HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Տ. Կարապետյանը պատրաստ է գնել «Վերնատունը»

«Ամո´թ ձեզ, թասիբի եկեք»,- ասում է Տիգրան Կարապետյանը: Ամոթանքը հասցեագրված է Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի տուն թանգարանի` «Վերնատան» խնդիրն աչքաթող անողներին: Հիշեցնենք, որ վրացի մի գործարար այն գնել է 25 հազար ԱՄՆ դոլարով, իսկ Հայաստանի գրողների միության նախագահը երեկ հայտարարեց, որ դեռ 4-5 տարի առաջ Թումանյանի տունը վաճառվում էր 10-15 հազար դոլարով, ինքը դիմել է ՀՀ կառավարությանը, բայց հարցը մատնվել է անուշադրության:

«Եթե հնարավորություն կա թանգարանը գնելու, եւ հարցը փողի մեջ է, ես պատրաստ եմ այն գնել։ Թո՛ղ արտգործնախարարությունը պայմանավորվի, ես կգնեմ»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:

Նա նշում է, թե իր մոտ այնպիսի տպավորություն է ստեցծվել, որ արտգործնախարարը զբաղվում է միայն Արցախի հիմնահարցով. «Թող մեկնի Վրաստան եւ փորձի կարգավորել այդ հարցը եւ Ջավախքի խնդիրները,- ասում է նա: – Կամ Ռուսաստանից դիակներ են բերում: Դա ո՞ւմ գործն է: Պետք է պաշտոնապես բողոքի նոտա հղեն այդ պետությանը եւ պահանջեն հրապարակավ բացատրություն»:

«Վրաստանը կրակի հետ կատակ է անում»,- Տիգրան Կարապետյանն այսպես որակեց վրացիների գործունեությունը` նկատի ունենալով վերջին շրջանում Ջավախքում սրված իրավիճակը եւ հայազգի գործիչներին լրտեսության մեղադրանքով ձերբակալելու իրողությունը:

Նրա խոսքերով` Վրաստանը, գուցե ԱՄՆ Պետդեպարտամենտի ցուցումով, ավելի խիստ կեցվածք է ընդունում Ջավախքի հարցում, քանի որ Հայաստանն ավելի սերտ կապեր է հաստատում Ռուսաստանի եւ Իրանի հետ, մյուս կողմից էլ` ջերմացնում է հարաբերությունները Թուրքիայի հետ:

«Նույն պատկերով Վրաստանը կորցրեց Աբխազիան եւ Հարավային Օսեթիան: Եթե այսպես շարունակվի, ինքը կկորցնի նաեւ Ջավախքը, եւ մենք դուրս կգանք ծով: Ու ոչ մի բան չեն կարող անել, որովհետեւ Ռուսաստանը միանգամից կճանաչի»,- համոզված է Տ. Կարապետյանը:

Բացի այդ, նրա կարծիքով, վրացիների «խիստ դիրքորոշումը» պայմանավորված է նաեւ ՀԱՊԿ շրջանակում արագ արձագանքման ուժերի ստեղծմամբ, քանի որ «նրանց ձեռնտու չէ, որ մենք որոշակի երաշխիքներ ունենանք, իսկ կոլեկտիվ ուժերի ստեղծումը երաշխիք է»:

Բանախոսը գտնում է, որ հիշյալ կոլեկտիվ ուժերի ստեղծմանը մասնակցելով Հայաստանը գնացել է ոչ թե զիջման, այլ պարզապես կողմնորոշվել է. «Մինչ այդ հստակ կողմնորոշում չկար: Չնայած որոշված է ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնել Հայաստանի եւ Ուկրաինայի մասնակցությամբ, բայց մերոնք այսօր էլ դեռ մտածում են»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter