HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Դատարանը լրագրող Գագիկ Շամշյանին մեղավոր ճանաչեց

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» օրաթերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի դատավարությունն ավարտվեց: Նախորդ նիստում մեղադրող Լեւոն Չարխիֆալակյանը միջնորդել էր «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» համար Շամշյանին տուգանել նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Հիշեցնենք, Գ. Շամշյանը մեղադրվում է 2008 թ. օգոստոսի 5-ին Սմբատ Այվազյանի դատաքննության ժամանակ դատավոր Գագիկ Ավետիսյանի կարգադությանը չենթարկվելու եւ վերջինիս վիրավորելու մեջ:

Իր պաշտպանական ճառում փաստաբան Հովիկ Արսենյանը նշեց, թե անհրաժեշտ է դադարեցնել «լրագրողի նկատմամբ շինծու եւ հանիրավի քրեական հետապնդումը», որովհետեւ այն իրականացվում է միայն դատական կարգադրիչների ցուցմունքների հիման վրա:

«Չորրորդ վկայի` դատական նիստերի քարտուղարի ցուցմունքների մասին չեմ էլ ուզում հիշատակել, որովհետեւ վարույթն իրականացնող մարմինը նրան ավելի շատ ասպիսի հարցեր է տվել` «կարգադրիչներն այ սենց բան են ասել կամ լսել, Դուք ի՞նչ կասեք» եւ այլն: Նման ձեւով է հարուցվել քրեական գործը»,- ասաց Հ. Արսենյանը եւ միջնորդեց քրեական գործը կարճել` հանցակազմի բացակայության պատճառով:

Գագիկ Շամշյանը միացավ իր պաշտպանի միջնորդությանը եւ հրաժարվեց ոչ միայն պաշտպանական ճառ ասելուց, այլեւ վերջին խոսքից:

«Միայն ուզում եմ ասել, որ ես կատարել եմ իմ մասնագիտական պարտականությունները, իսկ դատավոր Գագիկ Ավետիսյանը խոչընդոտել է ոչ միայն իմ, այլեւ տվյալ դատական նիստին ներկա լրագրողների աշխատանքին»,- նշեց Շամշյանը: Նրա խոսքերով` «Գագիկ Ավետիսյանի խարդավանքների պատճառով» բազմաթիվ նման միջադեպեր են եղել, եւ նույն այդ «խարդավանքներին հետեւանքով է, որ դատարանի կարգադրիչները սուտ ցուցմունքներ են տալիս»:

«Այդ առիթով ուզում եմ մեջբերել մեծ մտածող Չեստերֆիլդի խոսքերը. «Սուտն ու խարդավանքը հիմարների ու վախկոտների ապաստանն է»,- ասաց լրագրող Շամշյանը:

Դատավոր Արմեն Խաչատրյանը 4-ժամյա ընդմիջումից հետո հրապարակեց դատավճիռը. «Գագիկ Շամշյանին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում եւ նրան տուգանել նվազագույն աշխատավարձի 350-ապատիկի չափով»:

Գագիկ Շամշյանը վստահեցնում է, որ եթե Վարաքննիչ դատարանն այս վճիռը չբեկանի, դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter