HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Սոցիալական գովազդը չպետք է լինի առիթից առիթ

«Սոցիալական գովազդը հոգեբանական մեխանիզմ է, որը փայլուն աշխատում է ամբողջ աշխարհում՝ սկսած 1906 թվականից, երբ առաջին սոցիալական գովազդը պատրաստվեց ԱՄՆ-ում: Հասարակության մեծամասնությունն ունի որոշակի սոցիալական հիմնախնդիրներ. սոցիալական լարվածությունը թուլանում է հիմնախնդիրը կրողի մոտ, երբ նա տեսնում է, թե ինչպես են այդ մասին բարձրաձայնում ԶԼՄ-ների մակարդակով»,- ասաց «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի» նախագահ Արզուման Հարությունյանը այսօր՝ Հայաստանում սոցիալական գովազդի մշակույթի թեմայով ասուլիսի ժամանակ:

Բանախոսը նշեց, որ մեր երկրում սոցիալական գովազդի մշակույթը դեռևս պատշաճ ձևավորված չէ, և եթե ուղիղ ճանապարհով, այսինքն պետական մակարդակով այս բացը լրացնել չի ստացվում, ապա պետք է հասարակական սեկտորը ստանձնի այդ պատասխանատվությունը: Կառավարության ֆինանսավորմամբ թրաֆիքինգի դեմ պայքարի բավականին հաջող ակցիաներ են կազմակերպվում, որոնք, սակայն, ընթանում են թրաֆիքինգի միջազգային օրվա շրջանակներում, իսկ հաշմանդամների մասին «հիշում են» ընտրությունների ընթացքում՝ նրանց ընտրական իրավունքը ապահովելու անհրաժեշտության հետ կապված:

Արզուման Հարությունյանը համոզված է, որ սոցիալական գովազդը չպետք է լինի առիթից առիթ: Լավագույն տարբերակը կլինի ունենալ սոցիալական գովազդի լաբորատորիա, որը սոցիալական գովազդ ստեղծել ցանկացողներին կսովորեցնի պատվեր ձևավորել, կիրառել համաշխարհային փորձը և կազմակերպել մոնիթորինգներ՝ պարզելու համար, թե որքանով է տվյալ սոցիալական գովազդը եղել նպատակային և լուծելով մեկ հիմնահարց՝ չի՞ նպաստել արդյոք մեկ այլ հիմնահարցի առաջացմանը:

Սեպտեմբերից Հայաստանում առաջին անգամ մեկնարկում է «Սոցիալական գովազդի վիրտուալ փառատոնը», որի հաղորդակցման հարցերով խորհրդատու Մարիամ Մովսիսյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այն ծառայելու է որպես հաղորդակցության միջոց, մարդկանց հնարավարություն է տալու բարձրաձայնել սոցիալական խնդիրների մասին, ճշգրիտ կերպով մատուցել դրանց մասին տեղեկությունը և կոչված է լինելու խրախուսել սոցիալական գովազդի մշակույթի ձևավորումը: www.socialadfest.am կայքի միջոցով ծրագիրը հասանելի կլինի ոչ միայն մասնակիցներին, այլև հանրությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter