HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Վանաձորի ճանապարհները մասամբ են վերականգնվել, իսկ 3600 ընտանիք մինչ օրս քարուքանդ եղած բնակարաններում է ապրում

Վանաձորի Թատերական հրապարակում երեկ կայացած գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի  հանրահավաքի մասնակիցները պետական ու համայնքային նշանակության հիմնարկ-հաստատությունների ներկայացուցիչներ էին՝ քաղաքապետարանի և մարզպետարանի աշխատակիցներ, բուժաշխատողներ, պետական թատրոնի դերասաններ, պետական ինստիտուտի, հանրակրթական դպրոցների ու մանկապարտեզների կոլեկտիվներ՝ իրենց սաներով՝ ուսանողներ, աշակերտներ, նույնիսկ մանկապարտեզի երեխաներ, ՀՀԿ-ականներ, երկրապահ կամավորականներ, վետերաններ: Հրապարակում էր նաև Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը:

Լոռու ներկայիս մարզպետը նախ շնորհակալություն հայտնեց վանաձորցիներին խորհրդարանական ընտրություններում «ՀՀԿ-ի տարած փայլուն հաղթանակի համար», ապա դիմելով նրանց՝  ասաց, որ դարձյալ նմանատիպ խնդրի առջև են կանգնած, և առաջիկա ընտրություններն էլ ոչ պակաս կարևոր են խորհրդարանականից. «Պատահական չէ, որ այսօր այս հրապարակը այսքան բազմամարդ է»,-ասաց Արթուր Նալբանդյանը: Ապա մարզպետը ներկայացրեց Սամվել Դարբինյանին՝ որպես ՀՀԿ-ի թեկնածու, որին «մի ամբողջ քաղաքական ուժ, քաղաքական ուժերի կոալիցիա» է սատարում՝ ՀՀԿ խորհուրդը, գործադիր մարմինը՝ ՀՀ նախագահի ղեկավարությամբ:

Անդրադառնալով նախընտրական քարոզարշավին՝ մարզպետն ասաց, որ մյուս թեկնածուներն այնպիսի խոստումներ են տալիս, որոնք վաղուց արդեն լուծում են ստացել Դարբինյանի կողմից:

«Կան քաղաքական ուժեր, անհատներ, ովքեր, երբևիցե չլինելով քաղաքական դաշտում, խոստումներ են տալիս, այնպիսի խոստումներ, որ ինձ թվում է՝ Վանաձորը ընտրություններից հետո ընդհանրապես խնդիրներ, պրոբլեմներ չի ունենալու: Այնպիսի խոստումներ, որ ՀՀԿ-ն իր թեկնածուի գլխավորությամբ՝ հանձինս Սամվել Դարբինյանի, վաղուց այդ խնդիրներին տեղյակ է, և խնդիրները իրենց լուծումները ստացել են: Շատ լուրջ աշխատանքներ են կատարվել այս տարիների ընթացքում»,-վստահեցրեց մարզպետ Նալբանդյանը:

Սամվել Դարբինյանն այդ աշխատանքները ներկայացրեց միայն տեսական թվարկումով. «13 տարի առաջ դուք ձեր քվեով սատարեցիք ինձ, և ես ձեր հետ ձեռնամուխ եղա մեր քարուքանդ եղած, երկրաշարժի միջոցով անցած, պատերազմի միջով անցած և շրջափակում տեսած հայրենի քաղաքը: Քաղաք, որը ավիրվել էր, և շատ-շատ խնդիրներ ուներ: Վանաձորցիներիս հետ միասին մենք սկսեցինք կառուցել մեր հանրակրթական դպրոցները, մանկապարտեզները, երաժշտական ու սպորտի դպրոցները, մշակույթի տները: Ձեռնամուխ եղանք զարգացնել մեր քաղաքի և մշակութային կյանքը, և վերականգնել ամբողջ կոմունալ –կենցաղային տնտեսությունը: Այս տարիների ընթացքում մենք ձեռքբերումներ ունեցանք»:

Քաղաքապետը 1 առարկայական «ձեռքբերում» մատնանշեց և բազում խնդիրներ, որոնք նրա պաշտոնավարման 13 տարիների ընթացքում դեռևս լուծում չեն ստացել: «Մասամբ կարողացանք նաև վերականգնել մեր ճանապարհները, լուսավորեցինք այն, և այժմ արդեն, երբ որ բավականին ձեռքբերումներ ունենք, անցնում ենք զարգացման մի նոր փուլ, փուլ, որում մենք պետք է վերակառուցենք, վերականգնեք մեր երկրաշարժի հետևանքով ամրացման ենթակա բոլոր շենքերը և վերադարձնենք այն 3600 ընտանիքների, որոնք մինչև օրս ապրում են այդ քարուքանդ եղած բնակարաններում: Մենք խնդիր ունենք վերականգնել բազմաբնակարան շենքերի տանիքները, շքամուտքները, ասֆալտապատենք նրանց բակերը և երեխաների համար ստեղծենք նոր խաղահրապարակներ, իսկ մեծերի համար խաղասենյակներ: Մենք խնդիր ունենք՝ կանաչապատ մեր քաղաքում ստեղծենք զբոսաշրջություն, զարգացնենք մանր և միջին բիզնեսը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter