HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ի՞նչ կապ ունի Վարդան Այվազյանը. պատահականությո՞ւն, թե՞…

2008 թ. նոյեմբերի 17-ին աշխատանքից տուն վերադառնալիս «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն իր ավտոմեքենայի մոտ երեք անձանց կողմից հարձակման ենթարկվեց: Սկզբից եւեթ որոշ լրատվամիջոցներ, որպես կատարվածի պատվիրատու, սլաքն ուղղեցին այդ օրերին Մոսկվայում գտնվող Բնապահպանության նախկին նախարար, այժմ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի ուղղությամբ:

Միջադեպից օրեր առաջ տպագրվել էր Էդիկ Բաղդասարյանի հոդվածը Վարդան Այվազյանի գործունեության մի դրվագի մասին: Սակայն «Հետքում» այդ հրապարակմանը նախորդել էին մի քանի այլ մերկացնող հոդվածներ, որոնցում Բաղդասարյանը բացահայտել էր, թե ինչպես է նախկին նախարարը տիրացել Հայաստանի ընդերքի մի մասին` ինքն իրեն, հարազատներին կամ իր ենթականերին նվիրելով հանքավայրեր: Հենց այդ հոդվածաշարը մատնանշելով` դեպքից հետո իր տված առաջին ասուլիսում Վարդան Այվազյանը հայտարարեց, որ «եթե նման մտադրություն ունենար, դա կաներ ավելի վաղ» եւ կտրականապես հերքեց միջադեպի հետ իր առնչությունը:

Ի թիվս բարձրաստիճան պաշտոնյաների եւ հիվանդանոցում Բաղդասարյանին այցելած վարչապետ Տիգրան Սարգսյանի` կատարվածը դատապարտեց նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը` իրավապահներին խիստ հանձնարարելով «հնարավորինս սեղմ ժամկետներում բացահայտել հարձակման հեղինակներին եւ պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին»: Հայտարարվեց, որ անձամբ ոստիկանապետը գործը վերցրել է իր հսկողության տակ, իսկ բարձրաստիճան ոստիկանները, հղում անելով իրենց «ներքին համոզմունքներին», նշում էին, թե գործը շատ շուտով կբացահայտվի:

Այդ օրերին, հաշվի առնելով ոստիկանության գործելաձեւը, դժվար էր հասկանալ, թե ինչի վրա էին հիմնված «ներքին համոզմունքները»: Ոստիկանությունը հավաստիացնում էր, որ «ամենափորձառու աշխատողների մասնակցությամբ կազմվել է օպերատիվ խումբ, որն իրականացնում է անհրաժեշտ բոլոր օպերատիվ-հետախուզական գործողությունները»: Այդ «փորձառուները» դեպքից անմիջապես հետո կատարել էին տեղազննություն եւ գործին առնչվող որեւէ իր չէին հայտնաբերել: Մինչդեռ միջադեպից շուրջ 6 ժամ անց Էդիկ Բաղդասարյանի որդին դեպքի վայրում գտել է հոր մեքենայի բանալիները, լուսանկարչական սարքը եւ բռնարարքի պատահական ականատեսի գազային ատրճանակից արձակված դատարկ գնդակի պարկուճը:

Բացի այդ, Էդիկ Բաղդասարյանը տեսել է իր վրա հարձակվողներից մեկի դեմքի մի հատվածը, սակայն իրավապահներն այս հանգամանքի վրա ուշադրություն չեն դարձրել:

«Կռվի ժամանակ, երբ մեկին հարվածեցի, նա ետ-ետ գնաց, եւ ինչ-որ տեղից նրա այտոսկրին լույս ընկավ: Առաջին օրերին ինձ թվում էր, որ եթե նրան տեսնեմ, կճանաչեմ: Բայց հետո այդ պատկերը հիշողությունիցս ամբողջությամբ ջնջվեց,- ասում է Բաղդասարյանը: – Իրավապահներն այս հարցով չեն էլ հետաքրքրվել: Հիմա եմ հասկանում, որ նրանք դրա կարիքը չունեին, որովհետեւ առաջին օրվանից փնտրում էին այդ տղային` Կարեն Հարությունյանին»:

Էդիկ Բաղդասարյանի վրա հարձակվողները նրան շարունակել են հարվածել նույնիսկ անգիտակից վիճակում եւ փախել են միջադեպին պատահաբար ականատես դարձած ոստիկանության ուսումնական կենտրոնի տեսուչի` օդ արձակած կրակոցից հետո միայն: Հենց այդ տեսուչն էլ` Նորիկ Ավետիսյանը, հարձակվողների մեջ ճանաչել է իրենց բակի նախկին բնակչին: Տեսուչ Ավետիսյանի գրավոր զեկուցագրի հիման վրա կազմվել է այդ բնակչի` Կարեն Հարությունյանի նկարագիրը, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: «Հետախուզում» բառի կիրառությունն այս պարագայում առնվազն տեղին չէ:

Կարեն Հարությունյանի պաշտպան Վահագն Մանուկյանը հայտարարել է, թե իր պաշտպանյալին դեպքից 8 օր անց ծանուցագրով որպես վկա հրավիրել են ոստիկանության Կենտրոնի բաժին եւ անմիջապես կալանավորել: Իսկ Կարենի մայրը` Մարինե Մարկոսյանը, թերթերից մեկին ասել է, թե միջադեպի օրը ինքը «կաթիլայինի տակ» գտնվել է «Էրեբունի» հիվանդանոցում, եւ Կարենը ողջ օրը եղել է նրա կողքին: Ըստ «Առավոտ» օրաթերթի` այդ մասին ցուցմունք են տվել նաեւ Մարինե Մարկոսյանին վիրահատած բժիշկը եւ բուժքույրը: Մեր տեղեկություններով` այս ալիբին մտացածին է, եւ նախաքննությամբ այն արդեն իսկ հերքվել է: Եվ հետո` Կարեն Հարությունյանը հրաժարվել է ցուցմունքներ տալուց, ինչը շատ տարօրինակ է ալիբիի գոյության պայմաններում: Վերջինս միայն նշել է, որ կատարված հանցագործության հետ ինքը որեւէ կապ չունի:

Նախաքննական մարմինը Կարեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրել «Մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» համար (Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ): Նրա պաշտպան Վահագն Մանուկյանը հայտարարել է, որ «մեղադրանքն առաջադրելու հիմքեր չեն եղել, «քանի որ Էդիկ Բաղդասարյանի դատաբժշկական փորձաքննության ենթարկելու եզրակացությունը թվագրված է դեկտեմբերի 8-ով, այսինքն՝ մարդուն մեղադրանք է առաջադրվել, երբ դեռ պարզ չէր, թե տուժողը մարմնական ինչպիսի վնասվածքներ էր ստացել՝ ծա՞նր, միջի՞ն, թե թեթեւ»:

Մի քանի օր շարունակ, որոշ հարցերի համար պարզաբանումներ ստանալու ակնկալիքով, մենք փորձում էինք հանդիպել փաստաբան Վահագն Մանուկյանին: Սակայն զբաղված լինելու պատճառաբանությամբ նա ամեն անգամ հանդիպումը հետաձգում էր հաջորդ օրը: Ի վերջո, մարտի 8-ին նա նշանակեց հանդիպման վայրը եւ ժամը, բայց այդպես էլ չեկավ: Ինչպես նախորդ դեպքերում, փաստաբանի հետ կարողացանք կապ հաստատել միայն իրեն անծանոթ հեռախոսահամարից զանգահարելով. «Կներեք, ուղղակի տատիկիս հիվանդանոց էի տեղափոխել, դրա համար չկարողացա գալ»,- ասաց Վահագն Մանուկյանը եւ խոստացավ մեզ հետ հանդիպել հաջորդ օրը` երկուշաբթի: Բայց այս անգամ եւս նա խոստումը դրժեց:

Նախորդ շաբաթ «Հետաքննություն իրավունք» թերթը գրեց, որ իրականում քննիչները Կ. Հարությունյանի գործողություններին միտումնավոր տվել են քրեաիրավական սխալ գնահատական, այն դեպքում, երբ վերջինի արարքը լիովին համապատասխանում է Քրեական օրենսգրքի 34-112 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներին` «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հանցափորձ», որն առանձին դաժանությամբ կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից (այս դեպքում հանցագործներին կսպառնար 5-10 տարվա ազատազրկում): Ավելին, ըստ հոդվածագրի եզրակացության` թեեւ Կ. Հարությունյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, «ինչ-որ զորեղ անձնավորության միջնորդությամբ ոստիկանությունը նրան չի ձերբակալել եւ հնարավորություն է տվել ինքնակամ ներկայանալու, որպեսզի ներկայումս առաջադրված մեղադրանքի համատեքստում (պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով) հետագայում դատարանը նրա նկատմամբ կիրառի համեմատաբար մեղմ պատիժ»:

Կարեն Հարությունյանի նկատմամբ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը 2007 թ. օգոստոսին արդեն իսկ կիրառել է զարմանալիորեն մեղմ պատիժ: Դրանից մեկ տարի առաջ վիճաբանության ժամանակ Կարենը դանակով 4 անգամ հարվածել է ոմն Նարեկ Մարտիրոսյանի` նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Տուժողը դատավարությանը չի մասնակցել ու նրա մասին, տարօրինակ կերպով, դատավճռում գրեթե ոչինչ նշված չէ: Միայն վկաներից մեկի շուրթերով ասվում է, թե նա մոտ 30 տարեկան է:

Դատավոր Վ. Աբրահամյանի կայացրած վճռում հատուկ շեշտվում է, որ Կարեն Հարությունյանը «մանկահասակ տարիքում տարել է հոր, հորեղբոր, պապիկի սպանության դառնությունը, միակողմանի ծնողազուրկ լինելով` դաստիարակվել է մյուս պապի եւ տատի մոտ` արյան վրեժի, սպանության թեմաների քննարկումների մթնոլորտում, ինչի պատճառով էլ գրպանում կրել է դանակ»: Կատարած հանցանքի համար նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման: Սակայն դատարանը որոշել է պատիժը պայմանականորեն չկիրառել եւ նշանակել մեկամյա փորձաշրջան: Այդպիսով, կալանքի տակ չգտնվող Կարեն Հարությունյանը մնացել է ազատության մեջ:

Գլխավոր դատախազության ներկայացրած բողոքը Վերաքննիչ դատարանը մերժել է: Բայց Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչի դատավճիռը եւ գործը կրկին վերադարձրել նույն դատարան` նոր կազմով քննելու:

Մեղադրողն իր բողոքի հիմնավորման մեջ նշել է նաեւ, որ ամբաստանյալը միայն դատաքննության ավարտին է իրեն մեղավոր ճանաչել, որեւէ տեղ չի աշխատում եւ անհայտ հանգամանքներում զինվորական ծառայության չի զորակոչվել: Ուստի կասկածի տակ է առել առանց պատժի նշանակման ամբաստանյալի ուղղվելու հնարավորությունը եւ խնդրել է նրա նկատմամբ սահմանել առավել խիստ պատիժ` ազատազրկման ձեւով:

Սակայն Վերաքննիչ դատարանը երկրորդ անգամ էլ մերժել է բողոքը` միաժամանակ տեղեկացնելով, որ պաշտպանական կողմը ներկայացրել է փաստաթուղթ, որով հաստատվում է, որ վերջինս զորակոչվել է բանակ:

1989 թ. հունվարին ծնված Կարեն Հարությունյանը պետք է բանակ զորակոչվեր 2007 թ. գարնանը, սակայն, չգիտես ինչ պատճառով, ըստ դատարան ներկայացված տեղեկանքի` նա զորակոչվել է նոյեմբերի 5-ին` Վերաքննիչ դատարանի կողմից դատավճիռ կայացնելուց մի քանի օր առաջ: Ավելին` դատարանին ներկայացվել է նաեւ N զորամասի հրամանատարության կողմից ընդամենը մի քանի օրվա ծառայողին տրված շատ դրական բնութագիրը. «Կ. Հարությունյանն իրեն դրսեւորել է որպես հանգիստ զինծառայող, վերադասի կողմից ստացված հրամանները աշխատել է կատարել ճիշտ եւ ժամանակին, ցուցաբերել է ցանկություն սովորելու եւ տիրապետելու զինվորական ծառայության կանոնագրքի պահանջները… Նվիրված է հայրենիքի ծառայությանը, բարոյապես կայուն է…»:

Առաջին ատյանի դատավճիռն անփոփոխ թողնելիս Վերաքննիչը հաշվի է առնում նաեւ «ամբաստանյալին զինվորական ծառայությունը շարունակելու հնարավորություն ընձեռելու նպատակահարմարությունը»:

Ուշագրավն այն է, որ դրանից կարճ ժամանակ անց Կարեն Հարությունյանը, հոգեկանի հետ կապված ինչ-ինչ խնդիրների մասին հավաստող փաստաթղթի առկայությամբ, ծառայությունից ազատվում է:

Այս տարվա փետրվարի 27-ին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը նշեց, որ մեղադրյալ Կարեն Հարությունյանին ուղարկել են հոգեբուժարան` ստուգվելու. «Նա նախապես ունեցել էր այդպիսի փաստաթղթեր, եւ քննչական մարմինը պարտավոր էր նրան լրացուցիչ հետազոտության ուղարկելու: Գործն ընթացքի մեջ էր, կարծես թե մոտենում էր ավարտին, նախապատրաստվում էինք արդեն մեղադրական եզրակացության, բայց երեկ Գլխավոր դատախազի ցուցումով գործը տեղափոխվել է Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթ»:

«Եթե պատվիրատուներին չգտնեն, կարծում եմ` ընդհանրապես իմաստ չունի այդ տղային պատժելը: Ի վերջո, սեւ գործ անողներ միշտ էլ կգտնվեն»,- ասում է Էդիկ Բաղդասարյանը եւ նշում, որ եթե սկզբում քննիչին որեւէ կասկածյալի անուն չէր տալիս, հիմա արդեն կասկածելու հիմքեր ունի:

«Կարեն Հարությունյանը եւ նրա մայրը մտերիմ հարաբերությունների մեջ են Վարդան Այվազյանի ընտանիքի հետ: Եթե ինձ վրա հարձակվողներից մեկը Կարեն Հարությունյանն է, ուրեմն նման պատահականություն չի կարող լինել: Չեմ բացառում, որ խմբի թիկունքում Վարդան Այվազյանն է կամ նրա շրջապատի մարդիկ»,- ասում է Է. Բաղդասարյանը:

Թե Կենտրոնի ոստիկանության իրականացրած նախաքննության ի՞նչը չի բավարարել դատախազությանը, առայժմ պարզել չստացվեց: «Գլխավոր դատախազությունը, որպես նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, գործի նյութերն ուսումնասիրելիս նպատակահարմար է գտել այն տեղափոխել Երեւանի քննչական վարչություն: Այլ բան ասել չեմ կարող»,- նշում է գլխավոր դատախազի մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը:

Վերոհիշյալ ասուլիսի ժամանակ ոստիկանապետը համոզմունք հայտնեց, որ կարճ ժամանակահատվածում` 10-15 օրում, նախաքննությունը կավարտվի, եւ գործը կուղարկվի դատարան: Այդ ժամկետներն արդեն լրացել են եւ, ըստ էության, մոտ ապագայում այն իսկապես կհայտնվի դատարանում` առանց հանցագործության դրդապատճառի, մյուս երկու հարձակվողների եւ կատարվածի պատվիրատուի ինքնությունը բացահայտելու:

Ոստիկանությունում գործի վերաբերյալ հրաժարվում են որեւէ տեղեկատվություն տրամադրել` «ընթանում է նախաքննություն» պատճառաբանությամբ: Սակայն մեր տեղեկություններով` իրավապահները Վարդան Այվազյանին ոչ միայն չեն հարցաքննել, այլ ընդհանրապես նման մտադրություն չունեն: Մարդ, ում անունը դարձյալ «շատ պատահաբար» կապված է 20-ամյա Կարեն Հարությունյանի հետ: Վերջինիս մայրը` Մարինե Մարկոսյանը, բնապահպանության նախկին նախարարի որդու բժիշկն է, եւ նրանք շատ մտերիմ են ընտանիքներով:

Այս «պատահականությունների» առնչությամբ մենք փորձեցինք մեկնաբանություններ ստանալ նաեւ Վարդան Այվազյանից: Իր օգնականի եւ վարորդի միջոցով տեղեկանալով, թե ինչի մասին ենք զրուցելու, նա սկսեց ուշացնել պատասխանը: Իսկ քիչ առաջ նրա վարորդը փոխանցեց, թե «Վարդան Այվազյանը հիվանդ պառկած է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter