HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Դատախազը «մայր կավատի» համար պահանջեց 14 տարվա ազատազրկում

Դուբայում եւ մարմնավաճառների շրջանում հայտնի կավատ Անուշ Մարտիրոսյանի գործի քննությունը տեղափոխվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` Երեւանի քրեական դատարանի լուծարման պատճառով: Հիշեցնենք, որ այս գործի շրջանակներում Անուշի հետ դատվում են նաեւ նրա հարազատ քույրերը` Սոֆյա Մարտիրոսյանը եւ Սոնյա Գաբրիելյանը, ինչպես նաեւ Մարիամ Մարտիկյանը:

Փետրվարի 24-ի նիստում դատարանը լսեց ամբաստանյալներ Սոնյա Գաբրիելյանին եւ Մարիամ Մարտիկյանին: Վերջինս հրաժարվեց իր նախաքննական ցուցմունքից, որում նշել է, որ թեւեւ գիտակցել է, որ Նորան եւ Միլենան (վերջինիս անունը փոխված է, նա Անուշի հերթական զոհերից է եւ այս գործով տուժող ճանաչված անձերից մեկը) Էմիրություններում պետք է շահագործվեն, սակայն Գայանե Ղալթախչյանին միջնորդել է նրանց համար հրավերք ուղարկել եւ ֆինանսավորել Դուբայ տեղափոխվելու ծախսերը:

«Էդ ցուցմունքները ճիշտ չեն, որովհետեւ ճիշտն ասել եմ, բայց քննիչ Հովհաննես Գեւորգյանը չի ընդունել իմ ճիշտը»,- դատարանում հայտարարեց Մարիամ Մարտիկյանը:

Դատավոր Եվա Դարբինյանը նկատեց. «Բայց Ձեր ցուցմունքներում ասվածը պնդել եք նաեւ Անուշ Մարտիրոսյանի հետ առերես հարցաքննության ժամանակ: Ի՞նչ է, քննիչը նորից ստիպել է ճիշտը չգրե՞լ»:

«Չէ, չէր ստիպում, բայց դե… Քննիչն է ինձ հուշել… »,- պատասխանեց Մարիամը:

Ի տարբերություն մյուս ամբաստանյալների` Սոնյա Գաբրիելյանը լիովին ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը եւ դատարանում ցուցմունք տալուց հրաժարվեց: Նա մեղադրվում է «Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու» եւ «Սուտ ցուցմունք տալու համար կաշառելու» մեջ: Հիշեցնենք, որ Սոնյան 1500 ԱՄՆ դոլար կաշառք էր տվել Միլենային, որպեսզի նա հետ վերցնի Անուշի դեմ տված ցուցմունքները:

Դատարանը հրապարակեց նախաքննության ընթացքում Սոնյա Գաբրիելյանի տված ցուցմունքը: Երբ դատավորն ընթերցում էր այն, Անուշն անեծք խորհրդանշող ձեռքի շարժումն ուղղում էր քրոջ` Սոնյայի ուղղությամբ եւ բողոքում. «Դրանցից (տուժողներից) բեթար բաներ ես գրել»: Իսկ այդ ցուցմունքում Սոնյան խոստովանել էր, որ Անուշը Դուբայում զբաղվել է կավատությամբ, եւ ինքը այս կամ այն կերպ հանդես է եկել օժանդակողի դերում: Ի վերջո, պաշտպանների հարցադրումներին ի պատասխան` Սոնյան նշեց, թե դրանք սխալ է գրել եւ իրեն մեղավոր է ճանաչում միայն կաշառք տալու համար:

Գործում եղած բոլոր ապացույցները հետազոտելուց հետո դատարանն անցավ վիճաբանությունների ունկնդրմանը: Սակայն հաջորդ` մարտի 11-ի նիստին պաշտպան Մկրտիչ Վասակյանը միջնորդեց դատաքննությունը վերսկսել. «Քանի որ մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբին, միջնորդում եմ այդ խմբի անդամներ Գայանե Ղալթախչյանին, Մարիետա Մուրադյանին, ոմն Գագոյին եւ Ապերին կանչել դատարան եւ հարցաքննել»,- ասաց պաշտպանը:

Մեղադրող Արթուր Դավթյանն առարկեց` հայտնելով, որ նշված անձինք գործում ներգրավված են որպես մեղադրյալներ, նրանց մի մասը գտնվում է հետախուզման մեջ, իսկ մյուս մասի ինքնությունը դեռեւս պարզված չէ. «Այդ ուղղությամբ քրեական գործից անջատված մասով իրականացվում է քննություն»,- տեղեկացրեց Ա. Դավթյանը:

Դատարանը միջնորդությունը մերժեց, եւ դատախազ Արթուր Դավթյանը հրապարակեց մեղադրական ճառը, որում մասնավորապես նշված էր. « …Իր հանցավոր գործունեությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով Անուշ Մարտիրոսյանը Դուբայում բնակվող Գայանե Ղալթախչյանի, Մարիետա Մուրադյանի, գործով անձը չպարզված ոմն Սյուզանի, Հայաստանում բնակվող Նորա Ստեփանյանի, քրոջ` Սոֆյա Մարտիրոսյանի, գործով անձը չպարզված ոմն Անոյի, Կառայի, մոսկվաբնակ գործով անձը չպարզված ոմն Գագոյի, Արտակի, Ապերի եւ Արոյի հետ, նախնական համաձայնությամբ միավորվելով, ստեղծել է կազմակերպված հանցավոր խումբ: Ընդ որում` խմբի անդամներն ունեցել են հստակ դերաբաշխում. նրանցից ոմանք, գտնվելով Հայաստանում, հավաքագրել են աղջիկներին եւ ճանապարհել Մոսկվա` հստակ իմանալով, որ այնտեղ գտնվող խմբի անդամները կիրականացնեն նրանց տեղափոխումը Դուբայ: Իսկ Մոսկվայում գտնվողները, դարձյալ Անուշ Մարտիրոսյանի հետ համագործակցված, դիմավորել են աղջիկներին եւ ապահովել նրանց տեղափոխումը Դուբայ: Հանցավոր խմբի մյուս անդամները, այդ թվում` Անուշ Մարտիրոսյանը, արդեն Դուբայ քաղաքում դիմավորել են աղջիկներին եւ ներգրավել սեռական շահագործման մեջ: Կազմակերպված հանցավոր խմբի յուրաքանչյուր անդամ աղջիկների շահագործումից առաջացած շահույթներից ստացել է իր բաժինը` հանցագործությանն իր ներգրավվածությանը համապատասխան»:

Մեղադրողը դատարանին միջնորդեց Սոնյա Գաբրիելյանին դատապարտել 1 տարի 1 ամսվա, Սոֆյա Մարտիրոսյանին եւ Մարիամ Մարտիկյանին` 6- ական տարվա, իսկ Անուշ Մարտիրոսյանին, հաշվի առնելով հանցագործությունների կատարման մեջ նրա առավել ակտիվ դերակատարությունը, 14 տարվա ազատազրկման:

«Է, ըտենց լավ չի. 20 տարի տայիք, վաբշե գնդակահարություն ուզեիք»,- բորբոքված ասաց Անուշ Մարտիրոսյանը: Այնուհետեւ, նայելով մեր ուղղությամբ, ավելացրեց. «Թերթում կգրեք, որ ինքը (նկատի ուներ մեղադրող Արթուր Դավթյանին) մեղավոր չի, իրան ինչ ասել են, էդ ա անում: Էս ամբողջը դատախազությունն ա սարքել, որովհետեւ 2 միլիոն գրանտ ա վերցրել ու հիմա պիտի ցուցանիշ ապահովի»:

Ամբաստանյալների փաստաբանները դատարանին միջնորդեցին նիստը հետաձգել: «Իհարկե, մենք պատրաստ էինք ճառին, բայց մեղադրողի նման ճառից հետո դրանում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն առաջացավ: Խնդրում ենք ժամանակ տրամադրել ամբաստանյալների հետ խորհրդակցելու եւ պաշտպանական ճառը ներկայացնելու համար»,- պարզաբանեց փաստաբան Ռուբիկ Մովսիսյանը:

Դատավարությունը կշարունակվի մարտի 18-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter