HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Երբ քավության նոխազ փնտրելուց ավելիին ընդունակ չես

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը օգոստոսի 16-ին Վրաստանի Ախալցխա քաղաքում «Ռաբաթ» պատմական ամրոց-հուշահամալիրի բացման արարողությանը մասնակցել և համերգ է տվել՝ շատ լավ տեղյակ լինելով դրա նկատմամբ հայկական որոշ շրջանակների դժգոհությունից, անգամ իրեն հասցեագրված նախազգուշական նամակից:

Ազնավուրին հորդորում էին այդ միջոցառմանը չմասնակցել հատկապես այն պատճառով, որ հակառակ հուշահամալիրի տարածքում մզկիթի, սինագոգի և ուղղափառ քրիստոնեական եկեղեցու վերանորոգմանը, վրացական իշխանություններն աչքաթող են արել նույն տարածքում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին, որն ավերվել է գրեթե ամբողջությամբ: Եվ քանի որ հուշահամալիրի վերանորոգման աշխատանքներում ներդրումներ է կատարել նաև Թուրքիան, հայկական մի շարք կազմակերպություններ այն համոզմունքն են հայտնում, որ հայազգի աշխարհահռչակ շանսոնյեն չպետք է մասնակցի մի հուշահամալիրի բացման արարողության, որն ուղղված է տարածաշրջանի հայկականության հերքմանը:

Այն, որ «Ռաբաթում» գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին կարող էր իսկապես վրացական իշխանությունների վարած, էթնիկ փոքրամասնությունների ու հատկապես հայերի ազգային ու մշակութային ժառանգության յուրացման քաղաքականության հերթական զոհը լինել, ոչ ոք հերքել չի կարող: Սա ոչ առաջին և վստահաբար ոչ էլ վերջին դեպքը չէ: Սակայն դա Շառլ Ազնավուրի մեղքը չէ:

«Ռաբաթի» վերանորոգման աշխատանքներն սկսել են գրեթե 2007-ից: 2010-ին արդեն իսկ ահազանգեր հնչեցին, որ քանդման աշխատանքներ են կատարվում 12-րդ դարով թվագրվող հայկական այդ եկեղեցու՝ կաթողիկե Երևման Սուրբ Խաչի տարածքում: Ահազանգերի իսկությունն ստուգելու նպատակով անգամ Ախալցխա էր գործուղվել Հայաստանի մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենը, ով հաստատել էր, որ եկեղեցու գոյությունն իսկապես վտանգված է:

Սակայն դրանից հետո այս թեման ընդհանրապես փակվեց: Անգամ 2011թ. ամռանը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի՝ Վրաստան կատարած միջեկեղեցական և հովվապետական վեցօրյա այցի ընթացքում, այն փաստացի քննարկունների առարկա չդարձավ, թեև ամրոցում վերականգնողական աշխատանքներն այդ պահին էլ ընթանում էին: Հայկական կողմը փաստացի անգործություն է ցուցաբերել ստույգ Ախալցխայի «Ռաբաթ» հուշահամալիրում գտնվող այդ եկեղեցու ավերման փաստի նկատմամբ:

Եվ երբ Հայաստանի պետությունն ու եկեղեցին են նման վերաբերմունք դրսևորում, «Ռաբաթի» բացմանը ելույթ ունենալուց և իր անվամբ աստղի զետեղման պատվից Ազնավուրի հրաժարվելը առնվազն խելամիտ չէր կարող լինել, որովհետև մերժման ոչ մի տրամաբանական բացատրություն տվյալ դեպքում գոյություն չունի: Ազնավուրը չէր կարող իր վրա վերցնել մի բեռ, որն առաջին հերթին հայկական պետությունն էր նետել իր ուսերից:

Անկախ նրանից՝ ինչ մեթոդներով է Վրաստանը վերանորոգել այդ պատմամշակութային, հիրավի հիանալի համալիրը, այն խորհրդանշում է փոխըմբռնում և հանդուրժողականություն, ինչի վկայությունը երեք կրոնի՝ իսլամի, քրիստոնեության և հուդայականության հոգևոր արժեքները նույն համալիրում միաժամանակ մեկտեղելու իրողությունն է:

Ազնավուրի կողմից նման խորհուրդ պարունակող հուշահամալիրի բացմանը մասնակցելը մերժելը չէր կարող չընկալվել որպես նեղմիտ ազգայնականության դրսևորում, ինչի սահմաններից նա միշտ դուրս է եղել: Ընդհակառակը, եթե նրա քայլն անգամ դիտարկենք նույն ազգայնականության պրիզմայով, ապա իր ներկայությամբ ու ելույթով Ազնավուրը պարզապես հավաստում է, որ տարածաշրջանը թե էթնիկ կառուցվածքով, թե պատմաճարտարապետական նկարագրով և թե աշխարհագրորեն ու պատմականորեն հայկական է: Սակայն խնդիրն իրականում դա չէ:

«Ռաբաթը» հիանալի իրականացված բիզնես նախագիծ է՝ մի կողմից Վրաստանի պատմամշակութային արժեքները պահպանելու և մատուցելու, մյուս կողմից դրանց հենքի վրա տուրիզմը զարգացնելու առումով: Եթե անգամ այս նախագիծը մշակութային ագրեսիայի տարրեր է պարունակում, Վրաստանը դա անում է հիանալի մշակված տեխնոլոգիայով և շատ նրբորեն՝ օգտակարը համատեղելով հաճելիի և անհրաժեշտի հետ: Մի բան, որ Հայաստանը երբեք չի կարողացել անել:

Շառլ Ազնավուրը մեղք չունի, որ Հայաստանում նման մասշտաբային նախագծեր անցկացնելու ոչ ցանկություն, ոչ էլ կարողություն չկա: Նա մեղք չունի, որ մերոնք անգամ ունեցածը չեն կարողանում պահպանել և ընդունակ են ստեղծել միայն ստամոքս լցնելու օբյեկտներ, որ անգամ եղած քիչ թե շատ ներկայանալի արժեքները խեղդել են ենթակառուցվածքների խայտառակ անկատարությամբ, դրանց ներսն ու շուրջը աղբանոցներ դարձնելով, երբեմն ուղղակի գավառական ծիծաղելի եվրանորոգումներով:

Նա մեղք չունի, որ «Ռաբաթը» ոչ թե Հայաստանում է վերածնվում, որ այստեղ երգի, այլ հարևան երկրում, որտեղ են գտնվում իր արմատները: Եվ հենց «Ռաբաթի» վերականգնումն է ստիպում արձանագրելու, որ անցած 20 տարում նման մասշտաբային ոչ մի նախաձեռնություն Հայաստանում չի իրականացվել: Դա այն դեպքում, երբ զբոսաշրջությունը այսօր էլ համարվում է տնտեսության առաջնահերթ, ռազմավարական ուղղություններից մեկը: Միակ բանը, որ արժանի է քիչ թե շատ հիշատակման, դեպի Տաթևի համալիր ճոպանուղու շինարարությունն էր, որը, սակայն, տարվա կեսը չի գործում:

Ազնավուրին քննադատողները լռում են այս ամենի կապակցությամբ՝ փորձելով նրան դարձնել սեփական երկրի թերությունները կամա թե ակամա քողարկելու, դրա համար իրենց ունեցած պատասխանատուվությունը թոթափելու միջոցը, քավության նոխազը: Միշտ էլ ավելի հեշտ է դրանց դրսում փնտրել, քան ինքդ քո ներսում:

Մեկնաբանություններ (4)

Ireneh
Aznavur doesn't need any justification for his choice. He is doing people's diplomacy which benefits Armenia's relations with its neighbors. To those who critisize him, don't bite...
Vik
Well said about the part that all WE have been building are cafes and restaurants ignoring CULTURE.
mahmouzian
just look at what happenat swan lake .bunch of puta
Jay
Justa reminder. Mr.Aznavour, has two son-in-laws, a Jewish and a Muslim. His Muslim in-law is from Algeria and a famous singer, Laam Faudel.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter