HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Հայտնի կավատի դատավարությունը շարունակվում է

Եվա Դարբինյանի նախագահությամբ Երեւանի քրեական դատարանում շարունակվում է Դուբայում եւ մարմնավաճառների շրջանում հայտնի կավատ Անուշ Մարտիրոսյանի դատավարությունը:

Տարիներ շարունակ նրա հովանավորությամբ Հայաստանից տարբեր տարիքի կանայք խաբեությամբ տեղափոխվել են Արաբական Միացյալ Էմիրություններ ու ենթարկվել սեռական շահագործման: Գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաեւ Մարիամ Մարտիկյանին եւ Անուշի հարազատ քույրեր Սոֆյա Մարտիրոսյանին ու Սոնյա Գաբրիելյանին:

Փետրվարի 12-ի նիստում վկա Կ. Գ.-ն դատարանին պատմեց, որ Մարիամ Մարտիկյանի տանը ներկա է եղել վերջինիս եւ գործով տուժող ճանաչված Միլենայի (անունը փոխված է) խոսակցությանը. «Սկզբից Միլենան հրաժարվում էր գնալ Դուբայ, ասում էր` վախենում եմ: Մարտիկյանն էլ ասում էր` արխային, ես մեջքիդ կանգնած եմ, այնպիսի մարդու մոտ կուղարկեմ, որ ոչ մի խնդիր չես ունենա»:

Դուբայում Միլենան հայտնվել է «մայր կավատի»` Անուշ Մարտիրոսյանի մոտ:

Քաջարանցի Միլենան 35 տարեկան է: 1991 թ. նա տեղափոխվել է Երեւան, սովորել, ստացել գրավաճառի մասնագիտություն: Սակայն ավելի ուշ սկսել է զբաղվել մարմնավաճառությամբ: 2006 թ. նա ընկերուհու` Նորա Ս.-ի միջոցով ծանոթացել է Մարիամ Մարտիկյանի հետ եւ, ի վերջո, տուրք տալով շռայլ խոստումներին` համաձայնվել իր «արհեստը» շարունակել «հեքիաթների աշխարհում»` Դուբայում:

Մարտիկյանը մարմնավաճառներ Միլենային եւ Նորային ուղարկել է Կրասնոդար: Այստեղ նրանց դիմավորել է Էմիրություններում հայտնի մեկ այլ կավատի` Գայանե Ղալթախչյանի եղբայրը եւ 2007 թ. մարտի 1-ին ճանապարհել Դուբայ:

«Մեզ դիմավորեցին Գայանե Ղալթախչյանը եւ Մարիետա Մուրադյանը ու հենց օդանավակայանում երկուսիս անձնագրերն էլ վերցրին: Բայց Երեւանում Մարիամ Մարտիկյանն ասում էր, որ անձնագրերը մնալու են մեզ մոտ»,- նախորդ նիստի ժամանակ դատարանին հայտնեց Միլենան: Նրա փոխանցմամբ` Երեւանում Մարտիկյանը նաեւ խոստացել է, որ Դուբայում իրենց աշխատած գումարները ոչ ոք չի վերցնի: Ըստ պայմանավորվածության` աղջիկները պետք է վերադարձնեին միայն վիզայի ու ճանապարհածախսի գումարը եւ «բոսին» վճարեին 1000 դոլար մաղարիչ:

«Գայանեն մեզ տարավ իր տուն: Հաջորդ օրը եկավ Անուշ Մարտիրոսյանը եւ ասացին, որ մեզ առանձնացնելու են, ու ես պետք է Անուշի մոտ աշխատեմ: Ամեն մեկից 35 հազար դրահմ ուզեցին: Մտածեցի, որ դա կազմում է մոտ 1000 դոլար` Մարտիկյանի ասած մաղարիչի չափը: Հետո իմացա, որ 35 հազար դրահմը շատ ավելի մեծ գումար էր` մոտ 10 հազար դոլար,- շարունակում է Միլենան: – Ինձ, փաստորեն, վաճառեցին Անուշին: Հիշում եմ, թե ինչպես Մարիետան ասաց` իրա հետ էլ գործ չունենք, տալիս ենք քեզ: Գայանեն էլ շաբաթը կամ 10 օրը մեկ գալիս էր գումարները տանելու, իսկ Անուշը բողոքում էր, թե գործ չի անում, գումար չկա: Բայց սուտ էր ասում. իմ հաշվարկով` ամբողջ պարտքիցս` 35 հազար դրահմից, ես մի բան էլ շատ եմ տվել Անուշին»:

Նա նշում է, որ ավելի ուշ, երբ Գայանեից պահանջել է վերադարձնել անձնագիրը, վերջինս ասել է, թե Անուշն իրեն դեռ 6000 դրահմ է պարտք, եւ մինչեւ այն չստանա, անձնագիրը չի վերադարձնի:

«Անուշի մոտ 4-6 աղջիկ կար: Նա բոլորին վախեցնում էր «Պոչիկ Ալիով»: Հենց նոր մարդ էին բերում, «Պոչիկ Ալիին» կանչում էին ու էդ աղջկան ցույց տալիս, որ դեմքով ճանաչեր: Եթե մեկը փախնում էր, զանգում էին «Պոչիկ Ալիին», նա գտնում էր էդ աղջկան, տանում անապատ, վերջին ձեւով օգտագործում, ծեծում ու բերում տալիս «բոսին»: Ես իմ աչքով եմ տեսել, թե սիսիանցի Ջեմմային ինչ օրն էին գցել,- պատմում է Միլենան:- Ստիպված գլուխս կախ գնում էի աշխատանքի` մտածելով, որ շուտ պարտքս կտամ ու իրենց ասելով` կսկսեմ իմ համար աշխատել: Բայց ինչքան էլ աշխատեի, պարտքս չէր վերջանում: Ամեն օր լացուկոծի մեջ էի: Ցերեկը մի քանի ժամ քնում էինք ու ամբողջ օրն աշխատում: Օրական առնվազն 3-4 հաճախորդ պետք է ընդունեինք: Առողջականս լավ չէր, թե´ կանացի, թե´ հոգեկան առումով: Անուշին շատ եմ ասել, որ ուզում եմ հետ գնալ, լացում էի, խնդրում, բայց վեջը չէր»:

Անուշ Մարտիրոսյանի մոտ 3 ամիս աշխատելուց հետո Միլենան, այնուամենայնիվ, փախել է: Նրա խոսքերով` մի քանի անգամ դիմել է տեղի ոստիկանությանը, սակայն վիզա չունենալու համար իրեն ո´չ արտաքսել են, ո´չ էլ ձերբակալել:

2007 թ. հոկտեմբերին նա Գայանե Ղալթախչյանից, վերջինիս ամուսնու միջնորդությամբ, անձնագիրը վերցրել է (Միլենայի պատմելով` կավատ Գայանեի արաբ ամուսինը տեղյակ չի եղել, թե ինչով է զբաղված կինը):

«Երբ ես արդեն մենակ էի, էլ աշխատանքի դուրս չէի գալիս. երեւի շաբաթը մեկ կամ երկու անգամ, որ կարողանայի ապրել ու տան վարձը մուծել: Մի օր էլ գնացի հյուրանոց, որտեղ խմել չէր կարելի, գարեջուր խմեցի ու շշերը շարեցի լուսամուտագոգին: Զանգեցի ոստիկանություն, եկան ինձ տարան, երկու ամիս նստեցրին բանտում ու 2008 թ. մայիսի 4-ին դեպորտ արեցին Հայաստան»:

Ամբաստանյալ Անուշ Մարտիրոսյանի այն հարցին, որ «եթե չուզենալով էիր զբաղվում մարմնավաճառությամբ, անձնագիրդ ստանալուց հետո ինչո՞ւ անմիջապես չվերադարձար Հայաստան», Միլենան պատասխանեց. «Որովհետեւ գումար չունեի: Միայն տոմսի հարցը կամ վիզան չէր: Ես պետք է նաեւ տուգանք վճարեի, քանի որ մոտ 1 տարի առանց վիզայի էի մնացել Դուբայում: Իսկ դա կոպեկներ չէր»:

2008 թ. հոկտեմբերին, երբ կավատ Անուշն արդեն կալանավորված էր, Միլենային զանգահարել է Գագիկ Ս.-ն (վերջինս այս գործում ներգրավված է իբրեւ վկա) եւ հարցրել, թե ինչքա՞ն գումար է ուզում Անուշի դեմ տված ցուցմունքը հետ վերցնելու համար:

«Պատասխանեցի, որ կմտածեմ: Քննիչին դրա մասին տեղյակ պահեցի, ասաց` ինչքան ուզում ես, ասա: 1000 դոլար ուզեցի եւ պայմանավորվեցինք, որ հաջորդ օրը «Նյու Յորք» սրճարանում ինձ կմոտենա Անուշի քույրը` Սոնյան»:

Երեւանի կենտրոնում գտնվող «Նյու Յորք» սրճարանում Սոնյա Գաբրիելյանը Միլենային տվել է 1500 դոլար եւ շեշտել, որ 500-ը հանձնի քննիչին, որպեսզի ցուցմունքը փոխելու համար ավելորդ քաշքշուկներ չստեղծվեն:

«Սոնյան ինձ թուղթ տվեց, որ գրեմ, թե իբր փողը պարտքով եմ վերցնում,- հավելում է Միլենան: – Հենց գումարը տվեց, ոստիկանները տեղում ձերբակալեցին նրան»:

Ինչպես մյուս ամբաստանյալները, Սոնյա Գաբրիելյանը նույնպես իրեն մեղավոր չի ճանաչում: Բայց, ի տարբերություն մյուսների, նա ազատության մեջ է: Ս. Գաբրիելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել «ստորագրություն չհեռանալու մասին» որոշումը:

Դատավարությունը կշարունակվի վաղը` փետրվարի 17-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter