HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Պատմություն այն մասին, թե ինչպես «ընկավ» լրագրող Դավիթ Ջալալյանը

«Ա1+»-ի լրագրող Դավիթ Ջալալյանը ոստիկանության Կենտրոնի բաժնում բացատրություն է տվել, որ ապրիլի 8-ի երեկոյան Հյուսիսային պողոտայում իրեն ոչ թե ոստիկանները ծեծել են, այլ պարզապես ետ-ետ է գնացել ու մեջքի վրա վայր ընկել, ինչից էլ ստացել է վնասվածքները: Այս մասին «Հետքին» հաղորդեցին ոստիկանության մամլո ծառայությունից:

Հիշեցնենք, որ «մեջքի վրա ընկած» լրագրողը վնասվածք էր ստացել որովայնի շրջանում, ինչը հստակ երեւում է նաեւ դեպքից հետո արված լուսանկարներում: Դրանց հետ միասին «Ա1+»-ի կայքէջում տեղադրված է նաեւ Դավիթի տեսաձայնագրառումը, որտեղ ֆիքսված է, թե ինչպես են ոստիկանները Հյուսիսային պողոտայում հավաքված քաղաքացիներին քաշքշում: Նկարահանումն ավարտվում է այն պահին, երբ ոստիկաններից մեկը (կադրում դեմքը չի երեւում) Դավիթին ասում է` «Արա, դե հերիք ա, էլի…», ու սկսվում է «վայր ընկնելու գործընթացը»:

Դեպքից հետո «Ա1+»-ը գրեց, որ լրագրողին ծեծի է ենթարկել անձամբ ՊՊԾ-ի պետ Ռոբերտ Մելքոնյանը` հարվածելով դեմքին եւ որովայնին, որից հետո ծեծը շարունակել են մյուս ոստիկանները:

«Շտապօգնության» բրիգադը Դավիթ Ջալալյանին տեղափոխել էր Հանրապետական հիվանդանոց: Բուժօգնություն ցուցաբերելուց հետո բժիշկները նշել էին, որ լրագրողի կյանքին վտանգ չի սպառնում, բայց որոշ ժամանակ նա պետք է մնա բժիշկների հսկողության տակ:

Հիվանդանոցում ոստիկանները Դավիթին չեն այցելել: Բայց մեր տեղեկություններով` նույն օրը գիշերը ոստիկանության Կենտրոնի բաժնի երկու աշխատակից այցելել են լրագրողի բնակարան եւ վերջինիս սպառնացել: Արդյունքում ծնվել է «վար ընկնելու բացատրությունը»:

Դավիթ Ջալալյանը հրաժարվում է պատասխանել մեր հարցերին` «ոստիկանության հետ ավելորդ պրոբլեմներ չունենալու» պատճառաբանությամբ:

Միջադեպի առթիվ ոստիկանություն է հրավիրվել «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» օրաթերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

«Ես ասել եմ, որ ոստիկանները քաշքշում էին Դավիթին եւ խոչընդոտում նրան կատարել իր մասնագիտական պարտականությունները: Բայց նրան ծեծելու վերաբերյալ ոչինչ չեմ հայտնել, որովհետեւ այդպիսի բան չեմ տեսել»,- պատմում է Գ. Շամշյանը:

Դեպքը տեղի է ունեցել բազմաթիվ մարդկանց ներկայությամբ: Թե ոստիկանությունն ինչո՞ւ է միայն Շամշյանի հրավիրել իր մոտ պարզաբանման համար, անհասկանալի է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter