HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

21-րդ դարն ու Սիսիանի տաքուկ ձմեռը

Եթե Սյունիքի այլ համայնքներում մարդկանց համար ձմռանը տաքանալու հիմանական միջոցը գազը կամ փայտն է, ապա Սիսիանի համայնքներում այս հարցում «առաջատար դիրքերում» է աթարը, կամ ինչպես իրենք են ասում՝ քարման: Սիսիանի շատ գյուղերում այս վառելիքը պահանջարկ ունի: Գյուղում շրջելիս՝ շատերի տների մոտ կտեսնես խնամքով կիտված աթարի կույտերը:

Շաքիի բնակիչ Մանվել Հովակիմյանը ևս իր տունը աթարով է տաքացնում. «Գազը թանկ հաճույք է: Ճիշտ է աթարը «կեղտոտ» վառելիք է՝ ծուխը մի կողմից, հոտը՝ մի, բայց ի՞նչ անենք, ո՞նց տաքանանք ձմռանը»:

Տարածքը, որտեղ Մանվել պապը գոմաղբից աթար է ստանում, փոքրիկ տնտեսության է վերածվել: Նա նաև ոգևորված պատմում է աթարի պատրաստման տեխնոլոգիայի մասին՝ ասելով, թե դա էլ աշխատատար գործընթաց է. «Նոյեմբեր ամսից աթարը լցնում ենք գետնին, մայիսին նոր կտրում ու մինչ ուշ աշուն թողնում, որ չորանա: Աթարին վնասում են գարնանային անձրևները, եթե աշունն էլ անձրևային է լինում, աթարը թաց է մնում ու այն դժվարությամբ է վառվում. կարգին տաքություն չի տալիս»:

«Աթարը պիտի չոր լինի, որ լավ տաքացնի, մեր մոտ 7 ամիս ձմեռ է՝ հոկտեմբերից-ապրիլ,- ասում է Մանվել պապը: -Լեռնային գոտի է, անտառ չունենք, փայտի համար էլ՝ գումար չունենք: Կապանից են փայտ բերում, բայց շատ թանկ գներով՝ 1 խմ՝ 20 հազար դրամ են վաճառում, դե արի ու մեր ստացած չնչին թոշակով փայտ գնիր»:

Աթարի «արտադրամասում» մի տեղ աթարը բուրգի էր վերածվել, մի տեղ՝ սեղանի, մեկ տեղ էլ՝ բազկաթոռի, որի վրա նստել էր Մանվելի թոռը:

«Ոչխարի աթարն ավելի լավ է, քանի որ ոչխարը անընդհատ գոմում ոտքի տակ տրորում է, էլ երկար չես չարչարվում, իսկ կովերիրն ամեն օր հանում են, թրիքը մնում է թույլ»,- իրենց գործից հիացած ասում է Մանվելի համագյուղացի Ռաֆիկ պապը:

Գազ, լույս,փայտ... Այս շարքն արժանիորեն կարող է շարունակել աթարը: Սրա որակի համար չկան պատասխանատուներ, չկան գնային տատանումներ, հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովը երբևէ չի խոսել ու չի խոսի սրա մասին… Իսկ Սիսիանի գյուղերի բնակիչների համար` որքան շատ գոմաղբ, այնքան ջերմ ու տաքուկ ձմեռ:

Մարիամ Մաթևոսյան
Գորիս

Հոդվածը պատրաստվել է «Հանրային իրազեկվածության ու մասնակցության բարձրացում Սյունիքի մարզում' լրագրողների կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում


Մեկնաբանություններ (1)

Susanna
koloritajin njut e

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter