HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

10 տարի առաջ կապիտալ նորոգված պոլիկլինիկան կրկին վերանորոգվում է

Արդեն 20 օր է` ընթանում են Ալավերդու բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքի կապիտալ վերանորոգման աշխատանքները, որոնք իրականացնում է Վանաձորում գրանցված «Ուկրշին» շինարարական կազմակերպությունը: «Ուկրշինի» սեփականատեր Հրայր Սարգսյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հորեղբոր որդին է: 

Ազգային ժողովի ընտրությունների քարոզչության օրերին Ալավերդի ժամանած նախագահ Սերժ Սարգսյանը Ալավերդու բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի բացումը կատարելուց հետո գոհ է մնացել այնտեղ կատարված շինարարական աշխատանքների որակից: «Նախագահը խոստացավ աջակցել նաև պոլիկլինիկական մասնաշենքի կապիտալ վերանորոգմանը և կատարեց իր խոստումը»,- ասում է բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը:

Հիշեցնենք, որ հիվանդանոցային մասնաշենքի կապիտալ վերանորոգումը 2008թ. սեպտեմբերից մինչև 2011թ. հունիսը Սոցներդրումների հիմնադրամի 200 մլն դրամ ներդրումով իրականացրել է Լոռու մարզում բազմաթիվ աշխատանքներ կատարած «Կանակա» շինարարական կազմակերպությունը: Սակայն պոլիկլինիկական մասնաշենքի շինարարությունը այս անգամ վստահվել է ոչ թե «Կանակա»-ին, այլ վարչապետի ազգականի ընկերությանը, որը հաղթող է ճանաչվել մրցույթում:

«Ինչու՞ հիվանդանոցային մասնաշենքը բարեհաջող ավարտած «Կանակա»-ն չի շարունակել պոլիկլինակյի մասնաշենքի վերանորոգումը»,- հետաքրքրվեցինք մենք: «Կանակա» ընկերության  տնօրեն Հայկ Հովվյանը պարզաբանեց. «Մենք շատ ծանրաբեռնված ենք աշխատում: Մեր ուղղությունը Արմավիրի մարզն է և Գյումրին: Իրականացնում ենք գյուղատնտեսական ծրագրեր: Այդ պատճառով էլ Ալավերդու բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքի մրցույթին չենք մասնակցել»: 

Հայաստանում, կարծես, ավանդույթ է դարձել բարձրաստիճան չինովնիկների կողմից պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինաշխատանքները յուրայիններին «վստահելը»: Դրա վկայություններից է նաև Լոռու մարզի «Ձորագետ-Աթան» 33 կմ երկարությամբ Մոտկորի 6 գյուղերի զարգացման համար ռազմավարական նշանակության ճանապարհի վերանորոգման գործում ստեղծված վիճակը: Ոչ թե մրցութային կարգով, այլ ՀՀ կառավարության որոշմամբ ճանապարհի վերանորոգման աշխատանքների պատվիրատուն եղել է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը: Վերջինս «Ձորագետ-Աթան» ճանապարհը վերանորոգել է «Հայաստանի  ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով:

«Հետքը» իր 2012թ. մարտի 23-ի «Ինչի վրա է ծախսվել 250 մլն դրամը» հրապարակմամբ ահազանգել է ճանապարհի անորակ վերանորոգման մասին, որին այդպես էլ չարձագանքեց տարածքային կառավարման նախարարությունը: Ալավերդցիները մտավախություն ունեն, որ պոլիկլինիկայի պարագայում էլ պատշաճ որակ չի ապահովվի

«Ուկրշինի» կողմից տեխնիկական անվտանգության կանոները չկիրառելու պատճառով, միջնապատերի վրա աշխատելուց հետո մասնաշենքի 2-րդ և 3-րդ հարկերը տանիքի հետ միասին օգոստոսի 21-ի երեկոյան փլվել են: Երջանիկ պատահականությամբ փլուզումը տեղի է ունեցել աշխատանքային օրվա ավարտից հետո, այլապես շինարարության վրա աշխատող 50 բանվորի համար այն կարող էր ունենալ անկանխատեսելի հետևանքներ: Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը «Հետքին» հայտնեց, որ փլուզման մասին իրեն տեղեկացրել են օգոստոսի 21-ին: Մասնաշենքում աշխատող բանվորները նույնպես փաստեցին անակնկալ փլվածքի մասին:

Սակայն «Ուկրշինի» գլխավոր ինժեներ Կամո Պառնասյանը հերքեց փլվածքի փաստը: Նա փորձում էր մեզ համոզել, որ փլվածքն ինքն իրեն չի առաջացել, այլ նախագծային պահանջ է: «Չէ, փլվածքը ինքն իրեն չի առաջացել, նախատեսված ձևով մենք քանդում էինք: Շենքի ընդհանուր ծածկերը փոխում ենք, բայց շենքը ունի թույլ տեղեր, որը ի հայտ է գալիս քանդման աշխատանքների ժամանակ»,- ասաց նա:

Քանդման անվտանգության պահանջները կիրառելու մասին Կամո Պառնասյանը չխոսեց, սակայն հայտնեց, որ մասնաշենքի վերանորոգման պատվիրատուն ՀՀ առողջապահության նախարարության ԾԻԳ-ն է: «Մասնաշենքի կապիտալ վերանորոգման համար 800 000 ԱՄՆ դոլար է հատկացված, որի մեջ մտնում է նաև բուժսարքավորումներով կահավորումը»,- ասաց նա:

Ալավերդու բժշկական կենտրոնի ներկայիս պոլիկլինիկական մասնաշենքը խորհրդային տարիներին ծառայել է որպես Թումանյանի միջշրջանային հիվանդանոց: Շենքը շուրջ 60 տարվա վաղեմություն ունի: Այն 1988-ի երկրաշարժից հետո ճանաչվել է վթարային և քանդման ենթակա: Անզեն աչքով էլ կարելի էր նկատել շենքի վթարային վիճակը: Լոռու մարզետարանը կապիտալ վերանորոգել է մասնաշենքը նաև մարզի աղետի գոտու վերականգնման 1999-2001թթ. եռամյա ծրագրով: Կատարված աշխատանքների որակի և ֆինանսական միջոցների անարդյունավետ ծախսերի հետ կապված՝ այս շենքի շուրջ Ալավերդիում ժամանակին աղմուկ է բարձրացել: 

Փլուզման փաստը վկայում է 11 տարի առաջ պետբյուջեից հատկացված 100 մլն դրամից ավելի գումարով, աղետի գոտու եռամյա ծրագրով կատարված շինարարական աշխատանքների անորակության մասին: «Մասնաշենքի քանդված հատվածում երկաթբետոնե կոնստրուկցիաների չենք հանդիպել: Քանդված շենքի, հենապատերի և հիմնական պատերի վրա ամրացման նպատակով ոչինչ չի արված: Մասնաշենքի վրա հիմնականում կատարվել են հարդարման աշխատանքներ»,- ասաց «Ուկրշինի» գլխավոր ինժեները:

Մասնաշենքի տանիքը նույնպես ամրացված և վերանորոգված չի եղել: Վթարային շենքի սեյսմիկ կայունությունը մինչև փլվելը համապատասխանում էր հազիվ 4-5 բալի: Կամո Պառնասյանն ասաց, որ նախագծով նախատեսված է կապիտալ վերանորոգումից հետո մասնաշենքի սեյսմիկ կայունությունը հասցնել 9 բալի: 

Փլուզված շենքի պատկերը փաստեց, որ հայ չինովնիկներն ու շինարարները 1988-ի աղետալի երկրաշարժի ողբերգական հետևանքներից դեռեւս դասեր չեն քաղել: Մասնաշենքի 1999-2001թթ. վերանորոգումն իրականացվել է Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի պաշտոնավարման տարիներին: Պատվիրատուն եղել է մարզպետարանի քաղաքաշինության բաժինը: Կապիտալ վերանորոգման աշխատանքներն իրականացրել էր Ալավերդիում գրանցված «Տիգրան Մեծ» շինարարական կազմակերպությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter