HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ռուբեն Հայրապետյան. «Եթե իրենք կընդունեն, որ անբարոյականություն են արել, ուրեմն ես էլ եմ դա արել»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձավ իր կողմից «Բջնի» հանքային ջրերի գործարանը գնելու շուրջ վերջերս մամուլում տեղ գտած հրապարակումներին:

«Ես գտնում եմ, որ շատ ճիշտ եմ արել, որ գնել եմ այդ գործարանը: Կատարել եմ ձեր բոլորի ցանկությունը, որպեսզի տնտեսական ճգնաժամի պայմաններում բազմաթիվ մարդիկ գործազուրկ չդառնան»,- ասաց Ռ. Հայրապետյանը եւ խորհուրդ տվեց «պետության հետ տունտունիկ չխաղալ»:

«Գործարանը ես գնել եմ պետությունից եւ իմ կարծիքով` բավականին բարձր գնով: Թե հիմա իրենք (Սուքիասյանները) Եվրադատարան կդիմեն, թե մեկ այլ մոլորակի վրա գտնվող ինչ-որ դատարան, կլինի դատարանի վճիռ, պարտավոր ենք այն կատարել: Իսկ հարցը քաղաքականացնել պետք չէ, եւ մեկ տարի հետո կտեսնենք` այն քաղաքական էր, թե տնտեսական»,- նշեց պատգամավորը:

Նա խորհուրդ տվեց նաեւ բարոյականությունից խոսողներին. «Թող նրանք հետադարձ հայացք ձգեն եւ տեսնեն իրենց գնածները, որոնք ժամանակին գնել կամ խլել են, դրանք բարոյակա՞ն են, թե՞ ոչ: Եթե իրենք կընդունեն, որ անբարոյականություն են արել, ուրեմն ես էլ եմ դա արել,- ասաց Ռ. Հայրապետյանը եւ մանրամասնեց,- խոսքս վերաբերում է նույն «Սիլ Կոնցեռնի» ղեկավարներին, ովքեր, բոլորին է հայտնի, թե ինչպես են ձեռք բերել իրենց ունեցվածքը: Շատ ցանկալի կլինի, որ մի հատ հետդարձ անեք 92-98 թթ. եւ կտեսնեք, թե ինչ մեթոդներով է գնվել նրանց ունեցվածքը, այդ թվում` նաեւ «Բջնի» գործարանը»:

ՀՖՖ-ի նախագահն անդրադարձավ նաեւ ԱԺ պատգամավորներ Գագիկ Ծառուկյանի եւ Սաշիկ Սարգսյանի հետ իր ունեցած հարաբերություններին, որոնք, ըստ մամուլի որոշ հրապարակումների, վատթարացել են. «Գագիկ Ծառուկյանի հետ ես ընդհանրապես կոնֆլիկտ չեմ ունեցել. նա իմ ընկերն է: Այն լրատվամիջոցները, որոնք ցանկանում են մեր միջեւ կոնֆլիկտ ստեղծել, անհնարին է: Իսկ Սաշիկ Սարգսյանի հետ կապված` Սաշիկն ամենամոտ հարաբերությունները եղել եւ կա իմ հետ: Ես եւ Սաշիկ Սարգսյանն ընդհանրապես կոնֆլիկտ չենք ունեցել, եւ որեւէ մարդ չի էլ կարող դրա մեջ մտնել»:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը, երբ «Բջնին» դրվեց աճուրդի, հայտարարեց, թե ինքն այն չի գնի եւ խորհուրդ տվեց իր գործընկերներին վարվել նույն կերպ:

«Թե նա ի՞նչ է հայտարարել, դա իր անձնական խնդիրն է: Երեւի մտերմություն է ունեցել մարդու (Խաչատուր Սուքիասյանի) հետ, եւ նպատակահարմար չի գտել, որ ինքը գնի այդ գործարանը»,- ասաց Ռ. Հայրապետյանը եւ հավելեց, որ ինքը երկար  տարիներ վատ հարաբերություններ է ունեցել Խաչատուր Սուքիասյանի հետ եւ միայն պատգամավոր ընտրվելուց հետո է սկսել նրա հետ «նորմալ շփվել»` որպես գործընկեր:

«Անընդհատ շահարկվում է նաեւ, թե ինձ պարտադրել են, որ գնեմ «Բջնի» գործարանը: Երբ իրենց սիրելի իշխանությունը, այսպես կոչված` ՀՀՇ-ական, 9 տարի փորձել է ինձ վախեցնել եւ ստիպել, որպեսզի խոնարհվեմ իրենց առաջ, բայց չեմ արել, այն էլ իրենց հանցագործ իշխանությունը, որը բոլոր խնդիրները լուծում էր սպանություններով, առավել եւս չեմ վախենա իմ յուրայիններից: Ոչ ոք ինձ չի կարող ստիպել»,- նշեց պատգամավորը եւ շեշտեց, որ «վախն իր մեջից մանկուց հանված է»:

«Նույնիսկ փորձում են մատուցել, որ ես գումարներ չունեմ: Այդ ո՞նց եղավ, որ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրը մի հատ լրատվամիջոցով պալատ է կառուցում, իսկ Ռուբեն Հայրապետյանը, որ սաղ կյանքն աշխատել է եւ անընդհատ բիզնեսի մեջ է եղել, գումար չի ունենա «Բջնին» գնելու համար: Ուղղակի ծիծաղելի է»:

Լրագրողները վերջինիս հիշեցրին, որ ՀՀ Սահմանադրությունն արգելում է պատգամավորին զբաղվել գործարարությամբ. «Ես բիզնես չեմ անում, ես բիզնես եմ գնում»,- ի պատասխան նշեց գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը:

Նրա խոսքերով` փետրվարի վերջին կամ մարտի սկզբին «Բջնին» կսկսի արտադրանք թողարկել. «Մեկ տարի հետո բոլորիդ կհրավիրեմ «Բջնի» գործարան եւ կտեսնենք գործարանի հնարավորությունները եւ այն, թե ինչպես են կատարվում պետության հետ ունեցած պարտավորությունները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter