HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Պատերազմը հաղթել ենք, մնացել դրսում»

Արցախցի Կարեն Պետրոսյանի աջ աչքը կույր է, ինչի պատճառով էլ նա Խորհրդային Միության տարիներին բանակ չի զորակոչվել: Սակայն, Կարենն ակտիվորեն մասնակցել է Ղարաբաղի ազատագրմանը. «Պեխոտում եմ եղել, պուշկի վրա էլ եմ աշխատել, դաժե գրանատամյոտ եմ կրակել: Ինչ կարացել, արել եմ: Իսկ էսօր ոչ մեկին պետք չեմ»,- ասում է նա:

Կ. Պետրոսյանը Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղից է, ունի չորս երեխա, որոնց, ինչպես ինքն է ասում, մեծացնում է մակարոնեղենով:

«Չեք հավատա, բայց գյուղ տեղը եթե ամիսը մեկ միս ուտենք, լավ ա: Պետության տված թոշակը հազիվ էրեխեքի պեսոկին ա հերիքում: Բա ինչո՞վ անասուն պահեմ կամ ցորեն ցանեմ: Ստիպված համբալություն եմ անում. ուրիշի գոմն եմ մաքրում, ցախն եմ կտրում, արտն եմ վարում: Հլը էդ գործերը խաթրով են տալիս: Ստեղ աշխատանք չկա»,- նշում է Կարենը:

Ակնաղբյուրն ունի 338 բնակիչ: Գյուղում ո՛չ անասնապահությունը, ո՛չ էլ հողագործությունը զարգացած չէ:

«Մենակ աղքատությունն ա զարգանում: Ջուր չկա, որ արտը ջրենք: Իսկ առանց ոռոգման շատ դեպքերում հողի վրա կատարված ծախսն ավելի շատ է լինում, քան ստացած բերքը,- ասում է ակնաղբյուրցի Բորիկ Հակոբյանը:- Գյուղացիք, իհարկե, անասուն էլ են պահում, բայց շատ քիչ` հավ-մավ ու մեկ-երկու կով: Քանի որ արտադրանքն իրացնելու տեղ չունենք: Մենակ 3000 դրամ պիտի տաս գյուղից տրանսպորտով Ստեփանակերտ գնալ-գալու համար: Ինչքա՞ն կաթ ծախես, որ տակը բան մնա»:

Բորիկը գյուղի միակ կրպակի տերն է:

«Որ պարտքերի դավթարը բացեմ, չէ, ծերը չի երեւա: Մարդ կա` երկու տարվա պարտք ունի: Չես էլ կարա բան ասես: Թոշակը ստանում են ու շշկռվում` լույսի վարձը տա՞ն, թե՞ խանութի պարտքը... Ես էլ մնում եմ սպասելով»,- նշում է Բ. Հակոբյանը:

Վերջինիս պարտապաններից մեկն էլ Սարգսյանների ընտանիքն է: Նրանք ունեն հինգ անչափահաս տղաներ եւ ապրում են գյուղի ստորոտի կիսաքանդ տներից մեկում:

«Թուրքի քանդված տուն էր: Ոչ մի բան չկար, մենակ վառված պատերն էին: Տանիքը սարքել եմ, մտել տակը: 1996 թվականից էս պայմաններում ապրում ենք»,- ասում է ընտանիքի հայրը` արցախյան պատերազմի 3-րդ կարգի հաշմանդամ Իգոր Սարգսյանը:

«Ես տելեվիզրով շատ եմ լսել, որ կառավարությունը բազմազավակ ընտանիքների համար տուն ա սարքում: Բոլորին դիմել ենք, նույնիսկ Հադրութի վարչակազմի ղեկավարին` Վալերիկ Գեւորգյանին: Ասում ա` տի զակոն չկա,- շարունակում է Իգորի կինը` Ելենա Սարգսյանը,- հիմա պիտի Ստեփանակերտ` պրեզիդենտի մոտ գնանք: Թե չէ` մեկն էլ չի ասում` ո՞նց եք, ի՞նչ եք: Իսկ իրանք ապահով ապրում են»:

«Ղեկավարությունը ոչ մի բանով չի աջակցում: «Հայաստան» հիմնադրամը գյուղի համար գազ ա քաշում: Շնորհակալ ենք, շատ լավ ա: Բայց պարզ չի՞, որ փող չունեցող մարդն էլի փետա վառելու: Դրա հետ միասին թող կառավարությունն էլ ջուրը բերի, որ մարդիկ ապրուստ ունենան: Սովետի ժամանակ ջուրն անտառից էր գալիս: Հիմա խողովակները փտել են: Բա թող փոխեն, ամեն ինչ թողել են էշի վրա,- շարունակում է Բորիկն ու սկսում թվարկել,- խմելու, ճաշի, լվացքի ու լողանալու, տնամերձի համար ջուրն էշով ենք բերում: Հա՛մ կերակուր պատրաստելու, հա՛մ էլ ձմռանը տաքանալու փայտն էշով ենք բերում: Խոտն էշով ենք բերում... Խե՜ղճ անասուն: Դրա համար էլ գյուղ մտած ցանկացած էշ մի տարի հետո սատկում ա»:

«Որ նախարարին նայում ես, էնքան մեդալ ունի, որ արդեն թեւքերից ա կախել: Դե, հա, մեդալն էլ ձեզ, ամեն ինչն էլ ձեզ: Մենակ չափավոր կերեք: Որ քիչ ուտեն, չէ, ապրելու ենք,- ասում է ազատամարտիկ Կ. Պետրոսյանը եւ ավելացնում:- Պատերազմը հաղթել ենք, մնացել դրսում: Այ, սենց շան պես տանջվելով էլ վերանալու ենք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter