HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Նորաստեղծ ՀԱՀ-ը հայտարարում է, որ գործելու է նաեւ արտաքին քաղաքական հարթությունում

Նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին` Հայ արդարադատության աստված Միհրի վերածնման եւ ձմեռային արեւադարձի օրը, պատմական Էրեբունի (Արին Բերդ) ամրոցի տարածքում հռչակվել է Հայ ազգայնականների համախմբում (ՀԱՀ) դաշինքի ստեղծումը: «Մենք գալիս ենք ոչ միայն հանրային եւ քաղաքական դաշտը մեր ձեւով վերափոխելու կամ մեր դիրքն ու տեղն ունենալու, այլ նաեւ ակնկալում ենք հոգեւոր ոլորտում իրագործել աշխարհայացքային լուրջ փոփոխություններ»,- այսօր ՀԱՀ-ի հրավիրած առաջին ասուլիսի ժամանակ հայտարարեց համախմբման խորհրդի անդամ, Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը:

«Մենք որեւէ հակադրության միտում չունենք ո´չ Հայ առաքելական եկեղեցու, ո´չ էլ մնացած կրոնական ուղղությունների հետ: Պարզապես ունենք մեր պատկերացումներն ու ապրելակերպը, պաշտում ենք մեր աստվածներին եւ ցանկանում ենք այս ամենը ներկայացնել հայ հանրությանը»,- հավելեց Ավետիսյանը: Վերջինիս խոսքերով` մեզանում ազգայնական դաշինքներ ստեղծելու փորձեր եղել են, սակայն դրանք ժամանակի ընթացքում պառակտվել կամ դադարել են գործել, քանի որ ունեցել են ներքին հակասություններ, հատկապես հոգեւոր ոլորտում:

«Մենք որոշեցինք, որ այս անգամ ազգայնականների համախմբումը պետք է կարեւոր, նաեւ սկզբունքային դիրք գրավի հենց հոգեւոր ոլորտում, որովհետեւ գաղափարական առումով Հայաստանում եւ սփյուռքում գրեթե բոլոր ազգայնականներն ունեն նույն նպատակները»,- ասում է նա:

«Ազգայնական ուժերի այս համախմբումը խորհրդանշական երեւույթ է հայ քաղաքական-հոգեւոր կյանքի պատմության մեջ: Սա այն եզակի դեպքերից է, երբ հայ հոգին, հավատքը, հայադավանությունը եւ հայ քաղաքական միտքն ի մի են գալիս: Մեր պատմության մեջ այս ի մի գալու հետեւանքով ենք ունեցել հաղթանակներ: Դա նույն է, ինչ հոգու եւ մարմնի միասնությունը: Պատկերացնենք, որ քաղաքականությունը ձեւավորում է հայի մարմինը, պետությունը, ուժը, իսկ հավատքը` հոգին: Այդ երկուսը պետք է միասին գործեն եւ երբ այդպես է, տեղի են ունենում հրաշքներ»,- ավելացնում է ՀԱՀ-ի խորհրդի անդամ, «Արորդիների Ուխտ»-ի քուրմ Գագիկ Հայրապետյանը:

Արմեն Ավետիսյանը նշում է, որ իրենք փորձելու են համախմբել ոչ միայն հայ ազգայնականներին, այլեւ հատկապես հարեւան երկրների նմանատիպ մտածելակերպ ունեցող ուժերին: Ջանալու են տարածաշրջանային պետությունների որոշակի ուժերի հետ նպաստավոր քաղաքականություն ստեղծել Մերձավոր Արեւելքի վերաբաժանման գործում կամ փորձելու են հասնել հայանպաստ դիրքորոշումների կովկասյան նոր վերաձեւումների ընթացքում: «Այսնպես որ, չենք բավարարվելու միայն ներքաղաքական հարցերով, այլ նաեւ արտաքին քաղաքական հարթությունում փորձելու ենք նույնիսկ պետությունների հետ վարել որոշակի քաղաքականություն»,- ասում է Ավետիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter