HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ի հայտ բերվեց լրագրող Շամշյանի հանցանքը ծանրացնող հանգամանք

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, շարունակվում է «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» օրաթերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի դատավարությունը: Նա մեղադրվում է 2008 թ. օգոստոսի 5-ին Սմբատ Այվազյանի դատաքննության ժամանակ դատավոր Գագիկ Ավետիսյանի կարգադությանը չենթարկվելու եւ վերջինիս վիրավորելու մեջ:

Այսօրվա նիստում մեղադրող Լեւոն Չարխիֆալակյանը դատարանին ներկայացրեց մի փաստաթուղթ, ըստ որի` Գագիկ Շամշյանը մինչեւ 2008 թ. օգոստոսի 8-ը, այսինքն` «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք» դրսեւորելու պահին (օգոստոսի 5-ին), եղել է հաշվառման տակ եւ նրա նկատմամբ սահմանված պայմանական փորձաշրջանի ժամկետը դեռ չէր ավարտվել:

Հիշեցնենք, որ 2007 թ. հուլիսի 16-ին օրինական ուժ է ստացել Շամշյանի նկատմամբ կայացված դատավճիռը, որով նա մեղավոր էր ճանաչվել անձի արժանապատվությունը վիրավորելու եւ շորթելու համար: Դատավճռով ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառվել եւ սահմանվել էր մեկամսյա փորձաշրջան:

Շամշյանը դատախազ Լեւոն Չարխիֆալակյանին հարցրեց. «Ինչո՞ւ մինչեւ հիմա այս փաստաթուղթը չէիք պահանջել այլընտրանքային պատիժների կատարման վայրից, եւ այն նոր եք ներկայացնում դատարանին ու խնդրում կցել գործին»:

Հարցը մնաց անպատասխան: Փոխարենը պատասխանը տվեց ինքը` Գագիկ Շամշյանը. «Որովհետեւ մեղադրող Չարխիֆալակյանը դատավարության ընթացքում համոզվեց, որ չեն կարողանում ապացուցել, որ դատավոր Գագիկ Ավետիսյանին անվանել եմ «հորթ» կամ «տխմար», ավելին` դա չի ապացուցվում նաեւ դատական նիստի ձայնագրությամբ, ուստի դիմում են այլ քայլերի»:

Պաշտպան Հովիկ Արսենյանի խոսքերով` հիշյալ փաստաթուղթը կանխամտածված ի հայտ է բերվել որպես սպառնալիք եւ ճնշման միջոց:

«Շամշյան, լռի’ր, ընդունի’ր մեղքդ, այլապես հետդ ավելի խիստ կվարվենք, որովհետեւ պատիժդ մարված չէր, եւ կդիտվի որպես ծանրացնող հանգամանք: Սա է ողջ նպատակը. ուղղակի ամոթ է,- դատարանում հայտարարեց Հովիկ Արսենյանը եւ միջնորդեց, որպեսզի դատարանի պահանջով ներկայացվի, թե 2007 թ. հուլիսի 16-ից մինչեւ օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածը Գ. Շամշյանը քանի անգամ է անցագիր ստացել համապատասխան հիմնարկ այցելելու համար:-Դրանից ակնհայտորեն պարզ կլինի, որ մինչեւ օգոստոսի 5-ը իմ պաշտպանյալը վերցված է եղել հաշվառման»:

«Իսկ եթե այդպես չէ, ուրեմն դա համապատասխան աշխատակիցների անփութության արդյունքն է, եւ կխնդրեի, որպեսզի վերծանվեին այդ ամսվա իմ հեռախոսազրույցները, որոնք կփաստեն, որ հուլիսի 16-ից 20-ը ես մի քանի անգամ ներկայացել եմ այլընտրանքային պատիժների կատարման բաժին: Եւ եթե ժամանակին ինձ չեն հաշվառել կամ դա արել են 20 օր անց, ապա դա նրանց մեղքն է»,- ավելացրեց Գագիկ Շամշյանը:

Դատավոր Արմեն Խաչատրյանը միջնորդությունը մերժեց` նշելով, որ եթե որեւէ պաշտոնատար անձ թերացել է իր պարտականությունները կատարելիս, ապա պաշտպանական կողմն իրավունք ունի դիմել պատկան մարմիններին` քրեական գործ հարուցելու խնդրանքով:

Այնուհետեւ փաստաբան Հովիկ Արսենյանը միջնորդեց դատարան հրավիրել եւ որպես վկա հարցաքննել մի շարք անձանց, «որոնք ներկա են եղել օգոստոսի 5-ի Սմբատ Այվազյանի դատավարությանը եւ իրենց ցուցմունքներով դատարանին հնարավորություն կտան իրականացնել բազմակողմանի քննություն եւ վեր հանել օբյեկտիվ ճշմարտությունը»:

Արսենյանը սա կարեւորեց հատկապես այն համատեքստում, որ դատակոչվել եւ դատարանի կողմից հարցաքննվել են միայն դատարանի կարգադրիչները եւ նիստերի քարտուղարը, ովքեր ուղղակի գործով շահագրգիռ կողմ են:

Գագիկ Շամշյանն էլ միջնորդեց փորձաքննության ենթարկել իր ֆոտոխցիկը, ինչը, ըստ նրա, կապացուցի, որ այն նաեւ ձայնագրիչ է, ու նշյալ դատական նիստին ինքը ոչ թե լուսանկարել, այլ պարզապես ձայնագրել է:

Հայտարարված կեսժամյա ընդմիջումից հետո դատավորը ներկայացված միջնորդություններն ամբողջությամբ մերժեց` նշելով, թե ֆոտոապարատի մասով բարձրացված խնդիրն առաջադրված մեղադրանքի հետ կապ չունի, իսկ վկաներին հրավիրելիս պաշտպանական կողմը չի նշել նրանց հասցեները, ինչը դատարանին զրկել է նրանց ծանուցագրեր ուղարկելու հնարավորությունից:

Գագիկ Շամշյանն այս անգամ միջնորդեց որպես վկա դատարան հրավիրել դատավոր Գագիկ Ավետիսյանին, «քանի որ քրեական գործի մեխն այն է, որ ես վիրավորել եմ հենց նրան»,- ասաց Շամշյանը:

«Մի քանի անձանց մասով միջնորդություն ներկայացնելուց ներառեիք նաեւ Գագիկ Ավետիսյանի անունը: Քանի որ դա չեք արել, որպես անժամանակ միջնորդություն, դատարանը թողնում է այն առանց քննության»,- նշեց դատավոր Արմեն Խաչատրյանը եւ հայտարարեց, որ դատարանն անցնում է վիճաբանությունների փուլին:

«Դատավորները մեկը մեկից էստաֆետներ են փախցնում, թե ով ավելի շատ օրենք կխախտի եւ արդարադատության դեմ հանցագործություններ կգործի,- նիստից հետո «Հետքին» ասաց փաստաբան Արսենյանը: – Սա մեծ դժբախտություն է, երբ կան ականատես վկաներ եւ միջնորդում ենք նրանց հարցաքննել, բայց հանիրավի մերժում են: Դատարանը միջնորդության ժամանակ հասցեների վերաբերյալ հարց չդրեց, որովհետեւ արդեն իսկ պաշտպանական կողմը միջնորդության ընթացքում նաեւ ասաց, որ կարող ենք մեր նախաձեռնությամբ այդ վկաներին հրավիրել դատարան»:

Գագիկ Շամշյանն էլ ավելացրեց, որ պատրաստվում է դիմել Հայաստանում գրանցված դիվանագիտական ներկայացուցչություններին եւ միջազգային կառույցներին, «որովհետեւ ակնհայտորեն խախտվում է ազատ խոսքի իրավունքը, ԶԼՄ-ների մասին օրենքը: Որպես լրագրող խոչընդոտել են իմ մասնագիտական գործունեությանը, եւ դրա հետ կապված ոչ թե պատասխանատվության է ենթարկվում դատավորը, այլ հետապնդվում է լրատվամիջոցը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter