HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էկոլոգիական հասարակական դաշինքն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել «GeoProMining Gold»-ի նկատմամբ

Էկոլոգիական հասարակական դաշինքը նամակ է ուղարկել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին` «GeoProMining Gold» ՍՊԸ-ի «Սոթքի ոսկու բացահանք» նախագծի ՇՄԱԳ-ում տեղ գտած ջարդիչ- տեսակավորման տեղամասի վերաբերյալ:

Նամակում ասված է. «Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին

Հասարակական կազմակերպությունների մեկնաբանությունները և առաջարկությունները «Սոթքի ոսկու բացահանք» նախագծի ՇՄԱԳ-ի վերաբերյալ, որը հուլիսի 30-ին Սոթք գյուղում տեղի ունեցած հասարակական լսումների ժամանակ ներկայացրել է «GeoProMining Gold» ՍՊԸ-ն:

1. Սոթք գյուղում անցկացվեցին «GeoProMining Gold» ՍՊԸ-ի ներկայացրած և «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի մշակած «Սոթքի ոսկու բացահանք» նախագծի ՇՄԱԳ-ի վերաբերյալ հասարակական լսումներ: ՇՄԱԳ-ում ներառված է ջարդիչ-տեսակավորման տեղամասի հատվածը, որն արդեն իսկ կառուցված է՝ առանց նախագծային փաստաթղթերի առկայության, առանց բնապահպանական փորձաքննության եզրակացության, առանց համայնքի համաձայնության, որը 2011թ. ապրիլին գրավոր անհամաձայնություն հայտնեց համայնքի վարչական սահմանում ջարդիչ-տեսակավորման տեղամասի տեղադրման կապակցությամբ, առանց հողերի օտարման համար թույլտվության:

2.  Ջարդիչ-տեսակավորման տեղամասը վերամշակող արտադրության մաս է, այլ ոչ հանքաքարի արդյունահանման, ինչպես պնդում է «GeoProMining Gold» ընկերությունը: Հետևաբար, վերամշակող արտադրության տեղադրումը Սոթքում հակասում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքին` հոդված 10, քանի որ սպառնում է Սևանա լճի էկոհամակարգին:

3. Ջարդիչ-տեսակավորման տեղամասի աշխատանքի հետևանքով 2011-2012թթ. ընթացքում մանրացված դատարկ ապարների քանակը, որոնք պարունակում են ծանր մետաղներ և տոքսիկ միացություններ` մկնդեղ, վանադիում, ծարիր և այլն, զգալիորեն աճել է: Այդ թափոնները լցված են Սոթք գյուղի վարչական տարածքում, Լեռնային Ղարաբաղի տարածքում և ճանապարհի երկարությամբ:

Հաշվի առնելով վերոշարադրյալը` առաջարկում ենք.

- Ջարդիչ-տեսակավորման տեղամասի հատվածն առանձնացնել առանձին նախագծով, որը պետք է նորից անցնի բնապահպանական փորձաքննության եզրակացության ստացման գործընթացի բոլոր փուլերը:

- Չնայած հարկ է նկատել, որ «Ջարդիչ-տեսակավորման սարքի» վերաբերյալ պետական լիազոր մարմնի կողմից թե դրական, թե բացասական եզրակացություն տրամադրվելու դեպքում էլ այն չի բխի օրենքի պահանջից, քանի որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեությունների ցանկում որևէ դրույթ նախատեսված չէ, որ այդ սարքի գործածումը հանքանյութերի արդյունահանում է և վերամշակում: Այս կապակցությամբ տարբեր մասնագետներ տարբեր կարծիքներ ունեն. մի մասը համարում է, որ դա վերամշակող սարք է, իսկ մյուս մասը չի համարում:

- Այդ իսկ պատճառով, առաջարկում ենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության և գիտահետազոտական կենտրոնների մասնագետների մասնակցությամբ ձևավորվի հանձնաժողով, որը կտա մասնագիտական հիմնավորում, ըստ որի՝ «Ջարդիչ-տեսակավորման սարքի» գործածումը հանքանյութերի արդյունահանում է և վերամշակում, հետևաբար օրենքի ուժով պարտադիր պետք է անցնի բնապահպանական փորձաքննության: Իսկ եթե պետական լիազոր մարմինը քննարկման առարկա դարձնի այս հարցը, ապա «Սևանի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդ. պահանջի հիման վրա միանշանակ պետք է տրամադրի բացասական եզրակացություն, որ այդ սարքի գործածումը հիշյալ տարածքում արգելվում է, քանի որ այն բացասական ազդեցություն է թողնելու Սևանա լճի և նրա էկոհամակարգի վրա:

- Ջարդիչ-տեսակավորման տեղամասի կառուցումն ու գործունեությունը ճանաչել անօրինական, քանի որ դա ոչ թե նախատեսվող, այլ առանց թույլատրող փաստաթղթերի իրականացված գործունեություն է, ինչը հակասում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքին, որպես վերմշակող արտադրություն՝ այն հակասում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքին:

- Ջարդիչ-տեսակավորման տեղամասի կառուցման և գործունեության վերաբերյալ տեսչական ստուգումներ անցկացնել, որոշել հողի և Սևանա լճի ջրահավաք ավազանի վրա մանրացված արտադրական թափոնների ազդեցության չափը, խախտումների մասին ակտ կազմել, ակտի համաձայն` «GeoProMining Gold» ընկերության նկատմամբ պատժամիջոցներ կիրառել:

Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Ս. Ադամյան»:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
29.08.2012
թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter