HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Հարցաքննվեց «Մայր կավատը»

 

 

[ 2009/02/23 | 19:35] Հիմնական թողարկում, դատարան, թրաֆիքինգ
Արարատ Դավթյան

Երեւանի քրեական դատարանում փետրվարի 17-ին հարցաքննվում էին Դուբայում հայտնի կավատ Անուշ Մարտիրոսյանը եւ նրա քույրը` Սոֆյա Մարտիրոսյանը: Այդ ընթացքում մեղադրող Արթուր Դավթյանը մի քանի անգամ դիտողություն արեց նրանց պաշտպաններին:

«Դուք կարող եք առարկել իմ հարցերին, հուշել ամբաստանյալներին, որ հրաժարվեն պատասխանելուց, բայց խնդրում եմ` մի հուշեք կոնկրետ հարցերի պատասխանները»,- նկատեց Արթուր Դավթյանը:

Մարիամ Մարտիկյանից բացի, այս գործի շրջանակում մեղադրվում է նաեւ Անուշի մյուս քույրը` Սոնյա Գաբրիելյանը: Տարբեր ժամանակահատվածներում նրանք օժանդակել են Անուշին Հայաստանից կանանց եւ աղջիկների խաբեությամբ Արաբական Միացյալ Էմիրություններ տեղափոխելուն, որտեղ վերջիններս հարկադրաբար զբաղվել են մարմնավաճառությամբ:

«Հետքն» արդեն անդրադարձել է Անուշի երկու զոհերի` Անիի եւ Միլենայի պատմությանը: Գործով տուժող ճանաչված 3-րդ անձը` 24-ամյա Գոհարը (անունը փոխված է) մասնագիտությամբ պարուհի է: Նա Դուբայում հայտնվել է Անուշի հովանավորությամբ` ամսական 1500 դոլարով պարուհի աշխատելու համար:

Դատարանում Գոհարը պատմում էր. «Այդ ժամանակ 19 տարեկան էի եւ ուզում էի գնալ արտասահման աշխատելու: Ծանոթներիցս մեկը` Մարիետան, առաջարկեց Դուբայում պարուհի աշխատել: Անձնագիրս վերցրեց, բայց մի քանի ամիս գործը ձգձգվեց: Ես մտափոխվեցի ու որոշեցի չգնալ: Բայց մի օր նա եկավ ու ասաց, որ վիզաները պատրաստ է ու եթե չգնամ, պետք է դրա վրա ծախսած գումարը` 1500-2000 դոլար, վերադարձնեմ: Ստիպված գնացի»:

Գոհարը Դուբայ է մեկնել ընկերուհու` Արեւիկի հետ: Նրանց տոմսերի եւ վիզայի հարցերը կարգավորել է Անուշի քույրը` Սոֆյա Մարտիրոսյանը: Հենց նա էլ օդանավակայանից աղջիկներին ճանապարհել է Մոսկվա, որտեղից էլ ոմն Գագիկ 15 օր հետո նրանց ուղարկել է Դուբայ:

Այս մասին իր ցուցմունքում նշեց նաեւ գործով որպես վկա անցնող Գոհարի մայրը: Սակայն Սոֆյա Մարտիրոսյանը հայտարարեց, թե ասվածն իրականությանը չի համապատասխանում, քանի որ այդ օրերին մահացել է իր մորեղբայրը, եւ ինքը չէր կարող, սգո մեջ լինելով, գնալ օդանավակայան:

«Մարոն (խոսքը Գոհարի ծանոթ Մարիետայի մասին է) է անձնագիրը վերցրել ու չգիտեմ` ոնց է արել ու Գոհարին ճանապարհել: Ես Գոհարին միայն Անուշի համարն եմ տվել, որպեսզի զանգի եւ հարցնի, թե նա կարո՞ղ է օգնել իրեն Դուբայ հասնելու հարցում: Օդանավակայան չեմ գնացել, Գոհարին ոչ մի բանում չեմ օժանդակել եւ երբեւէ աղջիկ չեմ հավաքագրել»,- դատարանին ասաց Սոֆյա Մարտիրոսյանը:

Սակայն նախաքննության ժամանակ նա հայտնել է, որ եղել են դեպքեր, երբ Անուշի խնդրանքով կանայք եկել են իր տուն, Անուշի ուղարկած գումարով տոմս է գնել ու նրանց ճանապարհել Դուբայ:

«Քննիչն (Հովհաննես Գեւորգյան) օգտվեց իմ  հիվանդությունից եւ ինչ թելադրեց, գրեցի: Ասում էր` սենց գրի հա´մ քո համար լավ կլինի, հա´մ քրոջդ, թե չէ ստեղից չես գնա»,- հայտարարեց Սոֆյա Մարտիրոսյանը:

«Դուբայում մեզ դիմավորեց Սյուզան անունով մի կին, վերցրեց իմ ու Արեւիկի անձնագրերը եւ տարավ իր տուն, որտեղ չափից շատ աղջիկներ կային: Արդեն ինձ պարզ էր, որ պարուհի աշխատելու մասին խոսք լինել չի կարող: Այդ օրն Անուշը եկավ եւ ես ասացի, որ ինձ ուղարկել են իր մոտ: Պատասխանեց, թե ամեն ինչ նորմալ է, դու մնա այստեղ, ես այդ հարցերը կկարգավորեմ: Ես մնացի Սյուզանի մոտ, իսկ Արեւիկին Անուշը տարավ, բայց նրան շատ շուտ արտաքսեցին»,- շարունակում է պատմել Գոհարը: Նա նշում է, թե իր կարծիքով` Անուշն իրեն վաճառել էր Սյուզանին:

Մոտ երկու ամիս անց, գողություն կատարելու համար, իրավապահները Սյուզանին ձերբակալել են` նրա հետ բանտարկելով նաեւ իր մոտ գտնվող աղջիկներին: Գողությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալել են նաեւ Անուշ Մարտիրոսյանին:

«Բայց տեսան, որ ես իրոք տեղյակ չեմ, ինձ ու վիզա ունեցող աղջիկներին, որ Սուսանի (խոսքը Սյուզանի մասին է) հետ ձերբակալել էին, բաց թողեցին, այդ թվում` Գոհարին: Նա հարցրեց` բա մենք ի՞նչ անենք, ասացի` ես վարձով տուն եմ տալիս, արի մնա իմ մոտ: Գոհարն իմ տանը մնալու ընթացքում մարմնավաճառությամբ չի զբաղվել, ինքը պահում էր մի հատ ընկեր` արաբ Ահմեդը, նա իրեն փող էր տալիս, ինքն էլ ինձ տան վարձ էր մուծում: Մի անգամ Գոհարը սիրահարվեց մի ադրբեջանցու ու թողեց գնաց նրա մոտ: Բայց մեկ ամիս հետո զանգեց ու խնդրեց, որ գնամ իրեն հետ բերեմ: Գնացել բերել եմ իմ տուն, մի երկու ամսում ինքը գործերը սարքել է ու հետ եկել Հայաստան»,- դատարանին հայտնեց Անուշը եւ շեշտեց, որ ո´չ Գոհարի անձնագիրն է վերցրել, ո´չ էլ տան վարձից բացի նրանից գումար պահանջել:

Սակայն, ըսը Գոհարի պատմածների, իրականում ինքն իր վաստակած գումարները տվել է Անուշին եւ նրա մոտից ոչ թե գնացել, այլ պարզապես փախել է ադրբեջանցու մոտ. «Իմ առաջվա «բոսի» մոտից ես ու Վերան էինք տեղափոխվել Անուշի մոտ, ու մեր անձնագրերն արդեն հայտնվել էին նրա մոտ: Հետո մենք 5000-ական դրահմ տվեցինք Անուշին, որ մեր անձնագրերը վերադարձներ: Ութ ամիս եմ մնացել Դուբայում, անձնագիրս վերցնելուց հետո վերադարձել եմ Երեւան»:

Անուշ Մարտիրոսյանը ժխտեց նաեւ Միլենային սեռական շահագործման ենթարկելու փաստը: Նրա խոսքերով` Միլենան նույնպես եղել է իր տնվորը, եւ ինքը նույնիսկ զարմացել է, երբ լսել է, որ վերջինս իրենից բողոքել է. «Երբ եկա Հայաստան, քննիչն ինձ տվեց մի որոշում, որում գրված էր Գայանե Ղալթախչյանի կողմից Դուբայ տեղափոխված բոլոր աղջիկների անունները, այդ թվում` Միլենայի: Բայց ես էդ ամեն ինչի հետ ոչ մի կապ չեմ ունեցել»:

Անուշը նշում է, թե գործով տուժող ճանաչվածներից միայն Անիին է տեղափոխել Դուբայ, ով ընդամենը մեկ տարի է իր մոտ 50-50 սկզբունքով աշխատել: «Դա 2002 թվականն էր, երբ ես զբաղվում էի կավատությամբ: Բայց 2004 թ. ես դրա համար դատապարտվել եմ ու պատժվել եմ նաեւ Անիի համար: Նրա մայրն այդ ժամանակ իմ դեմ ցուցմունք է տվել ե´ւ դատախազությունում, ե´ւ դատարանում: Իսկ դատապարտվելուց հետո ես այդ գործով էլ չեմ զբաղվել. արդեն տներ էի վարձակալում ու վարձով տալիս ուրիշներին»:

Սակայն նախաքննության ժամանակ Անուշ Մարտիրոսյանը հայտնել է, որ 2007 թ. ինքը «ֆինանսավորել, հրավերք է ուղարկել եւ մարմնավաճառությամբ զբաղվելու համար Դուբայ է տեղափոխել Հայկուշին, Ջեմմային ու Հերմինեին»:

Երբ դատախազ Արթուր Դավթյանը հիշեցրեց նրան այս մասին, վերջինս պատասխանեց. «Նախաքննության ընթացքում առաջին անգամ ինձնից ցուցմունք են վերցրել առանց դատապաշտպանի: Քննիչն ասում էր` գրի-գրի, որ քեզ շուտ բաց թողնենք, ես էլ շոկի մեջ սխալ եմ գրել. ինչ ասում էր, գլուխս կախ գրում էի»:

Դատախազը հրապարակեց Անուշի նախաքննական ցուցմունքները: Պարզվեց, որ առաջին անգամ նա հրաժարվել է ցուցմունքներ տալուց` պատճառաբանելով, որ դա կանի միայն իր փաստաբանի ներկայությամբ: Իսկ դրանից հետո նա ցուցմունքներ է տվել բացառապես Մկրտիչ Վասակյանի ներկայությամբ, ով պաշտպանում է նրա շահերը նաեւ դատարանում:

«Պարոն Վասակյանը շաքարախտով հիվանդ է եւ հարցաքննության ժամանակ անընդհատ սենյակից դուրս էր գալիս,- ի պատասխան նշեց կավատ Անուշը, իսկ այնուհետեւ ավելացրեց, – երեւի հարցը ճիշտ չեմ լսել: Գործում կան անուններ, որոնք Դուք թվարկեցիք, ովքեր իմ ընկերուհիներն են: Զանգել ասել են` վիզա բացի, ես էլ բացել եմ: Ի՞նչ ա եղել. 100 դոլարի պատմություն չի»:

Դատաքննության ժամանակ, երբ տուժողներ Անին եւ Միլենան հարցեր էին ուղղում Անուշին, նա ուղղակի հարցնում էր. «Էդ ինչքա՞ն փող են տվել, որ եկել սենց դերասանություն եք անում»: Անին էլ հակադարձում էր. «Էդ դու ես փող տվել, որ մյուս տուժողները չեն բողոքում ու դատարան չեն գալիս: Բայց ոչինչ, համբերիր, հլը աղջիկներդ Դուբայից գալու են»:

Դատավարությունը կշարունակվի փետրվարի 24-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter