կստանանք, թե Լեննագան մոտո է ավարիա տվել, առաջինը կզանգենք Ստյոպին, օր տեսնինք հո ինքը չէ»,-ծիծաղում է Մնացականը:

Ստեփանը խոստովանում է, որ վթարների մի մասն եղել է արագության պատճառով` երկու դեպքում ինքն է մեղավոր եղել, մուս երկուսի դեպքում` ավտոմեքենան:

«Ցավոք զիջել չկա, ի վերջո մենք 2 ակերի վրա ենք, իրանք` 4: Մեզ պաշտպանող երկաթ չկա, անմիջական հարվածը մեր մարմնի վրա կկրենք: Մե քիչմ, որ ավտոմեքենայի վարորդները հասկնային էդ բանը, զիջող էղնեին, ավելի հեշտ կեղներ մեր համար: Հմի ամեն մեկին պռավա կուտան: 18 տարեկանը գազել կքշե, բայց ճանապարհային տարրական կանոններ չիդե: Եթե սովորած լիներ, հաստատ կիմանար, որ երկու ակի վրա գնացող տրանսպորտին պիտի ճանապարհ տա, ոչ թե քաշե դեմը փակե: Նույնն էլ ֆիրմա ավտոները: Եթե իրա տեխնիկան իմից մեծ է, չի նշանակե, օր ճամփեն իրանն է»,-ասում է Ստեփանը:

Ռոբերտ Մանուկյանը գործարար է: Շաբաթվա 6 օրը մեքենայի ղեկին է, ամսվա մեջ 4 օր`բայկի: Կիրակին առանձնահատուկ օր է: Հանդիպում է տղաների հետ, որեւէ տեղ են գնում, հիմնական խոսակցության թեման բայկն է: «Ես դե մենակ կիրակի օրերը մոտոն կքշեմ ու էդ օրը շաբաթվա բոլոր օրերից լավագույնն է ինձ համար, հավատացեք: Էդ օրը էն անցած 6 օրերի հոգնածությունը, հոգսերը, չգիտեմ, պրոբլեմները լրիվ մոռանում ես»,-ասում է Ռոբերտը:

Ռոբերտ Մանուկյան Մնացական Հակոբյան

Ըստ գյումրեցի բայկերների` «մոտոն ամեն մարդու խելքի բանը չէ»: Ավտոմեքենա ամեն ոք կարող է վարել, սակայն բայկի ղեկին նստելու համար նախ պիտի հոգեկերտվածքով համապատասխանես երկաթե նժույգին: Համարձակ, հավասարակշռված, արագության, ազատության եւ ադրենալինի սիրահարներն են հիմնականում նախընտրում երկաթե նժույգը տրանսպորտի մնացած միջոցներից: Գյումրեցի բայկերները խոստովանում են, որ հարկ եղած դեպքում մեկը մյուսի տեխնիկան դժվարությամբ են վարում: «Ես, օրինակ, իմ «Յավայից» հետո Ստյոպի մոտոն չեմ կրնա քշեմ, ծանր է իմ համար, Տիկոյի մոտոն էլ նստել չի էղնի: Ամեն մարդ պիտի իրա քաշին ու կշռին համապատասխան մոտո քշե»,-ասում է Մնացականը:

Բայկը բայկերի համար երեխայի նման մի բան է: Նրա զարգացման, հզորացման ու կատարելագործման վրա ժամանակ ու գումարներ են ծախսվում: Եվ դա շարունակական է: Ամենադժվարը Մնացականի գործն է: Դասականի սիրահարն իր սիրելի «Յավայի» վրա գրեթե ոչինչ չի փոխել ու ցանկություն էլ չունի: Չեխական արտադրության երկաթե նժույգին հարկավոր մասերը ճարելը տարեցտարի դժվարանում է, ու ամեն մի չխկոցի կամ կասկածելի ձայնի հետ նվաղում է նաեւ Մնացականի սիրտը:

«Умирающий мамонт,-ծիծաղում է Նիկիտան` ակնարկելով Մնացականի մոտոցիկլը,-20 տարի է` նույն բանն է քշում ու չի ձանձրանում»:

Ստեփանի «Zazuki»-ն սեփական ստեղծագործության արդյունք է: Մոտոցիկլի շարժիչը «Զապորոժեց» մեքենայից է վերցված, արտաքին տեսքը տիրոջ երեւակայության արդյունքն է: Անունն էլ առաջարկել է տղաներից մեկը: «Քանի օր մոտորը «Զապի» էր, «Suzuki»-ից էլ որոշ բաներ կար վրան, տղեքն առաջարկեցին մոտոիս անունը դնել «Zazuki» »,-պատմում է Ստեփանը: Ռոբերտի մոտոցիկլը նմանեցված է չոպպերի, Տիգրանը եւ Նիկիտան իրենց երկաթե նժույգներն առավել կատարելագործել են սպորտբայկերի նմանությամբ: Ոչ մեկի բայկը մյուսին չի կրկնում: Ճանապարհներին աշխատում են 80 կմ/ժ արագությունը չգերազանցել: Նախ որ իրենց տեխնիկան այդքան էլ հզոր չէ, սովետական է, բացի այդ էլ` մայրուղիները միակողմանի չեն:

Գյումրեցի բայկերների երազանքը ակումբի շենք ունենալն է, որի մի մասը կվերածեն հյուրանոցի, որտեղ հնարավորություն կունենան հյուրընկալելու հայ եւ օտարերկրացի բայկերներին: Սեփական տարածք ունենալը շատ կարեւոր է բայկերական հավաքների համար: «Մեր քաղաքով սեզոնին հատկապես օտարերկրացի բայկերներ շատ են անցնում: Հաճախ է լինում դեպքեր, որ մնալու տեղի խնդիր են ունենում, իսկ Գյումրիում հյուրանոցները թանկ են, ասենք` մի գիշերվա համար տան 20-25 հազար դրամ, ինչի համար, ռեալ չի: Դրա համար էլ ուզում ենք մերը ունենալ: Շենք ու տարածք կա, բայց գումարներ չկան այդ ամենը մեր ուզած ձեւով վերանորոգելու, ակումբ-հյուրանոց կառուցելու համար»,-ասում է Ռոբերտը:

«Չայինիկ»,-այսպես են իրենց վերաբերմունքը բայկերներն արտահայտում հավաքներից ուշացողների նկատմամբ: «Անփորձանք»,-մաղթում են միմյանց գյումրեցի բայկերները ճանապարհ դուրս գալուց ու հրաժեշտից առաջ:

Մեկնաբանություններ (3)

Vanessa Kachadurian
Very proud of you all.
Karo
Check this websites: www.gtandco.jp and www.gtandcompany.com This designers are Armenians and are very popular in Japan, USA, China and .....
nare
Սուպեր...բայկերներ Գյումրիում...հրաշալի է: Այս քաղաքը միշտ էլ աչքի է ընկել իր յուրահատկությամբ: Ապրեն, շատ ապրեն գյումրեցի բայկերները, որ այդպես համախմբված են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter