HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Սողոմոնյան

Սյունիքի գյուղերում շարունակում են փայտով տաքացնել տները

«Անտառից փայտ ենք գողանում, որ կարողանանք ձմեռը տաքանանք: Դիմացներս «Շիկահող» արգելոցն ա, կտրականապես արգելվում ա էնտեղից փայտ կտրել, մենք էլ ստիպված անտառից ենք գողանում, որ կարողանանք տները տաքացնենք: Անտառից օգտվելու դեպքում ամբողջ տարի բնակիչները մնում են ոստիկանության դռներին,  տարեկան մինիմում մեկ-երկու հոգու դեմ էլ դատական գործ է հարուցվում: Մի կողմից արգելոցն ա, մյուս կողմից էլ անտառը, գյուղն էլ գազաֆիկացված չէ, այլընտրանք չունենք»,- ասում է Սյունիքի մարզի Ծավ գյուղի բնակիչ Արթուր Աբրահամյանը:

«Նույնիսկ թափուկ փայտը, որ էնտեղ թափված ա, գնում ենք բերում` տուգանում են: Առանց փայտ գողանալու՝ հնարավոր չի տուն տաքացնել: Փայտե տնակներ են, ցեց ընկած, ծակծկոտ, 24 ժամ պիտի վառես, որ տունդ տաքացնես, երեխադ չմրսի, կառավարության որոշմամբ անվճար գյուղացուն տրվող 8 խ.մ թափուկը բավական չէ մի ամբողջ սեզոնի համար, պիտի թաց փայտ էլ լինի, որ հետը վառես»,- ավելացնում է նույն գյուղի մեկ այլ բնակիչ:

Ձմռանը ջեռուցման հարցը դժվար է արգելոցի հարակից բոլոր գյուղերի բնակիչների համար: Գյուղերը գազաֆիկացված չեն: Բնակիչները բազմիցս են հարց բարձրացրել, որ իրենց համար այլընտրանքային մի տարբերակ մշակվի, ջեռուցման հարցը լուծվի, բայց ամեն տարի ձմռան շեմին նորից նույն իրավիճակում են հայտնվում:

Գյուղացիները հույս ունեն, որ գոնե Սյունիքի մարզում «Շիկահող կենսոլորտային պահպանավայրի ստեղծման ծրագրով» հնարավոր կլինի ջեռուցման հարցը լուծել:

Գերմանական վերակառուցման և զարգացման բանկի (KfW) ֆինանսավորմամբ իրականացվող այդ ծրագրով մասնավորապես նախատեսվում է բարելավել Սյունիքի մարզի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ և Ծավ համայնքների բնապահպանական իրավիճակը` տարածքում գործող բնապահպանական կառույցների լայնածավալ տեխնիկական վերազինմանն օժանդակություն ցուցաբերելու միջոցով, ինչպես նաև խթանել մարզի սոցիալ-տնտեսական զարգացումը (աշխատատեղերի ավելացում, սոցիալական և տնտեսական արդյունքներ ապահովող մասնավոր գործարար-հողագործական, անասնապահական, փոքր և միջին ծավալի «Կենսոլորտային արգելավայր» պիտակով ապրանքների արտադրություն, օժանդակության ցուցաբերում վերամշակման և շուկայավարման, էկոտուրիզմի զարգացման ծրագրերին և այլն):

«Շիկահող» պետարգելոցը  զբաղեցնում է 29505.845 հա տարածք` ներառյալ արգելոցի ու «Սոսու պուրակ» արգելավայրի 12137.075 հա տարածքը և «Զանգեզուր» արգելավայրի 17368.77 հա տարածքըԱրգելոցին սահմանակցում են Կապանի տարածաշրջանի հինգ` Շիկահող, Սրաշեն, Ծավ, Շիշկերտ և Ներքին Հանդ գյուղերը, որտեղ ընդհանուր առմամբ ապրում է մոտ 1000 բնակիչ:

Արգելոցի հարակից Սրաշեն գյուղում 32-35 ընտանիք է ձմռանը մնում: «Արգելոց չեն թույլատրում մտնենք, ծառը փտի էնտեղ, մենք էստեղ սառչենք, մեռնենք ոչ մեկի վեջը չի: Ստիպված անտառից ծառ ենք կտրում, քաղաքից գալիս են ակտ գրում, մեկը պլստում ա, մեկին տուգանում են: Գյուղացիներից մեկին մի քանի մլն դրամի ակտ են գրել, խեղճը գնացել ա Ռուսաստան աշխատի, որ բերի էդ փողը մուծի, մենակով չէր, գլխին սարքել են, էլի: Փայտ չենք կարա գնենք, ի վիճակի չենք, թանկ ա, անցած տարի ով կարողացավ, օգտվեց թափուկ վառելափայտից, բայց թափուկով ձմեռ դուրս չես բերի»,- ասում են սրաշենցի բնակիչը, որը չի ուզում, որ իր անունը հրապարակվի:

Գյուղացիների տները մեծ են, և մարդիկ ստիպված են լինում տաքացնելու համար շատ փայտ վառել. յուրաքանչյուր ընտանիք ձմռանն օգտագործում է նվազագույնը 10 խ.մ փայտ: «Մեր պապերը դարերով անտառի փայտով են տաքացել, իսկ էսօր մի ծառ կտրում ենք, Կապանից  հսկող օղակներից գալիս են նկարում, ակտ գրում, «չարի վերջը» ոնց որ լինի: Ճիշտ չեն մոտենում հարցին. եթե թողնեն, գյուղացին ավելի լավ կպահպանի անտառը, նա բոլորից լավ գիտի, որ ծառը կարելի է կտրել, որ վնաս չտա, որը` չէ, իսկ հիմա բնակիչներին բնությանը դեմ են տրամադրել: Գյուղացին համարում է, որ անտառն իրանը չի, սկսում է անխնա կտրել, իսկ նախկինում անտառը համայնքի սեփականությունն էր, վերցրել են տվել անտառտնտեսություններին, խեղճ գյուղացիներին էս օրը քցել, իբրև մի լավ օրի ենք: Այ սենց տառապում ենք, գրեք թող մեր դարդուցավը գոնե մի տեղ հասնի»,- ասում է մեկ այլ սրաշենցի:

Սրաշենի գյուղապետ Գրենյա Աղաբեկյանը նշում է, որ բազմիցս են հարցը բարձրացրել, նախագահի, վարչապետի այցերի ժամանակ և ներկայացրել իրավիճակը: «Նախքան Խորհրդային Միության փլուզումը նախագիծ էր արվում մեր գյուղերը գազաֆիկացնելու համար, բայց փլուզումից հետո ծրագիրը չիրականացվեց: Ներկայումս գյուղերի գազաֆիկացումը իրական չէ, քանի որ մեծ ֆինանսների հետ է  կապված, բաժանորդները քիչ են, իսկ ծախսը` շատ: Կենսոլորտային պահպանավայրի ստեղծման ծրագրի շրջանակներում պատասխանատուներին ծրագրի տեսքով առաջարկ ենք ներկայացրել արևային մատկոցներով արևային էներգիա ստանալու վերաբերյալ: Դա այլընտրանքային տարբերակ է այսօրվա դրությամբ, քանի որ անտառից փայտ օգտագործել չեն թողնում, արգելոցում արգելված է փայտ անել, գազաֆիկացումն էլ ներկա դությամբ հնարավոր չէ»,- ասում է Գրենյա Աղաբեկյանը:

Իսկ անտառի հսկողությունն իրականացնող պատասխանատուները, այնուհանդերձ, ձայնագրությունից դուրս նշում են, որ հնարավոր չէ՝ թափուկ հավաքելու համար պատժեն բնակիչներին, հիմնականում արձանագրությունները կազմվում են, երբ անտառից փայտ են կտրում անօրիանական ձևով և տանում վաճառում այլ վայրերում: Իսկ իրենց կողմից իրականացվող հսկողությունն ու կիրառվող պատժամիջոցները անտառի պահպանման ու ռեսուրսների ճիշտ օգտագործման համար են:

«Շիկահող» պետարգելոցի տնօրեն Ռուբիկ Մկրտչյանը հիշում է, որ երբ 2002 թ. տնօրենի իր աշխատանքին էր անցնում, ապօրինի հատված ծառերի թիվը հասնում էր 175-ի, իսկ տնօրենի պաշտոնին անցնելուց մի քանի տարի անց տարեկան հազիվ 10-15 ապօրինի ծառահատում էր արձանագրվում: Տնօրենի խոսքով՝ վերջին տարիներին բնակիչների շրջանում կատարվող քարոզչական ու բացատրական աշխատանքների արդյունքում տարեկան ընդամենը 3-4 ծառահատման դեպք է գրանցվում:

«Քարոզչական-բացատրական աշխատանք է տարվում գյուղերի բնակչության հետ: Տեսուչներին ու տեղամասերի պետերին հանձնարաված է գյուղապետարաններում, դպրոցներում հանդիպումներ անցկացնել, որպեսզի էկոդաստիարակություն հիմնվի՝ այդ հանդիպումների ու տարվող բացատրական աշխատանքների շնորհիվ, մեղմացվեն հարաբերությունները բնության հանդեպ: 8 խ.մ թափուկներից օգտվելու հնարավորություն ունեն: Ով սովոր չի, ասում է՝ թափուկ չկա, որտեղից հավաքենք: Իրականում թափուկ կա, և բոլորին էլ հերիքում է, նույնիսկ դեմ չենք, որ 500 մ պահպանվող տարածքի թափուկներից օգտվեն մարդիկ: Քարոզչական աշխատանքները բավականին օգնել են, արդեն չենք էլ հիշում՝ վերջին տարիներին երբ ենք գյուղացիների դեմ արձանագրություն կազմել»,- նշում է Ռ. Մկրտչյանը:

Ջեռուցման խնդիրը մտահոգոիչ է ոչ միայն արգելոցի հարակից գյուղերում, այլև Կապանի տարածարջանի գերեթե բոլոր գյուղական համայքներում: Տարածաշրջանի 35 գյուղից ընդամենը 4-ն է գազաֆիկացված` Սյունիքը, Խալաջը, Լեռնաձորն ու Համլետավան բանկավայրը, իսկ մանացածը փայտի հույսին են: Շատերը փայտը ձեռք են բերում 1 խ.մ փայտի դիմաց 6.500 դրամ վճարելով (պատրաստի վիճակում գնելու դեպքում` 8000 դրամ և ավելի գումար) կամ անտառպահներից թաքուն են փայտ բերում անտառից:

Անտառխախտման դեպքերը, ըստ ոլորտի պատասխանատուների, թեև նվազել են 90-ականների համեմատ, այնուամենայնիվ, ապօրինի ծառահատումներ շարունակվում են գրանցվել հատկապես գյուղերին մոտ գտնվող անտառներում:

2012թ. առաջին կիսամյակում 206 ծառ է հատվել Կապանի տարածաշրջանի Կաղնուտ գյուղի հարակից անտառներում: «Դեպքը հայտնաբերվել է դեկտեմբեր ամսին` հանձնման-ընդունման ժամանակ: Սյունքիի անտառպետության թիվ 5 պահաբաժնի անատառապահն ազատվել է աշխատանքից, քանի որ մասնակցություն է ունեցել և թաքցրել է: Գործը գտնվում է քննչական մարմինների գործառույթում»,- նշում է Կապանի անտառտնտեսության պետ Վոլոդյա Միրզոյանը: Գործով զբաղվող քննիչ Հովիկ Սարգսյանը միայն հայտնեց, որ առաջիկայում գործը կուղարկվի դատարան

Ըստ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լևոն Պետրոսյանի` մարզում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում անտառխախտման 14 դեպք է գրանցվել, որի վնասը կազմել է 7 մլն 540 հազար դրամ: Մարզում 283 ծառ է հատվել, 10 հոգի ենթարկվել է վարչական պատասխանատվության` ընդհանուր 240 հազար դրամի տուգանք վճարելով: Անչափահաս լինելու կապակցությամբ 2 հոգու նկատմամբ վարչական տուգանք չի կիրառվել, 271 հազար դրամի հաշվարկված վնասով 4 գործ էլ գտնվում է իրավապահ մարմինների գործառույթների շրջանակներում: Մինչև օրս շարունակվում է նաև Կաղնուտի մերձակա անտառներում հունվար ամսին տեղազննման ժամանակ Կապանի անտառտնտեսության բացահայտած զանգվածային ծառահատումների գործի քննությունը, որի ժամանակ հիմնականում բոխի և կաղնու ծառեր են հատվել հատատեղերի հարակից տարածքներում: Կառույցի պատասխանատուները նշում են, որ վերջին տարիներին անտառխախտումների դեպքերը նվազել են, ինչը պայմանավորում են կիրառվող պատժամիջոցներով ու իրականացվող վերահսկողությամբ:

«Վերջին տարիներին նվազել է անտառխախտումների քանակը, մինչդեռ 90-ականներին մի պահաբաժնում մինչև 1500 խատում էր լինում մի սեզոնի ընթացքում: Հիմա ամեն մի անտառխախտման համար լուրջ պատասխանատվություն է սահամանված անտառապահների և ապօրինի ծառ հատողների համար: Օրենքը գործում է, պատժամիջոցները խիստ են, մարդկանց ձեռք է տալիս օրինական ճանապարհով փայտ անել ու չպատժվել: Հիմնական անատառխախտումները Կապանի տարածաշրջանում են` գյուղական համայքների հարակից տարծքներում, որտեղ գազաֆիկացում չկա, քաղաքից հեռու է, և նրանց տաքանալու հիմանկան միջոցը փայտանյութն է: Նախկինում արժեքավոր ծատատեսակներ էին հատվում` ընկուզենիներ, կեռասենիներ, իսկ հիմա հիմնականում բոխի է ու ոչ արժեքավոր այլ ծառատեսակներ: Ներկայումս հատվող բոլոր ծառերը մեծ մասամբ վառելափայտի նպատակով են հատվում, շինափայտի կամ այլ բիզնեսի համար չի արվում»,- ասում է Լ. Պետրոսյանը:

Վառելափայտ ձեռք բերելու դժվարություններին ամեն ձմեռ բախվում են նաև Մեղրու տարածաշրջանի Ագարակ, Մեղրի քաղաքների ու հարակից գյուղերի բնակիչները, որտեղ գազաֆիկացում չկա: Մեղրու քաղաքապետ Սերգեյ Հյարապետյանի խոսքով` նախագծանախահաշվարկային աշխատանքներն ավարտված են, բայց մինչև ձմեռ տարածաշրջանը չի հասցվի գազաֆիկացվել, ուստի բնակիչներն այս ձմռանն էլ պետք է ավանդական եղանակով հոգան փայտի կարիքը: Տարածաշրջանում անտառ չկա, որտեղից կարող են վառելափայտ ձեռք բերել, ոմանք էլեկտրականությամբ են տաքացնում տունը, ոմանք ստիպված այլ տարածաշրջաներից են փայտ ձեռք բերում կամ համայնք թանկ գնով վաճառքի բերվող փայտից գնում և մեկ խ.մ դիմաց 15-17 հազար դրամ վճարում:

Ագարակի բնակչուհի Իննան 2 փոքր երեխա ունի, ձմռանը շատ է փայտ վառում` տունը տաք պահելու համար: Ձմռան սեզոնին մոտ 10-13 խ.մ վառելափայտ է գնում՝ 15 հազար դրամ վճարելով ամեն մի խորանարդ մետրի համար: Թանկ է, ասում է նա, բայց այլընտրանք չկա: Իրան-Հայաստան գազամուղը Մեղրու տարածաշրջանով է անցնում, բայց տարածքի բնակիչները մինչ այսօր հնարավորություն չունեն օգտվելու այդ գազից:

5000 բնակչություն ունեցող Ագարակ քաղաքում և նույնքան էլ բնակչություն ունեցող Մեղրիում օրակարգային այս հարցը բազմիցս են բարձրաձայնել, գազաֆիկացման ծրագրի իրագործմանն էլ երկար սպասել, և ամեն անգամ ձմռան շեմին ստիպված ջեռուցման ավանդական եղանակին ապավինել: Վառելափայտի հոգսը տարածաշրջանի հատկապես գյուղերի բնակիչների առօրյայի անբաժան մասն է: Տաշտունցիները չեն մոռացել, թե անցած տարի հատատեղերի թույլատվությունն ուշացնելու պատճառով ինչքան տուժեցին գյուղացիները: «Էնքան ուշացրին, որ ձյունը եկավ, ու մարդիկ գնում էին էդ ձյուների մեջից էին փայտ կտրում բերում, նույնիսկ պատահարներ եղան: Գյուղում մարդիկ կային, որ տեղաշորից վեր չէին կենում, փայտ չունեին վառելու, վերմակի տակից դուրս չէին գալիս»,- ասում է տաշտոնեցի Ծովակ պապը:

175 բնակիչ ունեցող հարևան Լիճք գյուղում էլ փայտը ձեռք են բերում այլ տարածաշրջաններից: Ասում են՝ Մեղրու անտառներում հատատեղեր չկան, այս ու այն տեղից փայտ բերելիս էլ դժվարություննր են առաջանում: «Փայտը Կապանից ենք առնում, 10-11 հազար դրամ վճարում 1 խ.մ-ի համար: Եղել է՝ 17 հազար դրամ էլա արժեցել: Դե, մի սեզոնին էլ 10-15 խ.մ փայտ ենք վառում, մեծ գումար է գյուղացու համար: Առաջ ամառն էլ էինք փեչ վառում ճաշ եփելու համար, հիմա լիցքավորվող գազի տարաներից ենք առնում ու ամառները ճաշը դրա վրա պատրաստում»,- ասում է Լիճքի բնակչուհի տիկին Վարդուշը:

2009թ. Մեղրու անտառտնտեսության բազայի հիման վրա ստեղծված «Արևիկ» ազգային պարկի տնօրեն Սուրիկ Հովհաննիսյանը նշում է, որ իրենց մոտ ապօրինի ծառահատումներ չկան, վերջին 18 տարում պահպանության մակարդակը 1990-ականների ճգնաժամային տարիների համեմատ բարելավվել է: 34 հազար 401.8 հա տարածք ունեցող պարկի հսկողությունը և պահպանման ընդհանուր աշխատանքները կատարում է 32 աշխատող:

«Ապօրինի հատումներ չունենալը պայամանավորված է նրանով,  որ 17 հազար հա անտառածածկ տարածքները մացառոտ են և վառելափայտի համար պիտանի չեն,- ասում է Սուրիկ Հովհաննիսյանը: Մեր ազգաբնակչությունը օգտվում է կառավարության կողմից սահմանված, անվճար թափուկ վառելափայտից օրենքի սահմաններում և Մեղրի հիմնականում վառելափայտ մթերում է «Արցախանտառից», որը Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր գյուղին սահմանակից է, և այնտեղից  հիմնականում մթերվում է բոխի ծառատեսակի վառելափայտ: Մենք ամսվա մեջ առնվազն մեկ համայնքում հանդիպում ենք ունենում ազգաբնակչույթան հետ, խնդրում ենք չկտրել, որպեսզի հետագա պատասխանատվության ենթարկելու համար չմեղադրեն մեզ: Մեղրին քանի որ փոքր շրջան է, մեկը մյուսին ճանաչում է. եթե մեկին ասում ենք՝ չի կարելի, դրանից մյուսն էլ է զգաստանում ու չի գնում այդ քայլին: Մենք նաև անտառտնկման աշխատանքներ ենք իրականացնում: Անցած տարի ՄԱԿ-ի հետ համատեղ հիմնել ենք 20 հա անտառ, կպչողականությունը 53 տոկոս է կազմում: Այս տարի՝ գարնանը, 4000 հատ տունկ լրացում ենք կատարել 20 հա-ի վրա: Հիմնականում հաճար ենք բերել տնկել, քանի որ Մեղրում հաճար ընդհանրապես չկար, հացենի ենք տնկել, խնձոր, տանձ և այլ ծառատեսակներ: Մեզ մոտ հիմնականում կաղնու անատառներ են` արաքսյան կաղնի, վրացական կաղնի և արևելյան կաղնի: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ  առաջնահերթ քայլեր եք ձեռնարկում պահպանությունը բարձր մակարդակի հասցնելու համար: «Արևիկն» այժմ իրոք ազգային պարկի է նմանվում, և տուրիստների հոսք է նկատվում Գերմանիայից, Չինաստանից, Չեխիայից և այլ երկրներից, ովքեր գալիս են և հիանում մեր վայրի բանությամբ, բուսական և կենդանական աշխարհով»:

«Օր է գալու, որ ճրագով անտառապահ են ման գալու»

Երկարամյա բնապահպան, «Խուստուփ» բնապահպանական ՀԿ նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը ցավով է հիշում, որ 90-ականների ճագնաժամային տարիներին, երբ բնակչության ջեռուցման միակ աղբյուրը փայտն էր, նաև հատվել են այնպիսի ծառատեսակներ (ընկուզենիներ, տանձենիներ, վայրի կեռասենիներ, կաղնի և այլն), որոնք շինափայտ և բիզնեսի աղբյուր են եղել: Պտղատուների հատումը հանգեցրել է էկոհամակարգերի խաթարմանը, քանի որ պտղատուներից օգտվում էին ոչ միայն մարդիկ, այլև թռչուններն ու վայրի կեդանիները, և դրանց պոպուլյացիան նվազել է:

«Մենք «Հայանտառի» հետ պայմանավորվածություն ունենք ագրոկենսաբազմազանության վերականգման ուղղությամբ ծրագիր իրականացնելու Կապանի տարածաշրջանում, որպեսզի այդ հատված ծառատեսակների տեղը տնկվեն նորերը: Չնայած դրանք իրենց ֆունկցիան պետք է կատարեն 40-50 տարի հետո, բայց դրանց վերականգնումը խիստ անհրաժեշտ է: Արժեքավոր ծառատեսակների պահպանության ուղղությամբ խստացվում է օրենքով, բայց պետք է նաև մարդկանց իրազեկել, որ բոլոր արժեքավոր ծառատեսակների մեջ ընդգրկվում են պտղատուները, և դրանք հատել չի կարելի»,- ասում է «Խուստուփ» բանպահպանական ՀԿ-ի նախագահը:

Բնապահպանը փաստում է, որ խորհրդային տարիների համեմատ ներկայում անտառվերականգնման աշխատանքներ ավելի քիչ են արվում, լայնածավալ անտառտնկումներ չեն ընթանում, այդ աշխատանքների համար ֆինանսավորում չի կատարվում, իսկ անսիստեմ ծառահատումների տարածքները շարունակում են վերածվել մացառուտների: Այնինչ, նախկինում Կապանի անտառտնտեսությունում տարեկան 250-300 հա անտառտնկումներ էին արվում, նույնիսկ Կապան քաղաքի շրջակայքում կանաչ գոտի ստեղծելու ծրագիր կար, բայց կիսատ մնաց, իսկ ներկայում այն իրականացնելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ: Ինչ վերաբերում է անտառհատումներին, ապա, Վլադիկ Մարտիրոսյանը համարում է, որ պետք է սկսել անտառային օրենսգիրքը փոխելուց:

«Այսօր միջին հաշվով մեկ անատառապահը հսկում է 1000-ավոր հա տարածք` այն էլ ռելիեֆի էսպիսի կտրտված պայմաններում: Անտառապահներին նախկինում տրամադրվում էին ձի, հանդերձանք, վկայական, զենք, իսկ այսօր նույնիսկ հանդերձանք չունի անտառը հսկողը, ի՞նչ տարածք հսկելու մասին է  խոսքը: Բացի դրանից՝ ինչպե՞ս կարող է անտառապահն, առանց պայմանների ու անհրաժեշտ միջոցների, այդքան հսկայական տարածք հսկել: Համարում եմ, որ ապօրինի հատված ընդամենը 4-6 ծառի հայտնաբերման դեպքում պետք է պարգևատրել տարածքի անտառապահին, իսկ եթե մասսայական հատումներ են արվում այլ նպատակով, թող դատեն: Օր է գալու, որ ճրագով անտառապահ են ման գալու, բայց այդ պաշտոնում աշխատելու համար մարդ չեն գտնելու»,- ասում է «Խուստուփ» բնապահպանական ՀԿ նախագահը:

«Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղում 2 տարուց ավելի է, մեկական անտառապահի ու անտառապետի հաստիքները թափուր են մնացել: Ըստ մասնաճյուղի տնօրեն Վոլոդյա Միրզոյանի` նախկին պաշտոնյաները հրաժարվել են իրենց գործից, իսկ տվյալ հաստիքների համար պարբերաբար տրվող հայտարարություններին երկու տարի է, արձագանքող չի եղել, մարդիկ չեն ցանակնում սահմանված 40-50 հազար դրամ աշխատավարձով հսկա տարածքներ հսկելու պարտականությունն ու ամբողջ պատասխանատվությունը վերցնել իրենց վրա: 38 անտառապահի հաստիքից 2-ը թափուր լինելու պատճառով՝ արդեն 2 տարի է, այդ պարտականությունը դրված է 60-70 հազար դրամ աշխատավարձ ստացող անտառապետների վրա, ովքեր ի վիճակի չեն լիովին հսկել 4, 6 կամ 8 հազար հա տարածություն:

«Պահպանության գծով շատ խնդիրներ կան: Արտահագուստ չունեն, աշխատավարձն այնքան բարձր  չէ, որ կարողանան այդքան կոշիկ առնեն, գնան ամառ-ձմեռ հսկեն: Ամառային-ձմեռային արտահագուստներով պետք է ապահովեն, անձրևի ժամանակ վազում են տուն, իրենց հետևից գնում են ծառ կտրում: 38 հազար 550 հա տարածք ունենք հսկելու: Թե  ստուգայցի, թե ուսումնասիրության համար մեկ մեքնեա է ընդամենը: 10 ձի վերջերս ձեռք բերեցինք: Եթե ամեն մի անտառապահ ձի ունենա, շատ լավ կլինի. ծայրամասեր կան, որ մեքենաները չեն գնում: Հիմնականում անտառի հսկողները տվյալ տարածքների բնակիչներից ենք ընտրել, որպեսզի հեշտացվի հսկողությունը»,- ասում է Վոլոդյա Միրզոյանը:

Ըստ նրա` այս տարի ապօրինի անտառխախտման 6 միջադեպ է գրանցվել: Իրենք բացատրական, քարոզչական հանդիպումներ են ունենում անտառամերձ մի շարք բնակավայրերում` Վաչագանում, Բեխում, Շղարշիկում, Կավարտում, Առաջաձորում, Նորաշենիկում և այլն, իրազեկում անտառից օրինական ձևով` հատկացվող հատատեղերից վճարովի տարբերակով օգտվելու հնարավորությունների մասին: Այս տարի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղում մոտ 3600 խմ հատատեղ է նախատեսված թափուկ վառելափայտի համար, որն անվճար տրամադվելու է Կապանի տարածաշրջանի գյուղերի բնակիչներին: Հատատեղերից օգտվելիս կանգուն ծառի 1 խ.մ-ն արժե 6 հազար 455 դրամ, իսկ երբ բնակիչները պատրաստի են գնում, ապա 8 հազար դրամ և ավելի:

«Մենք անտառներում լրացումներ ենք արել: Գեղիի տարածքում 2006-2007 թթ. երբ հրդեհ է բռնկվել գիհիների տարածքում, և 40-50 հա վառվել էր, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) Գլոբալ էկոլոգիական ֆոնդի (GEF) ֆինանսավորմամբ ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ իրականացված «Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնաանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացումը» ծրագրի շրջանականերոմ այրված գիհուտների վերականգնման նպատակով հիմնադրվել են 20 հա գիհու անտառմշակույթներ: Գիհուտները Հայաստանում մեծ դժվարությամբ են վերականգնվում, փորձնական դրվել են, 50 տոկոս է կազմում կպչողականությունը, սակայն 10-15 տոկոս էին նախատեսել: Վահանավանքի ճանապարհին 250-300 հատ ծառ ենք տնկել՝ բալենի, խնձորենի, անտառային ոչ պտղատու ծառեր նաև: Իսկ այս տարվա համար անտառվերականգման, անատռտնկման աշխատանքներ չեն նախատեսվում»,- հավելում է Վոլոդյա Միրզոյանը:

Անտառտնկումների համար խնդիր է տնկարանի բացակայությունը, որը Կապանի անտառտնտեսության մասնաճյուղը չունի: Տարածք կա, սակայն տնկարանը գործարկելու համար մեծ ֆինանսներ են պետք: Իսկ անտատնկումների համար մասնաճյուղը պետք է տնկիներ ձեռք բերի այլ տարածաշրջանների տնկարաններից, ինչն իր հերթին հավելյալ ծախս է պահանջում:

90-ական թթ. կառավարության որոշմամբ Կապանի անտառտնտեսության տարածքներից Աղվանիի, Տանձավերի, Դավիթ Բեկի անտառտարածքները, Վերին Խոտանանի, Արծվանիկի անտառտարածքների մի մասը ժամանակավոր հատկացվել են Գորիսի անտառտնտեսությանը, որն էլ իր հերթին է դժվարացնում անտառպահպանման գործը: Այս համայնքները ենթարկվում և սպասարկվում են Կապանի տարածաշրջանում և ավելի մոտ են մարզկենտրոնին, քան Գորիսին, իսկ հրդեհների դեպքում, մինչ Գորիսից հրշեջները կհասնեն, հրդեհը հաճախ հասցնում է տարածվել և վնասել Կապանի անտառտնտեության տարածքները:

Կապանի անտառտնտեսության անտառային՝ տարածքներն ըստ անտառպետությունների

հ/հ

Անտառպետության
անվանումը

Ընդհանուր
տարածքը

Որից
անտառ
ածածկ

1

Առաջաձորի

6883

6022,8

2

Կապանի

6015

5298,8

3

Դավիթ Բեկի

10777

9536,2

4

Սյունիքի

4465

4229,5

5

Նորաշենիկի

2672

2635,5

6

Ճակատենի

7647

7359,2

 

Ընդամենը

15292

35082

Ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտ ձեռք բերելու արտոնություն ստացող, անտառների անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերի ցանկը Մեղրու ու Կապանի տարածաշրջաններում

 

Ձորաստան

Ներքին Հանդ

Խդրանց

 

   Առաջաձոր

Ծավ

Վարդավանք,

 

    Վանեք

Շիկահող

Գեղանուշ

 

     Գեղի

Սրաշեն

գ. Քաջարան

 

     Չափնի

Ճակատեն

Լեռնաձոր

 

    Սևաքար

Ուժանիս

Աճան

 

   Սյունիք

Ագարակ

Նոր Աստղաբերդ

 

   Նորաշենիկ

Եղվարդ

Բեխ

 

   Եղեգ

Կաղնուտ

Վաչագան

 

   Բաղաբուրջ

Շղարշիկ

Կավարտ

 

Անտառաշատ

Ուխտավայր

Վերին Խոտանան

 

Աղվանի

Ներքին Խոտանան

Շրվենանց

 

Ալվանք

Կարճևան

Լեհվազ

 

Տաշտուն

Լիճք

Վարդանիձոր

 

Շվանիձոր

Վահրավար

Գուդեմնիս

 

Կուրիս

Նռնաձոր

 

Արծվանիկ

 

Դավիթ-Բեկ

Տանձավեր

 

Կառավարությունը կարծես քայլեր է անում գյուղացիների ջեռուցման հոգսը թեթևացնելու համար, բայց, այնուամենայնիվ, գյուղացիներն իրենց միայնակ ու անօգնական են զգում իրենց ուսերին ծանրացած փայտի հոգսի բեռով:

Հոդվածը պատրաստվել է «Հանրային իրազեկվածության ու մասնակցության բարձրացում Սյունիքի մարզում՝ լրագրողների կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter