HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընդդեմ օտարալեզու դպրոցների նախաձեռնության առաջարկները՝ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերին

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը 2012թ. ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու դաշինքներին առաջարկում է հետևյալ կետերը ներգրավել իրենց նախընտրական ծրագրերում.

1. «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները

1.1 Վերացնել «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում 2010 թ կատարված փոփոխությունները, որոնցով օրենսդրորեն ամրագրվում է Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու իրավունքը:

2. Հասարակական միջավայր

2.1 Լեզվի տեսչությունն իր կատարած աշխատանքների վերաբերյալ հանրությանը և Ազգային ժողովին պետք է ներկայացնի տարեկան հաշվետվություններ, ամբողջ ծավալով կատարի  իր գործառույթները` հայտնաբերել և արդյունավետ միջոցառումներով վերացնել Լեզվի մասին օրենքի խախտումներն այն կազմակերպությունների կողմից, որոնց գրագրությունը, պիտակները, ցուցանակները, գովազդային վահանակները միայն օտարալեզու են:

2.2 Ստեղծել Լեզվի պետական տեսչության պաշտոնական կայք, ուր կտեղադրվի տեղեկատվություն համապատասխան օրենքների պահանջների, տեսչության գործունեության արդյունքների, անցկացրած ստուգումների և դրանց արդյունավետության մասին:

Կայքի, սոցցանցերի և հեռախոսային թեժ գծի միջոցով հնարավորություն ընձեռել քաղաքացիներին տեղեկացնել տեսչությանը «Լեզվի մասին օրենքի» խախտումների մասին և հետագայում կայքով տեղեկացնել համապատասխան քայլերի ձեռնարկման վերաբերյալ:

2.3 Հանձնարարել կառավարությանն Էկոնոմիկայի նախարարության միջոցով ստեղծել կարգ, ըստ որի` բոլոր նորաստեղծ տնտեսվարող հիմնարկները գրանցման ժամանակ կտեղեկացվեն «Լեզվի մասին» օրենքի համապատասխան պահանջների մասին:

3. Կրթություն

3.1 Հայերեն թարգմանված ու տեղայնացված նորարարական կրթական ծրագրերի ներմուծումը և այդ գործընթացի շարունակականությունն ապահովող համակարգի ստեղծումը:

Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում աշխարհում ի հայտ են եկել միջնակարգ կրթական ծրագրեր, որոնք գնալով ավելի մեծ տարածում են գտնում ժամանակակից բովանդակության ընտրության և մատուցման արդյունավետ լուծումների շնորհիվ: Դրանցից մեկն է Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագիրը: Այս պահին հայերենը ներառված չէ այն լեզուների ցանկում, որոնցով կատարվում է այդ ծրագրով դասավանդումը, այն դեռևս չի կարող տեղ գտնել հայալեզու դպրոցներում, և այդպիսով զգալիորեն հարստացնել կրթական մոտեցումների բազմազանությունը: Այսպիսով, վտանգվում է միջնակարգ կրթության ոլորտում հայերենով ժամանակակից մեթոդներով որակյալ կրթության ապահովումը:

Անհրաժեշտ է լիակատար թարգմանել և տեղայնացնել վերոնշյալ ծրագիրը:

Ծրագրի  թարգմանության, համապատասխան դպրոցներում ներդրման, Միջազգային բակալավրիատի կազմակերպության կողմից հայերեն ծրագրի պաշտոնական ճանաչման համար հանձնարարել Կառավարությանը Կրթության և գիտության նախարարության միջոցով հիմնել կազմակերպություն, որին կարող են միանալ մասնավոր և պետական հաստատություններ, համապատասխան մասնագետներ:

3.2 Համացանցային որակյալ կրթական բովանդակության հայացումը և ներմուծումը կրթական միջավայր` կրթության աստիճանական մեդիականացման միջոցով:

Աստիճանաբար մեծանում է անգլիալեզու կրթական բովանդակության և հեռավար կրթության ծավալը համացանցում, այն թույլ է տալիս հեռակա ռեժիմում ստանալ տարբեր կրթական աստիճաններ: Հայաստանում գոյություն չունեն նման առցանց աղբյուրներ:

Հանձնարարել Կրթության և գիտության նախարարությանը, ուսումնասիրելով միջազգային փորձը, ստեղծել առցանց հայերեն կրթական ծրագրեր, իսկ այն արժեքավոր  կրթական առցանց ծրագրերը, որոնք թարգմանության հնարավորություն են տալիս թարգմանել հայերեն:

3.3 Ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը, առաջին հերթին  անգլերենի, այն գործիքն է, առանց որի դժվարանում է մարդու մասնագիտական առաջխաղացումը, հաղորդակցությունը տարբեր հանրությունների ու անհատների հետ, բազմակողմանի տեղեկատվություն ստանալու հնարավորությունը, հետաքրքրությունների ոլորտի ընդլայնումը: Բազմաթիվ պետություններ պետական միջոցներ չեն խնայում իրենց ազգային հանրակրթական դպրոցներում անգլերենի ուսուցումն արդյունավետ դարձնելու համար: Հայաստանում թեև դպրոցներում դասավանդվում են օտար լեզուներ, սակայն որակն այնքան ցածր է, որ շրջանավարտներն անգամ լեզվի տարրական գիտելիքներ չեն ստանում: Այս իրավիճակը նպաստում է, որ շատ ծնողներ ձգտեն իրենց զավակներին տալ օտարալեզու կրթության: Այն ծնողները, ովքեր մի փոքր ֆինանսական հնարավորություն են ունենում, իրենց զավակներին տալիս են անգլերենի մասնավոր դասերի: Այս իրավիճակում հայկական դպրոցներում աշակերտներին բարձրորակ անգլերեն ուսուցանելու և դրա շնորհիվ անգլերենի դասավանդման որակի նկատմամբ վստահությունը մեծացնելու համար անհրաժեշտ է բարեփոխումներ կատարել անգլերենի ուսուցման բնագավառում: 

Հանրակրթական դպրոցներում անգլերենի ուսուցման որակը բարձրացնելու նպատակով ներմուծել անգլերենի դասավանդման ժամանակակից արդյունավետ ծրագրեր, անգլերենի ուսուցիչներին վերապատրաստել միջազգային վերապատրաստման դասընթացներում կամ Հայաստանում ստեղծել անգլերենի ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման միջազգային չափանիշներին համապատասխան հաստատություն:

4 Տեխնիկական հնարավորություններ

4.1 Կառավարությանը հանձնարարել ստեղծել թվանշային տեխնոլոգիաների հայացման կազմակերպություն, որը պետք է.

ա) Իրականացնի անհրաժեշտ աշխատանքներ` ՀՀ -ում վաճառքի հանվող բոլոր համակարգիչներում հայերեն օպերացիոն համակարգերի և հայերեն ստեղնաշարերի, իսկ բոլոր բջջային հեռախոսների մեջ հայերեն հրամանացանկերի տեղադրման, հայկական տառերը տեսնելու և հայոց այբուբենով գրելու հնարավորության ստեղծման ուղղությամբ: Անհրաժեշտության դեպքում՝ համագործակցել համապատասխան միջազգային ընկերությունների հետ՝ տեխնիկական հնարավորություններ ստեղծելու համար:

բ) Խրախուսի դրամաշնորհներով կամ այլ միջոցներով թվանշային հետևյալ գործիքների ստեղծումը.

•           Հայերենի բառարանների (բացատրական, հոմանիշների, լեզվի դարձվածքների և այլն) էլեկտրոնային տարբերակներ, բառագանձ շտեմարաններ (թեզաուրուսներ):

•           ուղղագրիչ ծրագրեր տարբեր ծրագրային միջավայրերի համար

•           թարգմանիչներ՝ տարբեր մասնագիտական բնագավառների համար (Գուգլ, ԱԲԲԻԻ եւ այլ ընկերությունների հետ համագործակցելով)

•           ստեղնաշարի սարքավարներ (դրայվերներ), վերայլագրիչներ (վերակոդավորիչներ):

•           համացանցում հայալեզու (հայերեն բառակազմությունն ընդգրկող, ստեղնաշարի դասավորությունը, կոդավորումը ուղղող, սրբագրող եւ այլ  ծառայություններով օժտված) որոնման համակարգ։

•           հայերենի քերականական, բառարանային գիտելիքների վերաբերյալ կայքեր, ուր կզետեղվեն ընդարձակ տեղեկություններ հայոց լեզվի մասին, հարցեր ուղղելու և պատասխաններ ստանալու հնարավորություն քերականական, ուղղագրական և լեզվական այլ խնդիրների վերաբերյալ (Ռուսաստանում գործում է պետության նախաձեռնությամբ հիմնված և պետության կողմից ֆինանսավորվող այդպիսի грамота.ру (gramota.ru) կայքը):

գ) Նպաստի օգտագործողների շրջանում այդ հնարավորությունների մասին տեղեկատվության տարածմանը և լայն կիրառմանը:

դ) Միջոցներ ձեռնարկել հայատառ տիրույթային (domain) անունների հնարավորության ստեղծման և օգտագործման համար (ինչպես օրինակ լատինատառ aravot.am-ից բացի հնարավորություն ստեղծվի ունենալ առավոտ.հա), ինչպես դա արդեն արվել է բազմաթիվ այլ երկրներում (օրինակ՝ Ռուսաստանի Դաշնության՝ .рф, Ուկրաինա՝ .укр): Քաղաքացիներին և Հայաստանում գրանցված կազմակերպություններին հնարավորություն տալ գրանցել հայատառ տիրույթային մեկ անվճար անուն:

5. Թարգմանական գրականություն

5.1 Նոր ձևավորվող քաղաքակիրթ պետություններն իրենց առաջնահերթ խնդիրն են դարձնում համաշխարհային ծանրակշիռ և ազդեցիկ հումանիտար (գեղարվեստական, փիլիսոփայական և այլ) գրականության թարգմանությունը, որը նպաստում է ազգային լեզվի մրցունակության բարձրացմանը, իր քաղաքացիներին մայրենի լեզվով կրթված լինելու հնարավորություն տալիս, հարստացնում ազգային մշակույթը: Առաջին թարգմանական մշակույթ ունեցող ազգերից մեկն այսօր թարգմանության բնագավառում վերջին տեղերում է գտնվում: Այս իրավիճակը սպառնում է հայերենը մղել կենցաղային լեզուների շարքը:

Անհրաժեշտ է մշակել համաշխարհային գրականությունը հայերեն թարգմանելու ազգային ծրագիր: Այդ նպատակով Կառավարության նախաձեռնությամբ ստեղծել տեղական և սփյուռքի տարբեր բնագավառների մասնագետներից բաղկացած հանձնաժողով, որը կորոշի թարգմանության արժանի գրականության ցանկը, թարգմանության հետ կապված խնդիրները, դրանց հաղթահարման ճանապարհները (մի շարք լեզուների մասնագետների պատրաստման խնդիրը և այլն): Ծրագիրն իրականացնել ինչպես բյուջետային, այնպես էլ այլ միջոցներով:

6. Գրահրատարակչություն

6.1 Մայրաքաղաքում հայերեն գրքեր վաճառող երեք-չորս գրախանութ է մնացել: Հայերեն գրքի հրատարակությունը շահավետ չէ, քանի որ շուկան սահմանափակ է և երկրի սոցիալական վիճակը թույլ չի տալիս մարդկանց գիրք գնել: Շատ ավելի զարգացած և մեծ շուկա ունեցող երկրներում գրահրատարակչությունը զարգացնելու համար այդ ոլորտի հարկերը իջեցնում են: Սակայն Հայաստանում ոչ միայն հարկերը չեն նվազեցվում, այլ հակառակը` 2011թ. դեկտեմբերին ընդունված «Ավելացած արժեքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով» գրքի գնի մեջ մտցվում է ԱԱՀ, որի պատճառով գիրքը թանկանում է 20 տոկոսով:

Անհրաժեշտ է գրքերի վաճառքից հանել ավելացած արժեքի հարկը և մշակել գրահրատարակչությունը զարգացնելու համար հայեցակարգ: 

7. Հեռուստատեսություն

7.1 Օտարալեզու ֆիլմերի համար ապահովել պարտադիր հայերեն թարգմանություն, իսկ օտարալեզու կամ մասամբ օտարալեզու, այդ թվում` ուղիղ եթերում հեռարձակվող հաղորդումների համար` զուգահեռ հայերեն թարգմանություն:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբ
20.02.2012
թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter