HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոսրովի անտառի տնօրենը փորձում է արդարացնել եկեղեցու այցելուներից 3500 դրամ գանձելը

Մայիսի 30-ին «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունն ահազանգել էր «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գտնվող Հավուց Թառի վանական համալիրի (10-րդ դար), Աղջոց վանքի (13-րդ դար) և Կաքավաբերդ ամրոցի (9-րդ դար) ուխտավորներից գումար գանձելու փաստի մասին:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Վորոնցով Բարսեղյանը մամուլի միջոցով պարզաբանումներ է տվել, սակայն դա ոչ միայն չի փարատել «Ճանաչիր քո երկիրի» մտահոգությունը, այլև առաջ է բերել նոր հարցեր:

«Այսօր եթե եկեղեցի ես գնում, չե՞ս վճարում: Մայր Աթոռ ես գնում, 1000 դրամ վճարում ես. ինչո՞ւ այս կոթողները այցելելու համար չպետք է վճարել»,- հայտարարել էր Վորոնցով Բարսեղյանը' առանց մանրամասնելու, թե Մայր Աթոռի կոնկրետ ո՞ր հատվածում են իրենից պահանջում վճարել 1000 դրամ:

Վորոնցով Բարսեղյանը նաև հայտարարել է, որ Խոսրովի արգելոցի տարածքում գտնվող եկեղեցիները, ինչպես Հավուց Թառը կամ Աղջոց վանքը, Հայ առաքելական եկեղեցում գրանցված չեն և գտնվում են արգելոցի տնօրինության ներքո:

«Փաստացի, այս խոսքերի տրամաբանությունը հետևյալն է. մենք ենք տնօրինում սրբատեղիները, ինչ կուզենք կանենք: Միևնույն ժամանակ Բարսեղյանը չի մեկնաբանել, թե ուխտավորի համար ի՞նչ նշանակություն ունի սրբատեղիի իրավական կարգավիճակը»,- հայտնում է երիտասարդական նախաձեռնությունը:

Այն Խոսրովի անտառի տնօրենի հայտարարությունները դիտարկում է որպես արգելոցի վարած ապազգային քաղաքականության արդարացման փորձ և Հայ Առաքելական եկեղեցու հնագույն կոթողների' հայերի կողմից ճանաչմանն ուղղված խոչընդոտ:

«Եվս մեկ անգամ կոչ ենք անում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին և բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին ձեռնարկել համապատասխան միջոցներ»,- հայտարարում է «Ճանաչիր քո երկիրը»:

Մեկնաբանություններ (1)

Հովնան
Ոչ կաթողիկոսը (դժբախտաբար), ոչ նախարարներ Պողոսյանն ու առավել ևս Հարությունյանը հարց չեն լուծելու, պետք է միանգամից դիմել նախագահին, նա է ամեն ինչ վերահսկում էս երկրում, էդ թվում` 'վորոնցով-դաշկովների' և այլ մազալու անուններով կիսագրագետների նմաններին և նրանց բիզնեսները: Նա է դրանց շնորհում ջրի վրա նստած դևերի կարգավիճակ: Իսկ թոզ փչել իբր թե բան է փոխում երկրում` վերջին շնչում գտնվող զառամյալ ծերունին էլ կարող էր անել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter