HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հնդկահայ համայնքի բողոքն ընդդեմ Հունգարիայի կառավարության

Այսօր Հնդկաստանի հայ համայնքն իր ընդվզումն ու բողոքի ձայնը բարձրացրեց Կալկաթայում Հունգարիայի հյուպատոսության առջև` Հունգարիայի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին պաշտոնական Բաքվին անօրինական արտահանձման և Ադրբեջանի նախագահի կողմից  նրան ազատություն շնորհելու համար: Համայնքի կողմից բողոքի նամակ հանձնվեց Կալկաթայում Հունգարիայի հյուպատոսությանը:

Հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ, հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանն իր նամակում ի մասնավորի գրել է. «Մարդկային կյանքն աստվածապարգև է: Կանխամտածված սպանությունը հանցանք է մարդկության և Աստծո դեմ: Հանուն հնդկահայության մենք պահանջում ենք, որ Հունգարիայի կառավարությունը ներողություն խնդրի հունգարական դատարանի կողմից ցմահ դատապարտված դաժան մարդասպանի ազատության մեջ հայտնվելու համար: Այս անընդունելի որոշումը ոտնահարում է մարդու իրավունքները, արդարությունը, մարդակային արժանապատվությունը և մերժում է աստվածային օրենքը երկրի վրա»:

Նամակը հյուպատոսին հանձնելիս Հայր Խորենն իր խորը վրդովմունքը հայտնեց և ասաց, որ եթե վերջինս այս անարդար արտահանձման դեմ ընդվզի և, ի նշան բողոքի,  հրաժարական տա, ապա կդառնա իր հերոսը:

Լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը 2006 թվականին հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ բանտարկության` 30 տարի առանց ներման իրավունքի:

Ազերի մարդասպանը 2004 թվականին առանձնակի դաժանությամբ կացնով սպանեց հայկական բանակի սպա 26-ամյա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Նրանք երկուսն էլ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում էին Հյուսիսատլանտյան դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերենի դասընթացներին:

Դատավարությունը բացահայտեց, որ Գուրգեն Մարգարյանը առանձնակի դաժանությամբ սպանվել է միայն հայ լինելու պատճառով: Մարդասպանը խոստովանեց իր հանցանքը, բայց երբեք չզղջաց:

Հայոց մարդասիրական ճեմարան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter