HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Սա ուղղակի խոսքի ազատության դեմ արշավ է»

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, շարունակվում է Գագիկ Շամշյանի դատավարությունը: «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» օրաթերթերի ֆոտոլրագրողը մեղադրվում է «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» համար:

Ըստ մեղադրական եզրակացության` 2008 թ. օգոստոսի 5-ին Սմբատ Այվազյանի դատաքննության ժամանակ Շամշյանը, չենթարկվելով լուսանկարահանումները դադարեցնելու վերաբերյալ դատավորի կարգադրությանը, բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել դատարանի նկատմամբ:

«Նիստի սկզբում դատավոր Գագիկ Ավետիսյանը ներկա գտնվող լրագրողներին թույլատրել է ձայնագրել եւ նկարահանումներ կատարել 5 րոպե ժամանակով: Սակայն Գագիկ Շամշյանը չի ենթարկվել կարգադրությանը, ավելին` վիրավորական խոսքեր է ուղղել դատարանի եւ նիստը նախագահող դատավոր Գագիկ Ավետիսյանի հասցեին` անվանելով «հորթ», «տխմար», իր պահվածքով խոչընդոտել է դատական նիստի կարգը, որի համար դատավորի կարգադրությամբ Գ. Շամշյանին հեռացրել են դատական նիստերի դահլիճից, վերցրել են արգելանքի եւ հանձնել ոստիկանությանը»,- նախաքննությանը տված ցուցմունքում նշել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը: Բառացիորեն նույնը հայտնել են նաեւ նշյալ դատարանի կարգադրիչներ Ռաֆայել Ստեփանյանը, Շահեն Օհանյանը եւ դատական նիստերի քարտուղար Հասմիկ Ջալալյանը:

Շուրջ 6 ամիս տեւած նախաքննության արդյունքում հենց այս չորս անձանց ցուցմունքներով էլ կազմվել է մեղադրական եզրակացություն, եւ գործն ուղարկվել է դատարան:

«Թե´ Եվրախորհուրդն իր բանաձեւերով, թե´ միջազգային այլ հեղինակավոր կառույցներ տարբեր գործերով մեր երկրին բազմիցս հորդորել են չհիմնվել միայն ոստիկանների ցուցմունքների վրա: Հիմա նույն բանը տեղի է ունեցել այս գործով. վերցրել են միայն դատական կարգադրիչների ցուցմունքները եւ քրեական գործ հարուցել»,- ասում է փաստաբան Հովիկ Արսենյանը: Վերջինս ներկա է եղել միջադեպին եւ, որպես ականատես, պատմում է կատարվածի մասին.

«Այդ օրը դատավոր Գագիկ Ավետիսյանը հենց մտավ նիստերի դահլիճ, դեռ նիստը չսկսած միանգամից Գագիկ Շամշյանին ասաց` ինձ մի նկարեք: Շամշյանն էլ պատասխանեց, որ ինքը չի նկարում, ձայնագրում է: Սակայն, չիմանալով, որ այդ տեխնիկան, իսկապես, ունակ է նաեւ ձայնագրելու, ամենայն հավանականությամբ դատավորը չհավատաց եւ մտածեց, որ իր նկատմամբ իրականացվում է ծաղրանք: Եվ սանկցիա կիրառեց լրագրող Գագիկ Շամշյանի նկատմամբ` հեռացնել դատարանի դահլիճից»:

«Կարող են նաեւ ֆոտոապարատս փորձաքննության ուղարկել եւ համոզվել, որ այն նաեւ ձայնագրում է, եւ ես միայն ձայնագրում էի»,- հավելում է Գագիկ Շամշյանը եւ հիշում, որ դեպքից մի քանի օր առաջ` դարձյալ Սմբատ Այվազյանի դատավարության ժամանակ, դատավոր Գագիկ Ավետիսյանն իր նկատմամբ նիստերի դահլիճից հեռացնելու սանկցիա է կիրառել:

«Ուղղակի Ավետիսյանն իմ հանդեպ վատ է տրամադրված, որովհետեւ ես կադրեր եմ ֆիքսել, որոնցում նա դատի ժամանակ քնած է կամ քիթն է փորում,- ասում է Շամշյանը: – Այդ օրը ես ինքնակամ դահլիճը լքեցի: Բայց երկրորդ անգամ` միջադեպի օրը, հրաժարվեցի ենթարկվել դատավորի անօրինական կարգադրությանը եւ պահանջեցի տրամադրել դահլիճից հեռացնելու որոշման պատճենը: Բայց Ավետիսյանն ավելի բորբոքվեց, ու կարգադրիչները հարձակվեցին վրաս, բռնությամբ դահլիճից դուրս հանեցին ու մոտ 1-1,5 ժամ ապօրինաբար պահեցին 1-ին հարկի աստիճանների տակ: Հետո Կենտրոնի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը եկավ եւ տաքսով ինձ տարավ ոստիկանություն»:

«Սա ուղղակի խոսքի ազատության դեմ արշավ է, ուրիշ մեկնաբանություն չունեմ»,- ասում է «Հայաստանի հելսինկյան ասոցացիայի» նախագահ Միքայել Դանիելյանը: Նա նույնպես դեպքի օրը եղել է դահլիճում եւ շեշտում է, որ Շամշյանի կողմից դատարանի հասցեին արված որեւէ վիրավորական արտահայտություն չի լսել:

Գործը քննող Գայանե Երիցյանը նախաքննության ընթացքում Միքայել Դանիելյանից բացի ցուցմունքներ է վերցրել նաեւ մի քանի ականատես լրագրողներից: Սակայն որպես վկա դատակոչվել են միայն դատարանի կարգադրիչները եւ նիստերի քարտուղարը:

«Դա արվել է միայն նրա համար, որպեսզի ստանան այն վկայությունը, որն իրենց պետք է, եւ այն մարդիկ, ովքեր նախաքննության ժամանակ տվել են ճիշտ վկայություններ, կամ այնպիսի վկայություններ, որոնք իրենց հարմար չէ, նրանք չեն դատակոչվել»,- նշում է Միքայել Դանիելյանը:

Դատախազ Լեւոն Չարխիֆալակյանը, ով հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ դատարանում պաշտպանում է մեղադրանքը, հրաժարվեց պատասխանել «Հետքի» հարցերին: Իսկ Հովիկ Արսենյանը, որ պաշտպանում է Գագիկ Շամշյանի շահերը, նշում է, որ տեսականորեն կարող է Լեւոն Չարխիֆալակյանի դեմ քրեական գործ հարուցելու միջնորդություն ներկայացնել. «Որովհետեւ իրավական տեսակետից նման իրավունք չկա` ընտրողական մոտեցում ցուցաբերել վկաների հարցում: Բայց միջնորդություն ներկայացնելու հնարավորությունս տեսական է, որովհետեւ ես իրատես անձնավորություն եմ, հետեւապես նման միջնորդություն չեմ ներկայացնի, քանի որ Գլխավոր դատախազությունում այսպիսի վիճակը համատարած է եւ զանգվածային, երբ հանցակազմի բացակայությամբ գործը հասցնում են դատարան: Այս ամենի նպատակն արդեն իրավական դաշտում չէ»:

Ուշագրավն այն է, որ կարգադրիչ-վկաների ցուցմունքներից բացի, նախաքննական մարմինը Շամշյանի մեղքը հիմնավորված է համարվել նաեւ դատական նիստի ձայնագրությամբ: Գործում առկա է այդ ձայնագրության վերծանումը, սակայն դրանում ոչ միայն առկա չեն «հորթ» եւ «տխմար» վիրավորական արտահայտությունները, այլեւ հստակ արձանագրված է, որ Շամշյանը դատավորից պահանջել է տրամադրել իր որոշման արձանագրությունը:

Այսօրվա նիստում դատակոչված չորս վկաներն էլ հարցաքննության ժամանակ այս փաստի մասին չհիշատակեցին: Իսկ նիստերի քարտուղար, վկա Հասմիկ Ջալալյանը դատարանին հայտնեց, որ հիշյալ նիստը ձայնագրել է այն պահից, երբ դատավոր Գագիկ Ավետիսյանը մտել է դահլիճ:

«Դատակոչված չորս վկաներդ էլ պնդում եք, որ միջադեպը տեղի է ունեցել դատական նիստը սկսելուց 5-10 րոպե անց, երբ սպառվել է դատավոր Ավետիսյանի կողմից լուսանկարելու թույլտվության ժամանակը: Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեք, որ ձայնագրությունը սկսվում է դատավորի հետեւյալ արտահայտությամբ` կանգնած մարդ չլինի, մի լուսանկարեք»,- Հասմիկ Ջալալյանին հարցրեց Հովիկ Արսենյանը եւ, ըստ էության, պատասխան չստացավ:

Դատավարությունը կշարունակվի ապրիլի 2-ին: Այդ օրը հարցաքննվելու է ամբաստանյալ Գագիկ Շամշյանը: Իսկ վաղը նույն դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, սկսվելու է «Չորրորդ իշխանություն» օրաթերթի մեկ այլ լրագրող` Գոհար Վեզիրյանի դատավարությունը: Վերջինս նույնպես մեղադրվում է «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter