HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Թամայա Ռիսորսիզը» կլքի Հայաստանը

Ավստրալիական «Թամայա Ռիսորսիզ» («Tamaya Resources») ընկերությունը այս տարվա սեպտեմբերին հայտարարեց Մեղրիում ոսկու արդյունահանման նախագծի սառեցման մասին:

Ընկերության առաջին կիսամյակի հաշվետվության մեջ դա բացատրվում էր ամորտիզացիոն ծախսերը սպասվածից բարձր, իսկ ոսկու պաշարները ցածր լինելու հանգամանքով: Իրականում, սակայն, «Թամայան» ոչ թե ժամանակավորապես սառեցրել, այլ առհասարակ դադարեցրել է Մեղրիում իր գործունեությունը, ավելին` ձգտում է օր առաջ լքել Հայաստանը:

Մեղրու Լիճվազ-Թեյի եւ Տերտերասարի ոսկու հանքավայրերը շահագործելու լիցենզիան 1999 թ. տրվել է «Սիփան-1» հայկական ընկերությանը: Վերջինս կառուցել է ոսկու կորզման ֆաբրիկա եւ շուրջ 4 տարի շահագործել հիշյալ հանքերը: 2005 թ. «Սիփան-1» ՍՊԸ-ն գնեց ավստրալիական «Այբիրիան Ռիսորսիզ» («Iberian Resoueces») ընկերությունը, որի բաժնետոմսերի 86,21 տոկոսն ավելի ուշ ձեռք բերեց ավստրալիական մեկ այլ ընկերություն` «Թամայա Ռիսորսիզը»:

Կարճ ժամանակում ընկերությունը Հայաստանում ներդրեց միլիոնավոր դոլարներ` խոստանալով ներդրումների ծավալը հասցնել մինչեւ 65 մլն ԱՄՆ դոլարի: Հանքերում աշխատողների քանակն ավելի քան հինգ անգամ ավելացավ` անցնելով 400-ը: Ակնկալվում էր, որ այս թիվն առնվազն կկրկնապատկվեր: Եթե նախկին սեփականատիրոջ ժամանակ արտադրվում էր միայն խտանյութ, ապա ավստրալիացիները սկսեցին արտադրել ոսկի` ամսական մոտ 10 կգ: «Թամայա»-ի ղեկավարները խոստանում էին նաեւ 2009 թ. աշնանն այս ցուցանիշն ապահովել օրական: Բայց խոստումներն այդպես էլ չիրականացան:

Գնելով «Այբիրիան Ռիսորսիզի» բաժնետոմսերի մեծ մասը` «Թամայան» հանքեր ձեռք բերեց նաեւ Պորտուգալիայում եւ Մարոկկոյում: Իսկ մինչ այդ արդեն շահագործում էր Չիլիի պղնձի հանքավայրը: Մեր տեղեկություններով` հենց այստեղից էլ սկսվել են ընկերության դժվարությունները:

Ավստրալիացիները ծրագրել էին Չիլիից ստացած եկամուտները ներդնել Հայաստանում: Սակայն 2007 թ. ավարտին Չիլիի հանքավայրերն ինչ-ինչ պատճառներով այլեւս շահույթ չեն ապահովել: Միջազգային խոշոր բանկերից մեկը համաձայնել է տրամադրել անհրաժեշտ գումարները, բայց Մեղրու հանքավայրերի պաշարների վերաբերյալ պահանջել է շատ ավելի ռեալ ու խորը հետախուզման տվյալներ: Մինչդեռ «Թամայա Ռիսորսիզը» չի կարողացել հայթայթել նաեւ լրացուցիչ հետախուզման միջոցներ:

Պաշտոնական տվյալներով` Լիճվազ-Թեյի հանքավայրում ոսկու պաշարը 17 տ է, Տերտերասարում` 3 տ: Բայց օտարերկրացի ներդրողներն իրենց հաշվարկները կառուցել էին այն սպասելիքով, որ հաստատված պաշարներն առնվազն կրկնակի շատ կլինեն: 

Հիշյալ հանքերից հարավ` Ագարակի, իսկ հյուսիս` Քաջարանի հանքավայրերն են: Ընդհանուր տարածաշրջանը հանքայնացված է եւ միանգամայն տրամաբանական է, որ նշյալ պաշարները եղածի ընդամենը մի մասն են կազմում: Սակայն ֆինանսական ճգնաժամում հայտնված ավստրալիացիները սկսեցին հայտարարել սպասվածից ցածր պաշարների մասին եւ որոշեցին «Հայաստանում այլեւս լրացուցիչ ռեսուրսներ չներդնել»:

Անցյալ տարվա հուլիսին, ըստ «Թամայա Ռիսորսիզի» պաշտոնական կայքէջի, Էնտոնի Էհլերսը նշանակվել է ընկերության հայաստանյան մասնաճյուղի գլխավոր գործադիր տնօրեն: Նա այժմ Հայաստանում է: Հեռախոսազրույցի ժամանակ վերջինս պատրաստակամություն հայտնեց պատասխանել Հետքի հարցերին եւ նշանակեց հանդիպման վայրը: Սակայն հրաժարվեց մեկնաբանություններ տալուց. «Ոչինչ ասել չեմ կարող, ես նման լիազորություն չունեմ, դիմեք ուրիշին` տեղացի ղեկավարներին»,- ասաց Է. Էհլերսը:

«Թամայա Ռիսորսիզի» հայաստանյան գրասենյակն այլեւս չի գործում, աշխատանքից ազատվել է ավելի քան 400 մարդ, այդ թվում` տեղացի ղեկավարները: Էնտոնի Էհլերսը մեր հանդիպման ժամանակ իր խոսքում նշեց նաեւ, թե «Հայաստանում կատարվողն իրենց համար երրորդական, չորրորդական նշանակություն ունի»:

Այս խոսքերի կարիքն ամենեւին չկար: Այդ մասին փաստում է նաեւ «Թամայա»-ի գործելակերպը: Ընկերությունը Հայաստանում արդեն իսկ վաճառել է այն ամենը, ինչը հնարավոր է արագ իրացնել` սկսած մարդատար եւ բեռնատար մեքենաներից: Սակայն գումարը Հայաստանից հանվել է, չնայած նրան, որ «Թամայա Ռիսորսիզի»` բյուջեին, մատակարար ընկերություններին եւ իր նախկին աշխատակիցներին չվճարած աշխատավարձերի պարտքը կազմում է 300-400 հազար ԱՄՆ դոլար:

«Հետքի» աղբյուրի փոխանցմամբ` ընկերության Հայաստանի ակտիվները վաճառելու համար Էնտոնի Էհլերսն այժմ ակտիվ բանակցություններ է վարում տեղացի գնորդների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter