HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Քեզ հարգել պարտադրելու բանաձևը

Քնած Գուրգեն Մարգարյանին դաժանորեն սպանած Ռամիլ Սաֆարովի՝ Հունգարիայի կողմից Ադրբեջան էքստրադիցիայի ենթարկվելուց և հատկապես նախագահ Ալիևի կողմից ներման արժանանալուց հետո հայ-ադրբեջանական հարաբերություններում և ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացում ստեղծվել է որակապես նոր, այս պահին լրջագույն մակընթացությունների սպասելիքների տեղիք տվող, աննախադեպ իրավիճակ: Վերջինիս առանձնահատկությունն այն է, որ հնարավոր չէ ասել` ինչ հետևանքների կհանգեցնի ադրբեջանահունգարական կատարված-կայացած այս գործարքը, և թե սկսված պրոցեսից ով շահած դուրս կգա:

Ադրբեջանական շագանակներ

Թե Հունգարիան և թե Ադրբեջանը հստակ հաշվարկել էին գործարքի սկանդալային հետևանքները: Հունգարիան հենց այդ պատճառով խուսափեց էքստրադիցիայի որոշումը կայացնելուց առաջ հայկական կողմին դրա մասին տեղյակ պահելուց` հասկանալով, որ այդ դեպքում միջազգային ճնշման ներքո օպերացիան իրականացնել հնարավոր չի լինելու: Բաքուն ևս ունեցել է այդ մտավախությունը: Դրա համար էլ ոչ միայն մինչև Սաֆարովի ոտքը ադրբեջանական հողին դիպչելը պահեց գերգաղտնիության ռեժիմը, այլև դեռ Սաֆարովը օդանավից չիջած` հրապարակեց նրան ներում շնորհելու նախագահի հրամանագիրը: Այդպիսով, Բաքուն փորձեց փաստի առաջ կանգնեցնել բոլորին` համոզված լինելով, որ միջազգային հանրությունը, ուզի թե չուզի, իր հրամանագրի ստորագրումից հետո համակերպվելու է ստեղծված վիճակի հետ: Բաքուն մի յուրօրինակ «բլիցկրիգ» խաղարկեց` փորձելով ներքին սպառման համար անհրաժեշտ միանգամից մի քանի շագանակ հանել կրակից:

1. Սաֆարովի վերադարձը ներկայացվեց որպես դիվանագիտական հաղթանակ Հայաստանի նկատմամբ, որին պետք է մնար ընդամենը կատարվածից հետո անիմաստ բռունցքներ թափահարելը: ԼՂ բանակցությունների փաստացի սառեցվածության ֆոնին այս քայլը պետք է համոզեր Ադրբեջանի լայն հասարակայնությանը, թե որքան ամուր են Բաքվի դիրքերը, և թե որքան հետևողական է իշխանությունը հռչակած սկզբունքներից չհրաժարվելու և չնահանջելու հարցում:

2. Ալիևը ցուցադրեց, որ ոչ միայն «ազգային հերոսների» կողքին է, այլև պատրաստ է նրանց անվտանգության և ապահովության համար անել հնարավոր ու անհնար ամեն բան: Սա առաջին հերթին սեփական հեղինակությունը՝ իբրև ազգային ու պետական գործիչ, իսկական հայրենասեր, բարձրացնելու նպատակ էր հետապնդում:

3. Միջազգային գրեթե բոլոր կառույցների բացասական վերաբերմունքի ու գնահատականների նկատմամբ կատարյալ արհամարհական կեցվածք ընդունելով` Ադրբեջանի իշխանությունները փորձում են զուգահեռաբար Ալիևից կերտել նաև ինքնուրույն, վճռական և սկզբունքային դիվանագետի կերպար, որը պատրաստ է, հանուն ազգային ու պետական շահի, դեմ գնալ անգամ ողջ միջազգային հանրությանը: Սաֆարովի էքստրադիցիան, ըստ էության, ծառայեցվում է Ալիևից ազգային առաջնորդի կերպար ձևավորելուն, որն անհրաժեշտ է առաջիկա նախագահական ընտրություններում Ալիևի համեմատաբար հանգիստ ու առանց լուրջ ներքաղաքական ցնցումների վերընտրությունը կազմակերպելու համար: Իսկ դա գործնականում հնարավոր չէր՝ առանց հանրային պրոալիևյան ճնշող տրամադրություններ ձևավորելու: Այլ կերպ ասած, սա հիանալի PR քայլ էր Ալիևի վարչակարգի համար:

Այս ամենը հաշվարկված էր երկու առանցքային գործոնի վրա: Նախ, հիմնվելով Հայաստանի դիվանագիտական կորպուսի ավանդական կրավորականության և հարմարվողական քաղաքականության վրա` Ադրբեջանը համոզված էր, որ մի կողմից Երևանն ի վիճակի չի լինելու հարցը բարձրացնել միջազգային մակարդակով այնպես, որ դա հանգեցնի Բաքվի դեմ լայնածավալ ճնշումների և ազդի Բաքվի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքի փոփոխության, իսկ մյուս կողմից միջազգային կառույցները բավարար ուշադրություն ու լրջություն չեն ցուցաբերի Երևանի դժգոհությունների նկատմամբ` պահպանելով հարավկովկասյան երկու հակամարտող երկրի միջև հավասարություն դնելու սկզբունքը, ինչը դրսևորվեց հատկապես ԵՄ-ի պաշտոնական դիրքորոշման մեջ:

Երկրորդ կարևոր գործոնը Հայաստանի կողմից ծայրահեղ, գուցե նաև հիստերիկ ու անհավասարակշիռ քայլերի դիմելու սպասելիքն էր՝ հատկապես ԼՂ բանակցային գործընթացի հետ կապված, մասնավորապես` բանակցություններից հրաժարելու, ԼՂ անկախությունն անմիջապես ճանաչելուն և հատկապես Սաֆարովին ֆիզիկապես չեզոքացնելու հնարավոր քայլերը: Դրանք փոխելու էին հաստատված հավասարակշռությունը, և Ադրբեջանի փոխարեն Հայաստանն էր սկսելու ընկալվել որպես հակամարության խաղաղ գործընթացը տորպեդահարող կողմ, ինչն էլ հանգեցնելու էր Երևանի նկատմամբ չափազանց ուժեղ միջազգային ճնշումների` դրանից բխող բոլոր հետևանքներով: Այն խիստ զգացմունքային վերաբերմունքը, որը ցուցաբերեց Հայաստանի հասարակությունը և հատկապես Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանի տված հանձնարարականներում, թույլ էին տալիս ենթադրելու, որ Բաքվի և գուցե միջազգային ուժային որոշ կենտրոնների այդ ակնկալիքն արդարանում է, թեև հետագայում այդ ռիսկը մի փոքր թուլացավ:

Ի՞նչ անել

Սակայն առավել սառը դատելու պարագայում պարզ է դառնում, որ Սաֆարովը Ալիևի համար «դափնեպսակից» կարող է վերածվել իսկական մղձավանջի, «փշե պսակի», եթե Հայաստանը դա ցանկանա և կարողանա: Սովորական ճղճիմ մարդասպանին ներում շնորհելով, հերոսացնելով, պատիվների արժանացնելով՝ Ադրբեջանի իշխանությունը բացահայտեց, որ առավելագույն խնդիրը եղել է հենց միայն Սաֆարովին վերադարձնելը և դրա հենքի վրա սեփական վարկանիշը բարձրացնելը, և հիմա, երբ դա արդեն արվել է, Ադրբեջանի շուրջ ստեղծված ոչ նպաստավոր ֆոնի իրավիճակում Ալիևի վարչակարգը պարզապես չգիտի` ինչ անել թե Սաֆարովի հետ, թե նրան վերադարձնելու պատճառով ստեղծված իրավիճակի, մանավանդ որ արդեն իսկ Սաֆարովի նկատմամբ դրսևորվող ոչ միանշանակ, նույնիսկ խիստ բևեռային կարծիքները աստիճանաբար կարծես թե հանգեցնում են ադրբեջանական հասարակության ներքին պառակտման և հասարակական ներքին ճգնաժամի:

Արտաքին ճակատում Բաքուն կարծես թե դեռ մեծ կորուստներ չունի, որովհետև ինչպես պարզվեց Հայաստանի քայլերից, Երևանն ինքն էլ լավ չի պատկերացնում` ինչպես օգտագործել Ադրբեջանի շուրջ ստեղծված արտաքին բացասական ֆոնը, երկրի վարկանիշի ու Ալիևյան վարչակարգի կտրուկ անկումը` real-politik-ի կանոններով դիվանագիտական, քաղաքական ու քարոզչական դիվիդենտներ քաղելու համար: Առավելագույնը, ինչ կարողանում է հիմա անել Երևանը, միջազգային կառույցներից որքան հնարավոր է կոշտ քննադատություն պոկելն է հարևան երկրի և Հունգարիայի վերաբերյալ, որը ընդամենը ծառայում է արտաքին այդ բացասական ֆոնի խտացմանը, բայց ոչ իրական ու շոշափելի արդյունքների:

Քննարկումներ ծավալելուց, հարցը օրակարգում պահելուց այն կողմ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում անցնել` չափից ավելի երկչոտության և հատկապես ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ձեռք բերած քիչ թե շատ նպաստավոր դիրքերը չկորցնելու մտավախության պատճառով: Պարզ է, որ սա երկար շարունակվել չի կարող, և Բաքուն հիմա ատամները սեղմած սպասում է, թե երբ է անցնելու համընդհանուր շոկը` նախկին բնականոն հունին վերադառնալու համար: Եթե Հայաստանի իշխանությունը շարունակի այս երկչոտությունը, անելանելիությունը, ապա ոչ միայն կապացուցի արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և ճկուն քայլեր իրականացնելու անկարողությունը, սադրանքներին հեշտ տրվելու, ցայտնոտում հայտնվելու հակումները, դրանով իսկ իր չափազանց խոցելիությունը, այլև կկորցնի հանդիսատեսից իրական խաղացողի վերածվելու և կոնկրետ արդյունքներ ձեռք բերելու ստեղծված իսկապես աննախադեպ նպաստավոր պայմանները: Հայաստանն արդեն իսկ պետք է մի քանի կոնկրետ քայլ նախաձեռնի: Մասնավորապես`

ա.  ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ խոսի բոլորովին այլ տոնայնությամբ: Հիմնվելով ղարաբաղցիների ֆիզիկական անվտանգությունը ադրբեջանական ֆաշիզմ-սաֆարովիզմի իրական վտանգից ապահովագրելու` բոլորի համար արդեն հասկանալի անհրաժեշտության վրա՝ Հայաստանը պետք է պնդի եթե ոչ Ադրբեջանի կազմում որևէ ձևաչափով ԼՂ-ի ընդգրկման անհնարինության սկզբունքի ամրագրումը հիմնարար սկզբունքներում, ապա գոնե բանակցություններում ԼՂՀ-ի՝ որպես լիիրավ կողմ ներգրավվելու պայմանը:

բ. Հայաստանը պետք է բանաձևերի համապատասխան նախագծեր պատրաստի, ներկայացնի ու օգտագործելով սփյուռքահայության լոբբիստական ռեսուրսները՝ հզոր շարժում սկսի հատկապես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, Եվրախորհրդարանում, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում դրանք ընդունել տալու նպատակով:

գ. Երևանը պետք է ՆԱՏՕ-ից պաշտոնապես ու հրապարակավ կոնկրետ բացատրություններ պահանջի Սաֆարովի էքստրադիցիայի և իր անդամ Հունգարիայի պահվածքի կապակցությամբ` թե Կոսովո խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարության և թե ՆԱՏՕ-ի հետ իրականացվող ծրագրերից մի քանիսի կասեցման կոնկրետ պայմաններով:

դ. Պետք է քննարկի ԵԽ մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հարցը` Սաֆարովին էքստրադիցիայի ենթարկելու Հունգարիայի արդարադատության նախարարության որոշումը, մարդասպանին ներում շնորհելու նախագահ Ալիևի հրամանագրի իրավաչափության և միջազգային իրավունքի նորմերին համապատասխանության խնդիրը պարզելու նպատակով:

ե. Միաժամանակ պետք է միջազգային կազմակերպությունների առջև խնդիր դնել, որ նրանք պահանջեն Ադրբեջանի կառավարությունից Սաֆարովին կրկին ազատազրկել:

զ. ԵՄ-ի առջև «Եվրանեսթից» դուրս գալու պայման դնել, եթե Սաֆարովի ազատազրկման հարցը չլուծվի, որը, ի դեպ, նաև կապահովագրի նրա ֆիզիկական անվտանգությունը: Վերջինս Ադրբեջանին կզրկի Սաֆարովին շարքից հանելու և դա որպես հայերի վրիժառության հետևանք ներկայացնելու հեռանկարից: Այն խիստ իրատեսական է՝ հատկապես հասարակական կարծիքի նախապատրաստմանն ուղղված տեղեկատվական խայծերի նետման նկատելի փորձերի պատճառով:

Այս ամենն անհրաժեշտ է` թե արտաքին աշխարհի և թե սեփական հասարակության աչքում՝ իբրև պետություն, անարգված արժանապատվությունը վերականգնելու, հեղինակությունը բարձրացնելու և ԼՂ հարցում ունեցած դիրքերը բարելավելու նկատառումներով: Հենց Հայաստանի հետագա պահվածքով է պայմանավորված` ինչպես է հանգուցալուծվելու այս դրամատիկ պատմական պահը, և թե որքանով կկարողանանք աշխարհին պարտադրել հարգել մեզ և հաշվի նստել մեզ հետ:

Մեկնաբանություններ (3)

Ստեփան Սարգսյան
Հայկական իշխանությունների նվազագույն պատասխանը պետք է լինի մադրիդյան սկզբունքներից և դրանցում արտացոլված հայակործան գաղափարներից վերջնականապես հրաժարվելը։ http://hetq.am/arm/articles/18122/hayastani-pataskhany-o%D5%9Bch-madridyan-skzbunqnerin.html
KARABALA
Kezzwq HETQakanner!!! Hrashali yev irapasht hodvats e. Shtap petq e uxarkel HH Naxagahin yev hatkapes lusnadem yev inqnasiraharvats Nalbandyanin, chnayats nranits xer chka...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ղարաբաղը ոսկե սկուտեղի վրա հրամցրել են Հայաստանին. ՎԵՐՑՐԵՔ: Հետո վերլուծություններ կանեք ու կմտածեք թե ինչ անեք: Այս պահին ՄԻԱՅՆ ՎԵՐՑՐԵՔ: Առաջին հերթին Հայաստանը ՀԻՄԱ ՊԻՏԻ ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը:Հայ ժողովուրդը ՊԻՏԻ ՍՏԻՊԻ վախվորած նախագահին,քնած ԱԳՆ-ին և չարչիներով լցված ԱԺ-ին սա անելու: Եվ ու՞ր է Արցախի ձայնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter